Ալաշկերտը չկարողացավ հաղթահարել Ռեյնջերսի արգելքը🎥

Ալաշկերտը չկարողացավ հաղթահարել Ռեյնջերսի արգելքը🎥

26/08/2021 - 20:52

Եվրոպա լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի պատասխան հանդիպման շրջանակում «Ալաշկերտը» Երևանի Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում մրցեց շոտլանդական «Ռեյնջերսի» դեմ։

Հանդիպման առաջին խաղակեսը գրեթե ամբողջությամբ անցավ հյուրերի առավելությամբ, որի ֆուտբոլիստներն ստեղծեցին մի շարք իրական գոլային պահեր, սակայն որոշ դրվագներում «Ալաշկերտին» փրկեց դարպասապահ Օգնեն Չանչարևիչը, իսկ որոշ դրվագներում` մրցակիցը վրիպեց նպաստավոր դիրքերից։

Առաջին կեսի մեծ մասում Ալեքսանդր Գրիգորյանի սաները շեշտը դրել էին հակագրոհների վրա, սակայն նրանց խաղում գրեթե սրություն չկար։

Դեռ ավելին` 44-րդ րոպեին «Ալաշկերտի» ձախ պաշտպան Ջեյմս Սանթոսը, խաղային դրվագում ոտքով մրցակցի դարպասապահ Ռոբի Մաքրորիի գլխին հարվածելու պատճառով, ստացավ երկրորդ դեղին քարտը և հեռացվեց դաշտից։

Ամեն դեպքում, առաջին կեսում այդպես էլ գոլեր չտեսանք։

Երկրորդ խաղակեսում մեր թիմը շատ ավելի լավ տեսք ուներ` չնայած խաղում էր 10 ֆուտբոլիստներով։

Մեր թիմի հակագրոհներն սկսեցին ավելի վտանգավոր դառնալ. 58-րդ րոպեին աչքի ընկնելուն շատ մոտ էր Ժոզե Էմբալոն, սակայն պորտուգալացի հարձակվողը վրիպեց նպաստավոր դիրքից։

Ժամանակի ընթացքում շոտլանդական ակումբը կրկին նախաձեռնությունը վերցրեց իր ձեռքը, սակայն «Ռեյնջերսի» խաղում էլ առանձնապես ոչինչ չէր ստացվում։

Ի վերջո, այս խաղում գոլեր չգրանցվեցին, որն ավարտվեց 0:0 հաշվով։

Այսպիսով, «Ալաշկերտը» չկարողացավ հաղթահարել «Ռեյնջերսի» արգելքը, սակայն նվաճեց Կոնֆերենցիաների լիգայի խմբային փուլի ուղեգիր` դառնալով առաջին հայկական ակումբը, որը հանդես է գալու որևէ եվրագաթային մրցաշարի եզրափակիչ փուլում։

«Ռեյնջերսն», իր հերթին, դուրս եկավ Եվրոպա լիգայի խմբային փուլ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023