Ինչպես մեկ շաբաթում տանուլ տալ ամեն ինչ. Ռեալի անցյալը, ներկան և ապագան

Ինչպես մեկ շաբաթում տանուլ տալ ամեն ինչ. Ռեալի անցյալը, ներկան և ապագան

07/03/2019 - 16:23

«Ռեալի» մասին խոսելիս ֆուտբոլասերները կարող են մատնանշել ակումբի ֆանտաստիկ ռեկորդները: Բայց 21-րդ դարի «Ռեալը» 20-րդ դարինը չէ: 21-րդ դարը «Արքայական ակումբը» սկսեց այնպես, ինչպես սպասում էին նրանից երկրպագուները: Նա շարունակեց հաղթանակների և ռեկորդների շարքը, սակայն ինչպես բոլոր թիմերում, այնպես էլ «սերուցքայինների» մոտ, եղան վերելքներ և անկումներ: Եկավ և գնաց «Գալակտիկոսների» ժամանակաշրջանը և երկու անգամ փոխվեց ակումբի նախագահը: Եկավ Պերեսը, ապա Կալդերոնը, ապա կրկին Պերեսը:

Ֆլորենտինո Պերես

Եթե Ֆլորենտինո Պերեսի դեպքում շեշտը աստղաբույլի վրա էր դրված, ապա Ռամոն Կալդերոնի դեպքում առաջնային նպատակը կազմի թարմացումն ու սերնդափոխությունն էր, որը չտվեց այն արդյունքը ինչին սպասում էին: Վաճառվեցին Բեքհեմը, Ռոնալդոն ,Ռոբերտո Կարլոսը և շեշտը դրվեց երիտասարդ ֆուտբոլիստների վրա, որոնց հիմնական մասը «Ռեալի» դարբնոցում կերտված կադրեր էին: Չնայած, որ Կալդերոնն էլ զերծ չմնաց բավականին արժեքավոր ձեռքբերումներից՝ Նիստելրոյ, Կանավարո, Իգուային, Պեպե: Սակայն ի վերջո նրա վարած քաղաքականությունը ձախողվեց և թիմը կրկին հայտնվեց անդունդում՝ մնալով հիմնական մրցակից «Բարսելոնայի» ստվերում: Եղան նվաճումներ սակայն ձախողումներն ավելի շատ էին :Դրա համար 2009 թվականին Կալդերոնը հրաժարական տվեց և վերադարձավ Ֆլորենտինո Պերեսը: Իրեն հատուկ ոճով նա սկսեց մեկը մյուսի հետևից թիմ բերել հայտնի անուններ՝ թե մարզիչներ և թե ֆուտբոլիստներ: Բոլորին թվում էր թե այսքանով հարցը փակված է և շուտ կմոռացվի «Ռեալի» անհաջող ելույթներն ու հետ կգա «Գալակտիկոսը» նոր անուններով և լրիվ նոր հնարավորություններով: Ճիշտ է՝ Պերեսի գալով թիմը համալրվեց աստղերով՝ անհնար է չնշել Կրիշտիանո Ռոնալդուին, ով դարձավ բացարձակ ռեկորդակիր «Ռեալի» պատմության մի շարք անվանակարգերում, այդ թվում խփած գնդակների թվով և դարձավ թիմի հաղթանակի բանալին, Պերեսի նոր գաղտնի զենքը և հակառակորդների ահ ու սարսափը, թիմի նոր առաջատարը: Սակայն այս ամենը ևս չէր գոհացնում, քանի որ կար հետ չմնացող «Բարսելոնան»:

Զինեդին Զիդան

Խոսելով «Ռեալի» մասին՝ չենք կարող չնշլել նրա լեգենդներից մեկին՝ Զինեդին Զիդանին :Նա մի բախտավոր մարդ է, ինչպես ասում էր հենց ինքն իր մասին, ով «սերուցքայինների» շարքում հաղթեց թե՛ որպես ֆուտբլիստ և թե՛ որպես մարզիչ: Մարդ, ում մասին լեգենդար Ալեքս Ֆերգյուսոնն ասել է. «Տվեք ինձ Զիդանին և 10 փայտիկ ու ես կհաղթեմ Չեմպիանների լիգան…»:
Ընդհանրապես, «արքայական» ակումբն ունեցել է լեգենդար մարզիչների մի զմբողջ աստղաբույլ: Այնպիսիք, ինչպիսիք են Վույադին Բոշկովը, Բենիտո Ֆլորոն, Վիսենտե դել Բոսկեն, Ֆաբիո Կապելոն, Բերնդ Շուստերը, Ժոզե Մոուրինյուն, Կարլո Անչելոտին: Ցանկը երկար է: Մարդիկ են, որոնց շնորհիվ պատմություն է կերտվել, բայց Զիդանը նրանցից տարբերվում էր: Նա դրեց սկիզբ սեփական դպրոցի սաներին զարգացնելու, նրանց մեջ տաղանդներ գտնելու և բացահայտելու, այնուհետև փորձառու և կայացած ֆուտբոլիստների շնորհիվ նրանց խաղամակարդակը բարձրացնելու քաղաքականությանը, որը ի վերջո տվեց արդյունք և կարծես թե ճգնաժամում գտնվող «Ռեալը», որը մրցաշրջանի կեսից մնացել էր առանց գլխավոր մարզիչի, արթնացավ և 3 տարի անընդմեջ հաղթեց Չեմպիոնների լիգան՝ այդպիսով դառնալով այդ առաջնության կրկնակի ռեկորդակիր:



Զիդանը երիտասարդների հետ աշխատելու փորձ ուներ, քանի որ մարզում էր «Ռեալի» երտասարդական թիմը և ստանալով նոր մարտահրավերը՝ նա իր հետ բերեց իր իսկ կերտած կադրերին՝ Մարկո Ասենսիոյին, Լուկաս Վասկեսին և ստեղծեց մի թիմ, որը տարբերվում էր նախկինում եղածներից թե՛ կազմի յուրահատկությամբ և թե խաղաոճով: Այստեղ կարծես օգտագործված էին մի քանի մարզչական մարտավարություններ՝ Կապելոյի պաշտպանողական տակտիկան, Մոուրինյուի հայտնի «զսպանակը» և Անչելոտիի արագ ու մի հպում փոխանցումներով ճկուն ֆուտբոլը: Դա նրա զենքը դարձավ: Ոչ ոք չէր կարողանում կարդալ Զիդանի տակտիկան, քանի որ այն մի քանի անգամ փոխվում էր խաղի ընթացքում: Գաղտնիքը սա էր. ֆրանսիացուն հաջողվել էր անհատականից անցնել թիմային ֆուտբոլի, որտեղ տիրում էր խաղացողների հավասար և ինտենսիվ տեղաշարժ դաշտի ցանկացած հատվածում թե՛ հարձակվելիս, թե՛ պաշտպանվելիս, թե՛ գնդակով և թե առանց գնդակի: Գրեթե ոչ մի հակառակորդ չէր կարող կռահել, թե Կազեմիրոն կհայտնվի հենակետայինի դիրքո՞ւմ, թե՞ հարձակման կրակագծում: Մոդրիչը, Ասենսիոն. Ռոնալդուն ո՞ր եզրում և ե՞րբ կհայտնվեն: Խնդրեմ դրա վառ ապացույցը, թե ինչպես են Կազեմիրոն, Մոդրիչը, Սեբալյոսը և Ռոնալդուն ինտենսիվ տեղաշարժի միջոցով ստիպում հակառակորդին տեղաշարժվել պաշտպանության աջ եզր՝ լրիվ մենակ թողնելով Նաչոյին և կրակագծում հայտնված Ասենսիոյին:



Առանց Զիդանի և Ռոնալդուի

Այս մրցաշրջանը «Ռեալի» համար սկսվեց կորուստներով և անհաջող ու խամրած ելույթներով: Թիմից հեռացան մի շարք ֆուտբոլիստներ, այդ թվում Կրիշտիանո Ռոնալդուն: Հեռացավ նաև Զիդանը: Ծանր բեռն իր վրա վերցրեց Իսպանիայի հավաքականի մարզիչ Խուլեն Լոպետեգին, ով Աշխարհի առաջնության մեկնարկի նախօրեին հրաժարվեց հավաքականից և ընտրեց «Ռեալը»: Նրան հաջողվեց մի քանի խաղում փայլել, տանել խոշոր հաշվով հաղթանակներ, բայց իրար հաջորդած անհաջողությունների գագաթնակետը «Ռեալի» խոշոր հաշվով պարտությունն էր Էլ Կլասիկոյում, որից հետո Լոպետեգիին հեռացրին գլխավոր մարզիչի պաշտոնից: Եվ ահա «Ռեալը» կրկին մնաց կոտրված տաշտակի առաջ՝ մրցաշրջանի կեսից մնալով առանց գլխավոր մարզչի:

Զիդանի հերոսական քայլը նույն սցենարով փորձում է կատարել Սանտիագո Սոլարին, սակայն ամեն անգամ չէ, որ հրաշքներ են լինում: Սա արդեն Պերեսի քաղաքականության խնդիրն է: Ինչքան էլ որ հայտարարում են, թե ամեն ինչ լավ է և Սոլարին կամաց-կամաց գլուխ կհանի, մեկ է հարց է առաջանում. եթե ամեն ինչ այդքան լավ է, ապա ինչո՞ւ է ամեն ինչ այդքան վատ: Ի՞նչ էր նշանակում վերջին մրցաշրջանում փոխել մարզիչին, վարել պասիվ տրանսֆերային քաղաքականություն վերջին տարիներին և մեկ շաբաթում երկու Կլասիկո տանուլ տալ (ընդհանուր 0:4 հաշվով), այն դեպքում երբ Լոպետեգին աշխատանքից ազատվեց իր առաջին իսկ Էլ Կլասիկոն տանուլ տալուց անմիջապես հետո: Ի՞նչ է կատարվում թիմի ներսում, մի՞թե պատճառը ֆինանսական պրոբլեմներն են, թե՞ սերնդափոխություն է և Պերեսը դավաճանել է իր վարած քաքականությունը՝ շեշտը դնելով երիտասարդ ու անփորձ ֆուտբոլիստների վրա: Միգուցե Զիդանի նման հաջողությունը ստիպեց Պերեսին վերանայել իր հայտնի անունների վրա հիմնված քաղաքականությունը: Եվ հիմա Սոլարին փորձում է թիմը հանել ճգնաժամից:

Քաոս

Խամրել է Բեյլը, ով հայտնվել է պահեստայինների նստարանին և վերջին մեկ շաբաթվա ընթացքում իր ոչ ֆուտբոլային պահվածքով ցեխ է շպրտում թիմի համբավի վրա, Բենզեման փորձում է խաղալ բավական երկար տևած գոլային երաշտից հետո, սակայն այնքան էլ չի ստացվում: Պահեստայիններին է միացել Մարսելոն, ում փոխարինող Ռեգիլոնն է, որ ստիպում է այս ծանր պահին հավատալ թիմի պաշտպանությանը: Երիտասարդն ընդհանրապես փայլեց «Բարսելոնայի» դեմ խաղերում՝ ապացուցելով, որ մարզիչը ճիշտ ընտրություն է կատարել: Սոլարին գտել է Ռեգիլոն-Կրոս-Վինիսիուս կապը, նրանց օգնում է նաև Բենզեման, իսկ թիկունքից ապահովագրում է Ռամոսը, երբ երիտասարդ պաշտպանը նետվում է գրոհի: Երկու երիտասարդ, տեխնիկապես լավ պատրաստված ու արագ ֆուտբոլիստների համգործակցությունը կիսապաշտպանների օգնությամբ կարծես աշխատում է: Վինիսիուսին դեռ չի հերիքում կատարողական վարպետությունը, դրա մասին են վկայում Էլ Կլասիկոյում ձախողած բազում պահերը: 18-ամյա պատանին դեռ աճելու և զարգանալու տեղ ունի, բայց «սերուցքայիններին» պետք է շուտ դուրս գալ ստեղծված վիճակից: Թիմը դուրս մնաց Իսպանիայի Գավաթի խաղարկությունից, առաջնությունում ընթանում է 3-րդ հորիզոնականում՝ հետ մնալով հզոր «Բարսելոնայից» և «Աթլետիկոյից»: Մադրիդցիների միակ ռեալ պայքարը կարող էր ծավալվել Չեմպիոնների լիգայում, սակայն չարաբաստիկ շաբաթը վերջին վատ անակնկալը մատուցեց. երիտասարդ «Այաքսը» տապալեց «վիրավոր գազանին» իր իսկ տարածքում:

Կարծես ամեն ինչ «Ռեալին» հակառակ է այս մրցաշրջանում: «Այաքսի»դեմ խաղը դրա վառ ապացույցն էր: Եթե խաղի սկզբում Վարանը կարողանար գրավել դարպասը, ապա միգուցե հանդիպումն այլ ընթացք ստանար և թիմը խուսափեր նման ջախջախիչ պարտւթյունից: Ռամոսի բացակայությունը և առաջին խաղակեսում Վասկեսի ու Վինիսիուսի հարկադրված փոփոխությունները իրենց վատ անդրադարձն ունեցան հանդիպման հետագա ընթացքի վրա: Առանց այն էլ վատ վիճակում գտնվող «Ռեալի» համար շատ դժվար էր դիմակայել մերօրյա «Այաքսին»: Տաղանդավոր ու արագ պատանիները ուղղակի շնչելու շանս չտվեցին մադրիդյան ակումբի ֆուտբոլիստներին՝ 90 րոպե ճնշելով նրանց: Չեմպիոնների լիգան միշտ էլ «Ռեալի»համար եղել է առաջնային և ավելի կարևոր, քան Իսպանիայի առաջնությունը, ու նրանց պայքարից դուրս մնալը կարելի է համարել ամենածանր հարվածը թիմի համար: Սակայն ճակատագրից չես փախչի: «Արքայական» ակումբը մեկ շաբաթում տապալեց ողջ մրցաշրջանը
Կա մի հետաքրքիր վիճակագրություն. երբ «Ռեալը» գտնվել է ճգնաժամում, նա հիմնականում դուրս է մնացել Չեմպիանների լիգայի 1/8-րդ եզրափակչից:



Սակայն ինչպես կյանքում, այնպես էլ ֆուտբոլում, վերելքին հաջորդում է անկումը, ապա նորից վերելքը: Ինչ էլ որ լինի, պետք չէ մոռանալ, որ սա «Ռեալն» է, որը բազմիցս ապացուցել է, թե ինչպես է ամենադժվար պահին իր մեջ ուժ գտնում և ոտքի կանգնում, սակայն թիմին անհրաժեշտ է վերանայել սեփական հնարավորությունները և կազմը ուժեղացնելու ելքեր փնտրել:

Հարություն Բաղեյան

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2022