Արսենալի նախկին ֆուտբոլիստը մարդկային կյանքեր է փրկում?

Արսենալի նախկին ֆուտբոլիստը մարդկային կյանքեր է փրկում?

03/05/2020 - 00:13

Նվանկվո Կանուն անգլիական Պրեմիեր լիգայի ամենավառ ֆուտբոլիստներից մեկն էր։ Շատերը նրան նույնիսկ համարում են Պրեմիեր լիգայի լեգենդներից մեկը։ Հատկապես հիշարժար էր 1999 թվականին «Արսենալի» կազմում նրա հեթ-տրիկը «Չելսիի» դարպասը։

2008 թվականին Կանուն միջակ «Պորսթմուտի» հետ նվաճեց Անգլիայի գավաթը։ Այդ խաղում հենց նիգերիացի ֆուտբոլիստը դարձավ հաղթական գոլի հեղինակ՝ ակումբին պարգևելով եզակի տիտղոսներից մեկը։ «Պորթսմուտը» «Ուեմբլի» մարզադաշտում 1։0 հաշվով հաղթեց «Քարդիֆ Սիթիին»՝ դառնալով կրկանկի գավաթակիր։

Սակայն, այս ամենի մասին հնարավոր է չխոսեինք, եթե Կանուն կարիերայի հենց սկզբում չկարողանար այլևս ֆուտբոլ խաղալ։ 1996 թվականին, երբ նիգերիացի ֆուտբոլիստը հանդեր էր գալիս «Ինտերի» կազմում, բժիշկները նրա մոտ սրտի արատ ախտորոշեցին։

Բժիշկները ստիպված էին շտապ վիրահատել ֆուտբոլիստին։ Չորս ժամ տևած դժվար վիրահատության ժամանակ փոխվեց նրա սրտի փականներից մեկի աորտան, ինչից հետո ֆուտբոլիստը վերականգնվում էր մոտ 14 ամիս։ Դրանից հետո նա ֆուտբոլ խաղաց ևս 16 տարի։

Այդ պահից սկսած Կանուն սկսեց ավելի շատ մտածել մարդկային կյանքի մասին՝ 2001 թվականին հիմնելով «Կանուի սրտի հիմնադրամը»։ Այդ հիմնադրամի շրջանակում Կանուն սկսեց փրկել ծանր հիվանդություններ ունեցող մարդկանց կյանքեր։

2000 թվականի ձմռանը Կանուն Նիգերիայի հավաքականի հետ մասնակցում էր մարզական հավաքի։ Հավաքակի ժամանակ Կանուի մոտ հյուրանոց եկավ իր երեխային գրկած մի կին։ Այդ կինը աղաչում էր Կանուին, որ փրկի իր դստեր կյանքը։ Աղջկան անհրաժեշտ էր շտապ վիրահատություն, որի գումարը կնոջ ընտանիքը չուներ։ Լսելով Կանուի հիմնադրամի մասին՝ այդ աղջկա մայրը հասկացել էր, որ նիգերիացի ֆուտբոլիստն իր վերջին հույսն է։

Հենց այն պահին, երբ այդ կինը Կանուին բացատրում էր եղելությունը, նրա դուստրը ցավերից ուշագնաց եղավ։ «Ես մինչ այժմ հիշում եմ այդ ցավալի ճիչը։ Այդ աղջկան շտապ վիրահատություն էր անհրաժեշտ։ Փառք Աստծո, նա չմահացավ։ Հիվանդանոցում երեխայի մայրիկին խոստացա, որ առաջին երեխան, ում կյանքը մենք կփրկենք, կլինի հենց նրա դուստրը»,- տարիներ անց վերհիշել է Կանուն։

Ակնհայտ է, որ այդ դեպքից հետո Կանուի՝ մարդկանց փրկելու ցանկությունը բազմապատկվեց՝ հասկանալով, որ հենց դա է կյանքի իմաստը։ Վերջերս «Արսենալի» նախկին հարձակվողներից Էմանուել Ադեբայորը սկանդալային հայտարություն էր արել․

«Ցավալի է, որ ինձ համեմատում են Դիդյեր Դրոգբայի և Սմաուել Էտօ’oյի հետ և հարցնում են, թե ինչու՞ չունեմ որևէ բարեգործական հիմնադրամ կամ ինչու՞ որևէ նվիրատվություն չեմ անում։ Ինձ մոտ տպավորություն է, թե կորոնավիրուսը ես եմ հասցրել Տոգո։ Ես ո՛չ Դրոգբան եմ, ո՛չ էլ Էտօ’oն, ես Էմանուել Ադեբայորն եմ՝ միշտ անելով այն, ինչ ցանկանում եմ։ Ամեն ինչ շատ պարզ է և հասկանալի»,- նշել էր տոգոցի հարձակվողը։

2012 թվականին Կանուն կարծես մարգարեորեն պատասխանել է Ադեբայորի այդ խոսքերին․

«Որպես ֆուտբոլիստ դու հաղթում ես տիտղոսներ և քեզ լավ ես զգում, սակայն մարդկային կյանքեր փրկելն առավել քան կարևոր է։ Ինձ շատերը համարում են լեգենդ, սակայն դա չի նշանակում, որ կարիերայիս ավարտից հետո պետք է մշտապես վայելեմ արձակուրդս, ըմպեմ շամպայն և հեռուստացույց դիտեմ։ Ես այն մարդն եմ, ով ցանկանում է փրկել կյանքեր»․․․

Երկու տարի առաջ բրիտանական The Guradian պարբերականը հայտնեց, որ Կանուի հիմնադրամն արդեն փրկել է 542 մարդու կայնք։ Բնականաբար անցնող երկու տարիների ընթացքում այդ թիվը էլ ավելի աճել է։ Կանուի ամենագլխավոր նպատակը Աֆրիկայում սեփական սրտաբանական կլինիկա հիմնելն է։ Մանկահասական երեխաների վիրահատությունները կիրականացվեն անվճար, իսկ չափահասներինը՝ մասամբ կփոխահուտցվի հիմնադրամի կողմից։

Դժվար է ասել, թե Ադեբայորն ինչով է մտածել այդպիսի բաներ ասելուց առաջ, սակայն Նվանկվո Կանուն ոչ միայն ֆուտբոլային լեգենդ է, այլև հիանալի տղա է, ով փրկում է մարդկային կյանքեր։ Լինել լավագույններից մեկը ֆուտբոլային խաղադաշտում դեռևս բավական չէ, որպեսզի համարվես լեգենդ․․․

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023