Ատլետիկոն երերում է․  «հնդկացիները» շարունակում են  նվերներ մատուցել հետապնդողներին🎥

Ատլետիկոն երերում է․ «հնդկացիները» շարունակում են նվերներ մատուցել հետապնդողներին🎥

12/04/2021 - 00:52

Իսպանական Լա լիգայի 30-րդ տուրի շրջանակում «Բետիսը» «Բենիտո Վիլյամարին» մարզադաշտում մրցեց չեմպիոնության համար պայքարող «Ատլետիկո Մադրիդի» դեմ։

Մադրիյան ակումբի ֆուտբոլիստները բավական ակտիվ սկսեցին խաղը և արդեն 5-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը․ Անխել Կոռայի փոխանցումից հետո աչքի ընկավ Յանիկ Ֆերեյրա Կարասկոն։

Խփած գոլից հետո էլ «Ատլետիկոյի» ֆուտբոլիստները 15-րդ րոպեին կարող էին կրկնապատկել հաշվի տարբերությունը, սակայն Սաուլ Նիգեսի հարվածից հետո «Բետիսի» դարպասապահ Կլաուդիո Բրավոն փրկեց իր թիմին։

20-րդ րոպեին էլ շատերի համար անսպասելիորեն անդալուսական ակումբի ֆուտբոլիստները հավասարեցրին հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Քրիստիան Տելյոն։

Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չտեսանք։

Երկրորդ խաղակեսը հիմնականում անցավ Մանուել Պելեգրինիի սաների լուրջ առավելությամբ, ովքեր մի քանի անգամ իրական գոլային պահեր ստեղծեցին, սակայն «հնդկացիների» դարպասապահ Յան Օբլակը որոշ դրվագներում հրաշքներ էր գործում։ Հատկապես մոտ էին աչքի ընկնելուն Էմերսոնն ու Դիեգո Լայնեսը։

Ինչ վերաբերում է մադրիդյան ակումբին, ապա «Ատլետիկոյի» խաղն ընդհանրապես չէր ստացվում․ «Հնդկացիների» մոտ նկատվում էր հոգնածություն և երկար ժամանակ նրանց որևէ լուրջ գրոհ չէին կարողանում անցկացնել։

Հանդիպման 90+1-րդ րոպեին «Ատլետիկոն», ամեն դեպքում, քիչ էր մնում հաղթանակ կորզեր։ Շիմե Վրսալկոն հարվածային դիրք դուրս բերեց Անխել Կոռեային, սակայն արգենտինացի հարձակվողի հարվածից հետո Կլաուդիո Բրավոն մեծ դժվարությամբ փրկեց «Բետիսին»։

Ի վերջո, այս խաղում այլևս գոլեր չգրանցվեցին, իսկ այն ավարտվեց 1։1 հաշվով։

Այսպիսով, «Ատլետիկո Մադրիդը» կրկին միավորներ է կորցնում։ Այս ոչ-ոքիից հետո Դիեգո Սիմեոնեի թիմը վաստակեց 67 միավոր, շրջանցեց «Ռեալին» և վերադարձավ 1-ին հորիզոնական, սակայն «արքայական» ակումբին գերազանցում է արդեն 1 միավորով։

Նշենք նաև, որ 3-րդ հորիզոնականը զբաղեցնող «Բարսելոնայի» ակտիվում էլ կա 65 միավոր։

Ինչ վերաբերում է «Բետիսին», ապա անդալուսական ակումբը վաստակեց 47 միավոր և բարձրացավ 6-րդ հորիզոնական։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023