VAR-ը Չելսիի կողմից չէր?

VAR-ը Չելսիի կողմից չէր?

18/02/2020 - 12:21

Անգլիական Պրեմիեր լիգայի 26-րդ տուրի կենտրոնական հանդիպման շրջանակում «Սթեմֆորդ Բրիջ» մարզադաշտում «Չելսին» մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Ընթացիկ մրցաշրջանում «ՄՅՈՒ»-ին հաջողվեց երրորդ անգամ հաղթել «ազնվականներին»՝ հաղթելով 0։2 հաշվով։

Առաջին խաղակեսը նշանավորվեց Ն’գոնոլ Կանտեի վնասվածքով, ում խաղի 12-րդ րոպեին փոխարինեց Մեյսոն Մաունթը։ Հանդիպման առաջին կեսը գոլային պահերի առումով միանշանակ «Չելսիի» կողմն էր, որին հաջողվեց ստեղծել 2-3 իրական պահ, սակայն Միշի Բաթշուային ապացուցում է, որ իր մակարդակը միանշանակ «Չելսիի» մակարդակին չէ։

Մանկունյանցիներին հաջողվեց նախքան ընդմիջման գնալը առաջ անցնել հաշվի մեջ։ 45-րդ րոպեին աջ եզրից Արոն Վան-Բիսական գնդակը «կախեց» տուգանային հրապարակ, որտեղից էլ Անտոնի Մարսիալը գլխով կատարած հարվածով բացեց հանդիպման հաշիվը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 56-րդ րոպեին, «Չելսին» անկյունայինի խաղարկումից հետո հավասարեցրեց հաշիվը․ աչքի էր ընկել Քուրթ Զուման, սակայն VAR համակարգը Սեսար Ասպիլիկուետայի կողմից կանոնների խախտում արձանագրեց Բրենդոն Վիլիամսի նկատմամբ։

Այդ դրվագից 10 րոպե անց «կարմիր սատանաները» կրկնապատկեցին իրենց առավելությունը։ Ձախ եզրից Բրունու Ֆերնանդեշի անկյունայինի իրացումից հետո աչքի ընկավ թիմի ավագ Հարի Մագուայերը։

78-րդ րոպեին VAR համակարգը ևս մեկ անգամ չեղարկեց տանտերերի խփած գնդակը։ Մեյսոն Մաունթի եզրից կատարած փոխանցումից հետո փոխարինման դուրս եկած Օլիվիե Ժիրուն գլխի գեղեցիկ հարվածով կրճատեց հաշվի տարբերությունը, բայց գտնվում էր միլիմետրանոց խաղից դուրս վիճակում, ինչն էլ պատճառ հանդիսացավ, որպեսզի չեղարկվի գոլը։

Խաղի մնացած հատվածն այլ հետաքրքիր պահերով աչքի չընկավ։

Այսպիսով, Օլե-Գունար Սուլշերի սաները վաստակեցին 38 միավոր և զբաղեցնում են 7-րդ հորիզոնականը։ «Չելսին» 41 միավորով 4-րդն է։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023