Ավիավթարից՝ չեմպիոնական տիտղոս ու ավագի թևկապ․ Շապեկոենսեի ավագի անհավանական պատմությունը 🎥

Ավիավթարից՝ չեմպիոնական տիտղոս ու ավագի թևկապ․ Շապեկոենսեի ավագի անհավանական պատմությունը 🎥

30/01/2021 - 19:53

2016 թվականի նոյեմբերի 28-ը համարվում է ֆուտբոլի պամտության ամենասև էջերից մեկը։ Բրազիլական «Շապեկոենսե» ակումբը մեկնում էր Կոլումբիա՝ Մեդելին՝ մասնակցելու Հարավային Ամերիկայի (խմբ․՝ Copa Sudamericana – Լիբերտադորեսի գավաթից հետո նշանակությամբ երկրորդ միջազգային գավաթն է Լատինական Ամերիկայում) գավաթի խաղարկության եզրափակչի առաջին հանդիպմանը, որի շրջանակում պետք է մրցեր տեղի «Ատլետիկո Նասյոնալի» դեմ։

Սակայն, բրազիլական ակումբը մրցավայր չի հասնում, քանի որ ավիաաղետի զոհ է դառնում, ինչի հետևանքով ինքնաթիռում գտնվող 77 հոգուց զոհվում են 72-ը։

ԿՈՆՄԵԲՈԼ-ը, իմանալով եղելությունը, չեղարկեց եզրափակիչ հանդիպումը՝ «Շապեկոենսեին» անմիջապես ճանաչելով մրցաշարի հաղթող։

«Շապեկոենսեի» կազմի գրեթե բոլոր ֆուտբոլիստները զոհվում են․ ողջ են մնում միայն դարպասապահ Ֆոլմանը, ինչպես նաև պաշտպաններ Նետոն ու Ալան Ռուշելը։ Ալան Ռուշելն այժմ էլ դեռևս ֆուտբոլ է խաղում և «Շապեկոենսեի» ավագն է։

Իրականում, Ռուշելը հրաշքով է ողջ մնացել։ Նա ստացել էր մեջքի ծանր վնասվածք։ Նրան շտապ վիրահատել էին, սակայն օրեր անց համացանցում տեսանյութ էր հայտնվել, թե ինչպես է ձախ պաշտպանը քայլում։ Այդ օրվանից սկսվել է նրա վերականգնողական շրջանը, ինչը, բարեբախտաբար, սպասվածից ավելի լավ ընթացավ։

Ռուշելի ապաքինումն այնքան արագ ընթացավ, որ ընդամենը 9 ամիս անց նա վերադարձավ խաղադաշտ՝ մասնակցելով «Բարսելոնայի» դեմ ընկերական հանդիպմանը՝ Ժոան Գամպերի գավաթի շրջանակում։ Նա խաղադաշտում անցկացրեց 36 րոպե, իսկ երբ փոխարինվում էր ողջ «Նոու Կամպ» մարզադաշտը հոտնկայս բուռն ծափահարություններով ճանապարհեց Ռուշելին։

Այդ ավիաաղետից ողջ մնացածներից Ալան Ռուշելը միակն է, ով շարունակեց ֆուտբոլային կարիերան և հունվարի 30-ին իր ակումբի հետ տիտղոս նվաճեց։

«Շապեոկենսեն» դրամատիկ պայքարում ճանաչվեց բարզիլական Բ սերիայի չեմպիոնի տիտղոսը՝ վերադառնալով ֆուտբոլային էլիտա՝ Ա սերիա, սակայն ամեն ինչ հերթով։

Վերջին՝ 38-րդ տուրում, «Ամերիկա Մինեյրոն» սեփական հարկի տակ 2։1 հաշվով հաղթեց «Ավայիին»։ Այդ հանդիպմանը զուգահեռաբար ընթացող խաղում էլ «Շապեկոենսեն» մրցում էր «Կոնֆյանսայի» դեմ և մինչև հանդիպման 90+9-րդ րոպեն հաշիվը 2։1 էր, ինչը ձեռնտու էր «Ամերիկա Մինեյրոյին», քանի որ խփած ու բաց թողած գոլերի ավելի լավ հարաբերակցության շնորհիվ հենց նրանք կդառնային չեմպիոն, սակայն «Շապեի» ֆուտբոլիստները 11-մետրանոց հարվածի իրավունք վաստակեցին։ Նշակետին մոտեցավ 32-ամյա հարձակվող Անսելմոն և «Պանենկա» ոճի հարվածով գրավեց մրցակցի դարպասը՝ պարգևելով չեմպիոնություն իր ակումբին։

«Շապեկոենսեն» Բ սերիայի չեմպիոն դարձավ 1 գնդակ ավելի խփելու շնորհիվ։ «Շապեն» առաջնության շրջանակում խփել է 42 գոլ՝ բաց թողնելով 21-ը, իսկ «Ամերիկա Մինեյրոն»՝ 43-23 հարաբերակցությունն ուներ, ինչն էլ վճռորոշ դարձավ վերջին պահին։ Երկու ակումբներն էլ վաստակեցին 73 միավոր, սակայն, ինչպես հասկացաք, լրացուցանիշներով չեմիոն դարձավ հենց «Շապեկոենսեն»։

Խաղից հետո բաղձալի գավաթը բարձրարցեց հենց Ալան Ռուշելը։ Համաձայնե՛ք՝ անչափ խորհրդանշական է վերապրել ավիավթար, հաղթահարել այդ ամենը և վերջում ակումբի հետ դառնալ չեմպիոն։

Տոնակատարությունից հետո 31-ամյա ֆուտբոլիստը հուզիչ մամուլի ասուլիս տվեց՝ հիշատակելով նաև թիմի ֆինանսական խնդիրների մասին․

«Նախ ցանկանում եմ երախտապարտ լինել Աստծուն՝ նման հնարավորություն տալու համար։ Երկրորդ, շնորհակալ եմ նրան, որ ինձ առողջություն և ուժ տվեց, որպեսզի հաղթահարեմ ու վերապրեմ այն ամենը, ինչ կատարվեց մեզ հետ։

Ոչ ոքի համար էլ գաղտնիք չէ, որ ակումբը ծանր օրեր է ապրում, ինչը կապված է ֆուտբոլիստների և աշխատակիցների աշխատավարձերի հետ։

Ես հպարտանում եմ, որ այս ակումբի մի մասնիկն եմ։ Չգիտեմ՝ կմնա՞մ ակումբում, թե՞ ոչ, քանի որ պայմանագիրս ավարտվում է հունվարի 31-ին, սակայն որտեղ էլ լինեմ «Շապեկոենսեն» միշտ կլինի իմ սրտում։

Անչափ երջանիկ եմ, որ ևս մեկ անգամ անունս գրեցի ակումբի պատմության մեջ, սակայն Շապեկոյի որոշ բնակիչներ պետք է սովորեն հարգել ինձ։ Նրանք պետք է սովորեն հարգել նրանց, ովքեր ակումբի հետ պատմություն են կերտել, որոնցից մեկն էլ ես եմ։

Վերջում ցանկանում եմ այս հաղթանակը նվիրել մեր նախագահ Պաուլո Մագրոյին, ով վերջերս լքեց մեզ (խմբ․՝ մահացել է 2020 թ․ դեկտեմբերի 30-ին կորոնավիրուսից)։ Մենք գիտենք, թե նա որքան է տառապել մեզ հետ և որքան բան է ներդրել ակումբի համար»,- նշել է Ռուշելը, ում խոսքերը մեջբերում է Sportbible-ն։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022