«Miedo escenico»-ի ծագումը. «Սանտիագո Բերնաբեուի» առեղծվածը

«Miedo escenico»-ի ծագումը. «Սանտիագո Բերնաբեուի» առեղծվածը

16/03/2022 - 20:10

«Ռեալ Մադրիդի» «Սանտիագո Բերնաբեուն» համաշխարհային ֆուտբոլի ամենահայտնի և ամենախորհրդանշական մարզադաշտերից մեկն է, վախեցնող վայր, որտեղ շատ հակառակորդ թիմեր տառապում են, այսպես կոչված, «բեմական վախով»։

«Բարսելոնայի» «Նոու Կամպը» և «Ատլետիկո Մադրիդի» «Վանդա Մետրոպոլիտանոն», անկասկած, նույնպես բարդ մարզադաշտեր են, սակայն ինչպես «Վալենսիայի» «Մեստալիան», «Սևիլիայի» «Ռամոսն Սանչես Պիսխուանն» ու «Ատլետիկ Բիլբաոյի» «Սան Մամեսը», այնպես էլ «Ռեալի» «Սանտիագո Բերնաբեուն» շատ մրցակիցների սարսափն են։

Այդուհանդերձ, հարցրեք ցանակցած «մադրիդիստայի» և նրանք կպատասխանեն, թե ինչ ազդեցություն է ունենում լեփ-լեցուն «Սանտիագո Բերնաբեուն» հյուրընկալվող թիմի վրա։ Այդ ամենին ամենադիպուկը պատասխանել է «արքայական» ակումբի նախկին ֆուտբոլիստ լեգենդար Խորխե Վալդանոն։

Վալդանոն 1986 թվականին իսպանալեզու հանրահայտ Revista de Occidente ամսագրի համար գրում է հոդված` «Miedo Escenico» վերնագրով, որը եթե բառացի թարգամանենք, նշանակում է «բեմական վախ»։

Վալդանոն նշել է, որ այդ հոդվածը գրելիս ոգեշնչվել է կոլումբացի աշխարհահռչակ գրող Գաբրիել Գարսիա Մարկեսի «Վախ հանրության առջև խոսելիս» հոդվածից։

«Miedo Escenico»-ում Վալդանոն խոսում է, թե ինչպես է «Ռեալը», հատկապես եվրագավաթային մրցաշարերում, մասնագիտացել «ռեմոնտադաների»` comeback-ների հարցում, երբ դիմակայությունների առաջին խաղերից հետո անհրաժեշտ էր լինում «Սանտիագո Բերնաբեուում» հետ բերել կորցրածը։

Կարելի է ասել` «Ռեալի» եվրագավաթային «ռեմոնտադաների» պատմությունը սկիզբ է առել դեռևս Եվրոպական չեմպիոնների գավաթի 1975/76 մրցաշրջանից, երբ մրցաշարի 1/8 եզրափակիչի առաջին խաղում «արքայական» ակումբը հյուրընկալվելիս 1:4 հաշվով պարտվեց Անգլիայի գործող չեմպիոն «Դերբի Քաունթիին», սակայն «լոս բլանկոսը» պատասխան խաղում 5:1 հաշվով հաղթեց մրցակցին ու շարունակեց պայքարը։

Հետագայում տարբեր մրցաշրջաններում նույն ճակատագրին արժանացան նաև «Բորուսիա Մյունխենգլադբախը», «Սելթիկը», «Անդերլեխտը», «Ցրվենա Զվեզդան», «Վոլֆսբուրգը», որոնք նույնպես առաջին խաղերից հետո մեծ առավելություն են ունեցել Ռեալի» նկատմամբ, սակայն այդ ակումբները դիմակայությունների պատասխան խաղում չեն դիմացել «Սանտիագո Բերնաբեուի» զորությանն ու դուրս են մնացել հետագա պայքարից։

«Սանտիագո Բերնաբեուի» առեղծվածն էլ ավելի մեծացավ, երբ ՈՒԵՖԱ-ի գավաթի 1984/85 խաղարկության կիսաեզրափակիչի առաջին խաղում «Ռեալը» հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվեց «Ինտերին»։

Դիմակայության առաջին հնդիպումից հետո «Ռեալի» հարձակվող Խուանիտոն իտալական հեռուստաալիքներից մեկին տված մամուլի ասուլիսի ժամանակ ասաց հանրահայտ խոսքերը`«Noventa minuti en el Bernabeu son molto longo», որը բառացի թարգմանաբար նշանակում է հետևյալը.

««Բերնաբեուում» 90 րոպեն շատ երկար ժամանակ է»:

Եվ այդպես էլ եղավ, քանի որ դիմակայության պատասխան խաղում «Ռեալը» 3:0 հաշվով հաղթեց մրցակցին ու դուրս եկավ շրցաշարի եզրափակիչ, որտեղ էլ ընդհանուր 3:1 հաշվով հաղթեց հունգարական «Վիդեոթոնին»` տիրանալով բաղձալի գավաթը։

Վալդանոյի բացատրության համաձայն` նման խաղերում «Ռեալը» գերմոտիվացված էր և հատուկ դեպքերում կարող էր հակադրվել մրցակցի տարատեսակ մարտավարա-տակտիկական, տեխնիկական, ֆիզիկական և այլ լուծումներ գտնելու փորձերին։

Ընդ որում, այդ «հատուկ դեպքերը» առավել հաճախ տեղի են ունենում հենց «Սանտիագո Բերնաբեուում», քան մեկ այլ մարզադաշտում։

Անցնող տարիներին նույնպես «Սանտիագո Բերնաբեուն» զերծ չմնաց հիասքանչ «ռեմոնտադայից»։ Չեմպիոնների լիգայի 2015/16 խաղարկության 1/4 եզրափակիչի առաջին խաղում մադրիդյան ակումբը հյուրընկալվելիս 0:2 հաշվով պարտվել էր «Վոլֆսբուրգին», սակայն սեփական հարկի տակ «սերուցքայինները» Կրիշտիանու Ռոնալդուի հեթ-տրիկի շնորհիվ «գայլերին» հաղթեցին 3:0 հաշվով` նվաճելով կիսաեզրափակիչի ուղեգիր։

Խորպե Վալդանոյի պոետիկ մոտեցումը «Ռեալի» երկրպագուների շրջանում էլ ավելի է արմատավորել «miedo escenico» գաղափարը։ Երկրպագուները գիտեն, որ պետք է միավորվեն ամենադժվար պահերին։

«Սանտիագո Բերնաբեուուում» գրանցված շատ արդյունքներ փաստում են, որ, իրոք, բազմաթիվ մրցակիցներ վախենում են այդ մարզադաշտից։

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023