Բարսան հիացնում է կամային որակներով․ Կումանի թիմին դուր են գալիս կամային հաղթանակները 🎥

Բարսան հիացնում է կամային որակներով․ Կումանի թիմին դուր են գալիս կամային հաղթանակները 🎥

08/02/2021 - 01:59

Իսպանական Լա լիգայի 22-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում միմյանց դեմ մրցեցին «Բետիսն» ու «Բարսելոնան»։

Գավաթային ծանր հանդիպումներից հետո «Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանը որոշել էր հանգիստ տալ իր թիմի առաջատար Լեո Մեսսիին, ինչն էլ զգացնել էր տալիս կատալոնական ակումբի խաղում, քանի որ առաջին խաղակեսում հյուրերի խաղում առանձնապես սրություն չկար։

«Բետիսն» էլ, ընդհակառակը, օգտվեց «Բարսայի» անատամ խաղից և նախքան ընդմիջման գնալը բացեց խաղի հաշիվը։ 38-րդ րոպեին անդալուսական ակումբն արագ հակագրոհ զարգացրեց, ինչի արդյունքում «Բետիսի» եզրային պաշտպան Էմերսոնն աջ եզրով ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ և փոխանցեց Բորխա Իգլեսիասին, վերջինս էլ առաջ մղեց «վարունգներին»։

56-րդ րոպեին Մանուել Պելեգրինիի սաները շատ մոտ էին հաշիվը կրկնապատկելուն, սակայն նպաստավոր դիրքից Խունամիի կատարած հարվածից հետո «Բարսային» փրկեց Մարկ-Անդրե Տեր Շտեգենը։

Այդ դրվագը, կարելի է ասել, վճռորոշ դարձավ հանդիպման հետագա զարգացումների համար, քանի որ արդեն 57-րդ րոպեին փոխարինման դուրս եկավ Լեո Մեսսին՝ անելով իր «սև» գործը։ Արգենտինացի ֆուտբոլիստն ընդամենը 2 րոպե անց հավասարեցրեց հաշիվը։

68-րդ րոպեին արդեն Կումանի սաները հաշվի մեջ առաջ անցան։ Խառը իրավիճակում «Բետիսի» կենտրոնական պաշտպան Վիկտոր Ռուիսը գրավեց սեփական դարպասը։

Սակայն, անդալուսական ակումբը չէր պատրաստվում հանձնվել, ինչի արտացոլանքն էլ եղավ այն, որ «Բետիսը» 72-րդ րոպեին կրկին վերականգնեց հաշվի հավասարակշռությունը։

Տանտերերը հարձակման ձախ եզրում տուգանային հարվածի իրավունք էին վաստակել․ Նաբիլ Ֆեկիրի կատարած բարձր փոխանցումից հետո Վիկտոր Ռուիսն ուղղեց իր սխալը՝ հաշիվը դարձնելով 2։2։

Թվում էր՝ խաղն ավարտվելու է 2։2 հաշվով, սակայն այդ սցենարի ու արդյունքի հետ համաձայն չէին կատալոնական ակումբի ֆուտբոլիստները, հատկապես՝ Ֆրանսիսկո Տրինկաոն, ով 87-րդ րոպեին ձախ ոտքի գեղեցիկ հարվածով հաղթանակ պարգևեց իր թիմին։

Այսպիսով, «կապտանռնագույնները» ծանր ու բարդ խաղում հաղթեցին 2։3 հաշվով, վաստակեցին 43 միավոր, շրջանցեցին «Ռեալին»՝ բարձրանալով 2-րդ հորիզոնական։ «Արքայական» ակումբը նույնպես 43 միավոր ունի, սակայն լրացուցիչ ցուցանիշներով հենց «Բարսան» է 2-րդը։

«Բետիսն» էլ մնաց 30 միավորով և զբաղեցնում է 7-րդ հորիզոնականը։

Վերջում հավելենք, որ «Բարսելոնան» վերջին 16 պաշտոնական խաղերում կրել է ընդամենը 1 պարտություն՝ այդ ընթացքում տանելով 13 հաղթանակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023