Ալաշկերտի ցավալի պարտությունն ու Վահե Գևորգյանի մարզչական հիանալի դոկտրինը

Ալաշկերտի ցավալի պարտությունն ու Վահե Գևորգյանի մարզչական հիանալի դոկտրինը

06/08/2023 - 00:22

Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլում «Ալաշկերտն» ընդհանուր դիմակայությունում զիջեց հունգարական «Դեբրեցենին»` պարտվելով միայն 11-մետրանոցներով։

Այդ դիմակայությունում որքան էլ բարդ էր հավատալ, որ «Ալաշկերտը» կկարողա ինտրիգ հաղորդել, բայց արի ու տես, որ ոչ միայն հավասարը հավասարի պայքար մղեց, այլև մերթընդմերթ նույնիսկ գերազանցեց մրցակցին։

Վահե Գեւորգյանը շատ ճկուն ու համարձակ մարտավարություն էր ընտրել, որին հակառակորդը հավուր պատշաճի արձագանքել այդպես էլ չկարողացավ, ինչն էլ հանգեցրեց, որ «Ալաշկերտը» երկու գոլ խփեց ու հարմարավետ առավելություն ձեռք բերեց։

Առհասարակ, Վահե Գեւորգյանն առաջին անգամը չէ, որ տպավորում է իր մարտավարական մշակույթով։ Հանձին նրա՝ ունենք հայազգի երիտասարդ մարզիչ, ով ոչ միայն մեծ հեռանկար ունի, այլև անընդհատ աշխատում է ու զարգացնում իր մարզչական դոկտրինը:

«Դեբրեցենը», գրեթե ողջ հանդիպման ընթացքում կտրված լինելով խաղից, իր առաջին իսկ լուրջ գոլային գրոհը արդյունավետ հարվածով ավարտեց:

Մարզական բախտը ժպտաց հունգարական ակումբին, այլապես շատ հավանական է, որ գրանցվեր լրիվ այլ արդյունք: Հատկապես, մինչ խաղի միջնամասն «Ալաշկերտը» մարտավարության և նույնիսկ խաղային տեսանկյուններից մի քանի գլուխ բարձր էր մրցակից։

Եվ սա խոսում ենք մի մրցակցի մասին, որն, իհարկե, ունի ավելի բարձր կարգ,ավելի մեծ փորձ ու հունգարական ֆուտբոլի կարկառուն ներկայացուցիչ երից է, սակայն սա «Ալաշկերտին» չխանգարեց իր կամքը թելադրել ու մի լավ տանջել անվանի մրցակցին։ Դա էլ փաստենք, որ եթե «Ալաշկերտը» տասը ֆուտբոլիստներով չմնար, շատ հավանական է, որ բանը 11-մետրանոցների չէր էլ հասնի ու հայկական ակումբին կհաջողվեր հաղթանակի նժարը իր կողմը թեքել։

Ինչեւէ, տասը հոգով տղաները դիմացան որքան կարողացան։ Այո, խաղի այդ ժամանակահատվածում «Դեբրեցենը», իհարկե, պետք է տոտալ առավելություն ունենար և մարզական բախտը ժպտում էր արդեն մեր թիմին, բայց դե դա էլ չլիներ, ի վերջո, սեփական հարկի տակ խաղացող նշանավոր ակումբ, որն այս ամենից զատ, խաղադաշտում քանակական առավելություն ուներ։

«Դեբրեցենը» հաղթեց զուտ վիճակախաղի միջոցով` ինչ-որ մի տեղ նույնիսկ պատահական։ Չմոռանանք, որ առաջին խաղում եղան մի շարք կասկածելի դրվագներ, իսկ երկրորդ մրցավեճում «Ալաշկերտը» հենց խաղով արժանի էր հաղթանակի։

Հատկանշական է, որ հանդիպումից հետո տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ «Դեբրեցենի» գլխավոր մարզիչ Սրջան Բլագոևիչը նույնպես շեշտեց, որ իր թիմը բախտի բերմամբ հաղթահարեց «Ալաշկերտի» արգելքը։

Սերբ մասնագետը հավելեց, որ իրապես հիացած էր «Ալաշկերտի» ցույց տված խաղով, և որ Վահե Գևորգյանի նման բարձր ինտելեկտ ունեցող մարզչի դեռևս չէր հանդիպել։

Այս ամենը ևս մեկ անգամ փաստում է, որ Վահե Գևորգյանը հիանալի աշխատանք էր տարել և, անկասկած, հեռանում է գլուխը բարձր։

Եթե գործեր եվրագավաթային նախկին ձևաչափն, ապա «Ալաշկերտը» մրցակցի հարկի տակ խփած երկու գոլի շնորհիվ կնվաճեր հաջորդ փուլի ուղեգիր։ Ամեն դեպքում ցավալի պարտություն, որը, սակայն հիանալի փորձ էր ոչ միայն «Ալաշկերտի», այլև նրա երիտասարդ գլխավոր մարզիչի համար։

Արդեն ակնհայտ է, որ Վահե Գևորգյանին մեծ ապագա է սպասվում` անկախ այն հանգամանքից, թե որ ակումբի ղեկին կլինի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023