Տոտենհեմն ուշքի է գալիս երկու ծանր պարտություններից հետո 🎥

Տոտենհեմն ուշքի է գալիս երկու ծանր պարտություններից հետո 🎥

22/03/2021 - 01:24

Անգլիական Պրեմիեր լիգայի շրջանակում կայացավ դեռևս 18-րդ տուրից հետաձգված «Աստոն Վիլլա» – «Տոտենհեմ» հանդիպումը։

Խաղը մեկնարկեց բավական զուսպ ու հետախուզական պայքարով, սակայն աստիճանաբար տարածքային որոշակի առավելություն ստացան հյուրերը, որոնք սկսեցին վտանգավոր գրոհներ զարգացնել դեպի «Վիլլայի» դարպասը։

«Շնաձկների» խաղային որոշակի առավելությունը շուտով տվեց իր արդյունքը, և հանդիպման 29-րդ րոպեին առաջին իսկ դիպուկ հարվածը հաջողություն բերեց Ժոզե Մոուրինիոյի սաներին։ Գոլի հեղինակ Դարձավ Կառլոս Վինիսիուսը՝ առաջ մղելով իր թիմին։

Խփած գոլից հետո հյուրերը մինչև առաջին խաղակեսի ավարտ ևս մի քանի գրոհ ձեռնարկեցին մրցակցի դարպասի ուղղությամբ, սակայն հաշիվն այդպես էլ մնաց անփոփոխ։ Կողմերն ընդմիջման գնացին լոնդոնյան ակումբի նվազագույն առավելությամբ։

Հատկանշական է, որ ողջ առաջին խաղակեսում«Աստոն Վիլլայի» տղաներն այդպես էլ ոչ մի հարված չկատարեցին մրցակցի դարպասի ուղղությամբ։

Երկրորդ խաղակեսը բավական ակտիվ մեկնարկեցին հյուրերը և արդեն 49-րդ րոպեին կարող էին կրկնապատկել իրենց առավելությունը, սակայն Հարի Քեյնի հարվածից հետո գնդակը շեղ ընթացավ։

Քեյնն իր հնարավորությունը ստացավ հանդիպման 68-րդ րոպեին, երբ մրցակցի ֆուտբոլիստները սեփական տուգանային հրապարակում կոպիտ խաղի համար պատժվեցին 11-մետրանոց հարվածով։ Անգլիացի գոլահարը դիպուկ իրացրեց այն՝ մեծացնելով իր թիմի առավելությունը։

Մինչև հանդիպման ավարտն ազդարարող սուլիչի ձայնը երկու կողմերն էլ հնարավորություն ունեին հաշվի մեջ փոփոխություն մտցնելու, սակայն, ինչպես պարզվեց հետագայում, Քեյնի գոլը վերջինն էր այս խաղում։

Այս հաղթանակից հետո «Տոտենհեմը» 29 հանդիպումներից հետո վաստակեց իր 48-րդ միավորը և շրջանցելով մերսիսայդյան երկու ակումբներին՝ «Էվերտոնին» ու «Լիվերպուլին»՝ հանգրվանեց ԱՊԼ-ի մրցաշարային աղյուսակի 6-րդ հորիզոնականում։

«Աստոն Վիլլան» 10 հորիզոնականում է՝ վաստակած 41 միավորով։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023