Առաջիկա Weekend-ի  ԲՈՄԲ խաղերը․ preMATCH

Առաջիկա Weekend-ի ԲՈՄԲ խաղերը․ preMATCH

03/04/2021 - 00:21

Interfootball -ը սկսում է նոր շարք։ Այժմ մշտապես կներկայացնենք յուրաքանչյուր Weekend-ի ամենաբոմբ հանդիպումների անոնսը, միասին կխոսենք թիմերի ներկա մրցաշարային դիրքերից, կծանոթանանք VBet-ի՝ տվյալ հանդիպման համար սահմանած գործակիցներին, իսկ մեր Instagram-ի էջում կարող եք ծանոթանալ նաև այդ հանդիպումների կանխատեսումներին։ Գնացինք։

«Լեսթեր» – «Մանչեսթեր Սիթի»

Հանդիպման օրն ու ժամը – 3․04․2021 թ․, 20։30

Մրցաշար – ԱՊԼ, 30-րդ տուր

Մրցաշարային դիրք – «Լեսթեր» – 56 միավոր, 3-րդ հորիզոնական, «Սիթի» – 71 միավոր, 1-ին հորիզոնական

Պեպ Գվարդիոլայի սաները վստահ քայելով շարժվում են դեպի հերթական չեմպիոնությունը, սակայն «Լեսթերը» «Քինգ Փաուեր» մարզադաշտում ցանկացած մրցակցի կարող է անախորժություններ պատճառել։

Հավաքականների հանդիպումներից առաջ «աղվեսները» բավական լավ տեմպ էին հաղորդել իրենց խաղին՝ տանելով 3 անընդմեջ հաղթանակ։ Ընդ որում՝ Բրենդան Ռոջերսի սաները երկշաբաթյա դադարից առաջ սեփական հարկի տակ Անգլիայի գավաթի քառորդ եզրափակչի շրջանակում 3։1 հաշվով փայլուն հաղթանակ տարան Մանչեսթերը ներկայացնող մյուս ակումբի՝ «Յունայթեդի» նկատմամբ։

Դրանից մեկ շաբաթ առաջ էլ տանը 5։0 հաշվով ջախջախեցին Պրեմիեր լիգայի հետնապահ «Շեֆիլդ Յունայթեդին»։

«Լեսթերի» կազմում փայլուն մարզավիճակ է հավաքել «Սիթիի» նախկին հարձակվող Կելեչի Իհեանաչոն, ով վերջին 4 պաշտոնական խաղերում դարձել է 7 գոլի հեղինակ։

«Աղվեսների» կազմում շարք է վերադարձել նաև թիմի առաջատարներից Ջեյմս Մեդիսոնը։ Այդ տեղեկությունը հաստատել է նաև Բրենդան Ռոջերսը՝ նշելով հետևյալը․

«Մեդիսոնը վերադարձել է մարզումներին և հասանելի է լինելու «Սիթիի» դեմ խաղում։ Հիանալի նորություն մեզ համար»,- նշել է հյուսիսիռլանդացի մասնագետը, ում խոսքերը մեջբերում է Metro-ն։

Ամեն դեպքում, «կապույտներն» այս խաղին մոտենում են կորուստներով․ տարբեր վնասվածքների պատճառով կբացակայեն Ջեյմս Ջասթինը, Հարվի Բարնսը և Վես Մորգանը, իսկ Չենգիզ Ունդերի մասնակցությունը հարցականի տակ է։

Ինչ վերաբերում է «քաղաքաբնակներին», ապա նրանք առանց կորուստների են մոտեցել այս խաղին։

Բացի դրանից, Պեպի թիմը ֆանտաստիկ մարզավիճակում է։ Մանկունյական ակումբը բոլոր մրցաշարերի շրջանակում վերջին 24 խաղերում տոնել է 23 հաղթանակ։ Այդ ընթացքում «Սիթին» կրել է մեկ պարտություն, որն էլ եղել է Պրեմիեր լիգայի 27-րդ տուրում՝ սեփական հարկի տակ 0։2 հաշվով զիջելով «ՄՅՈՒ»-ին։

Այս հանդիպումը Պրեմիեր լիգայի չեմպիոնական հետագա պայքարում կարող է բեկումնային դառնալ, քանի որ «Լեսթերի» հաղթանակի դեպքում, «Մանչեսթեր Յունայթեդը» միավորների տարբերությունը համաքաղաքացիներից կրճատելու հնարվորություն կունենա։ Օլե-Գունար Սուլշերի թիմն էլ, «Սիթիի» համեմատ, մեկ հանդիպում պակաս է անցկացրել։

Նույնը վերաբերում է նաև «Լեսթերին», որը «կարմիր սատանաներին» զիջում է 1 միավոր և նույնպես մեկ հանդիպում պակաս ունի «Սիթիի» համեմատ։

«Քաղաքաբնակների» հաղթանակով էլ գրեթե կլուծվի չեմպիոնության վերաբերյալ բոլոր հարցերը։

«Աղվեսները» երբեմն-երբեմն «Մանչեսթեր Սիթիի» դեմ խաղերում լուրջ խնդիրներ են ստեղծում։ Թեկուզ հիշենք կողմերի միջև կայացած նախորդ խաղը, երբ Բրենդան Ռոջերսի սաները հյուրընկալվելիս 5։2 հաշվով ջախջախեցին «Սիթիին»։ Այս փաստն էլ ավելի է հետաքրքրացնում սպասվելիք դիմակայությունը։

Մեր գործընկեր VBet-ն այս հանդիպման համար սահմանել է հետևյալ գործակիցները․

«Լեսթերի» հաղթանակ՝ 6․2 գործակից

Ոչ-ոքի՝ 4․20 գործակից

«Մանչեսթեր Սիթիի» հաղթանակ՝ 1․62

«Արսենալ» – «Լիվերպուլ»

Հանդիպման օրն ու ժամը – 3․04, 2021 թ․, 23։00

Մրցաշար – ԱՊԼ, 30-րդ տուր

Մրցաշարային դիրք – «Արսենալ» – 42 միավոր, 9-րդ տեղ, «Լիվերպուլ» – 46 միավոր, 7-րդ տեղ

Անգլիական Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի շրջանակում միմյանց դեմ են մրցելու անկայուն մրցելույթներով աչքի ընկնող երկու ակումբներ։

Մի կողմից երկու ակումբներն էլ դուրս են եկել եվրագավաթային մրցաշարերի քառորդ եզրափակիչ (խմբ․՝ «Արսենալը» նվաճել է Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի ուղեգիր, իսկ «Լիվերպուլը»՝ Չեմպիոնների լիգայի), իսկ մյուս կողմից՝ կողմերն անհասկանալի արդյունքներ են գրանցում ներքին առաջնությունում։

Դժվար է հավատալ, սակայն Յուրգեն Կլոպի թիմը «Էնֆիլդ Ռոուդ» մարզադաշտում վերջին անգամ հաղթել է 2020 թվականի դեկտեմբերի 17-ին, երբ ԱՊԼ-ի 13-րդ տուրի շրջանակում 2։1 հաշվով առավելության հասավ «Տոտենհեմի» նկատմամբ։

Դրանից հետո «Լիվերը» տանն անցկացրել է 8 հանդիպում և միայն 2 անգամ է կարողացել միավոր վաստակել այդ ընթացքում, իսկ վերջին 6 խաղերում կրել է նույնքան պարտություն։ Այո՛, մերսիսայդյան ակումբը «Էնֆիլդում» կրել է 6 անընդմեջ պարտությունը, ինչը, միանշանակ, նոնսենս է, այդ պատճառով էլ ԱՊԼ-ի գործող չեմպիոնները զբաղեցնում են ընդամենը 7-րդ հորիզոնականը և ընթացիկ մրցաշրջանում պայքարում են միայն եվրագավաթային ուղեգրերի համար։

«Զինագործներն» էլ ավելի անկայուն մրցելույթներ են ունենում։ Միկել Արտետայի թիմը մեկ խաղում կարող է տանը հիանալի Comeback անել «Բենֆիկայի» դեմ (3։2), ապա օրեր անց մեծ դժվարությամբ փրկել խաղը «Վեսթ Հեմի» դեմ (3։3) կամ էլ տանը պարտվել «Օլիմպիակոսին»։

Ինչպես գիտեք, «Լիվերպուլն» ընթացիկ մրցաշրջանում, տառապում է վնասվածքներից, և այս խաղն էլ բացառություն չի լինելու, քանի որ այն բաց են թողնելու Ժոել Մատիպը, Վիրջիլ վան Դեյկը, Ժո Գոմեսը, Ջորդան Հենդերսոնը, իսկ Ռոբերտո Ֆիրմինոյի մասնակցությունը հարցականի տակ է։

«Զինագործները» նույնպես կորուստներ ունեն։ Այս պարագայում կորուստ անվանելն այնքան էլ ճիշտ չէ, քանի որ Բուկայո Սակայի և Էմիլ Սմիթ Ռոուի խաղին մասնակցությունը կասկածի տակ է։

Երկու ակումբներին էլ նախկին վստահությունը վերականգնելու տեսանկյունից, անպայման, հաղթանակ է անհրաժեշտ այս խաղում։

Բացի մրցաշարային աղյուսակում խնդիրներից, երկու ակումբներին էլ հաղթանկը մրցաշրջանի հետագա ընթացքի համար կարող է լուրջ ազդակ դառնալ։ «Արսենալն» այդպիսի փորձ արդեն ունեցել է, երբ նախորդ տարեվերջին հաղթեց «Չելսիին» (3։1), ինչից հետո ակումբը սկսեց վերելքով հանդես գալ։

Կողմերի միջև վերջին խաղերը մշտապես անցել են գերդրամատիկ և գոլառատ պայքարում։ Այս մեկն էլ խոստանում է բացառություն չլինել, իսկ VBet-ը նույնպես իր կարծիքն ունի հանդիպման վերաբերյալ, որն արտահայտվել է գործակիցների տեսքով․

«Արսենալի» հաղթանակ՝ 3․13 գործակից

Ոչ-ոքի՝ 3․68 գործակից

«Լիվերպուլի» հաղթանակ՝ 2․35 գործակից

«Լայպցիգ» – «Բավարիա»

Հանդիպման օրն ու ժամը – 3․04․2021թ․, 20։30

Մրցաշար – Բունդեսլիգա, 27-րդ տուր

Մրցաշարային դիրք – «Լայպցիգ» – 57 միավոր, 2-րդ հորիզոնական, «Բավարիա» – 61 միավոր, 1-ին հորիզոնական

«Լայպցիգը» եվրոպական ֆուտբոլի ամենապրոգրեսիվ ակումբներից է, որը տարեցտարի բարելավում է իր խաղը, սակայն յուրաքանչյուր մրցաշրջան «ցլերին» մի փոքր չի բավականացնում «Բավարիային» գահից գցելու համար։

Ընթացիկ մրցաշրջանում Յուլիան Նագելսմանի թիմը էլ ավելի է բարելավել իր արդյունքները, ավելի կոնկրետ՝ այն կայունացել է։

Բացի այն, որ «Լայպցիգը» դոմինանտ և հարձակվողական գեղեցիկ ֆուտբոլ է ցուցադրում, ակումբը բազմապատիկ ավելի լավ է սկսել պաշտպանվել, քան նախորդ մրցաշրջաններում։ Բունդեսլիգայի ընթացիկ մրցաշրջանում ակումբը բաց է թողել ընդամենը 21 գնդակ և այդ ցուցանիշով լավագույնն է։ Համեմատության համար նշենք, որ «Բավարիան» 35 գոլ է ընդունել սեփական դարպասը։

Պաշտպանության տեսանկյունից Նագելսմանի սաները, միանշանակ, դուրս են եկել նոր լեվելի վրա։

Ինչ վերաբերում է «Բավարիային», ապա այն ընթացիկ մրցաշրջանում ստանդարտ իր ոճի մեջ է՝ հաղթելով գրեթե բոլորին, սակայն, նախորդ տարվա համեմատ ակումբն ավելի թույլ տեսք ունի և տեղ-տեղ «գերմանական մեքենան» խնդիրներ է ունենում։

Նախորդ մրցաշրջանում էլ բազմիցս բարձրաձայնվել է, որ մյունխենյան ակումբը խնդիրներ ունի պաշտպանությունում, ինչն ընթացիկ մրցաշրջանում ավելի ակներև է դարձել, քանի որ մյունխենցիները Բունդեսլիգայի շրջանակում անցկացրել են ընդամենը 6 «չոր» հանդիպում։

Հասկանալի է, որ «Բավարիայի» խաղային մոդելի հիմնաքարը պաշտպանությունը չէ, սակայն դու «Բավարիան» ես և իրավունք չունես պաշտպանվել նման կերպ։

Ամեն դեպքում, կա Լևանդովսկին, կան բազմաթիվ գոլեր։ Անձամբ լեհ հարձակվողը չի դադարում զարմացնել, և ընթացիկ մրցաշրջանում ներքին առաջնությունում դարձել է արդեն 35 գոլի հեղինակ։

Խոսեցինք Լևանդովսկու մասին, նշենք, որ լեհ հարձակվողը վնասվածքի պատճառով բաց է թողնելու «Լայպիգի» դեմ խաղը։ Այժմ անչափ հետաքրքիր է, թե Հանսի Ֆլիկն ինչ լուծում կառաջարկի, քանի որ 32-ամյա հարձակվողը մեկ ամսով դուրս է մնացել շարքից։

Բացի Լևայից, տարբեր վնասվածքների պատճառով «Բավարիայի» կազմից այս խաղը բաց կթողնեն նաև Կորենտեն Տոլիսոն, Դուգլաս Կոստան, իսկ Ալֆոնսո Դևիսն ու Ժերոմ Բոատենգը որակազրկված են։

«Լայպցիգը» նույնպես զերծ չի մնացել կորուստներից։ Ակումբն այս խաղում հույս չի կարող դնել Անխելինիոյի, Կոնրադ Լայմերի, Կևին Կամպլի, Դոմինիկ Սոբոսլայիի և Մարսել Հալշտենբերգի վրա։

Այս հանդիպումը չեմպիոնության համար, միանշանակ, վճռորոշ դեր է ունենալու։ Ճիշտ է՝ «Բավարիան» միայն Ռոբերտ Լևանդովսկիով չի սահմանափակվում, սակայն առանց նրա անչափ բարդ է լինելու, և «Լայպցիգը» չեմպիոնական պայքարը բեկելու հիանալի հնարավորություն ունի։

Այժմ ծանոթանաք VBet-ի առաջարակած գործակիցներին․

«Լայպցիգի» հաղթանակ՝ 2․91 գործակից

ոչ-ոքի՝ 3․79 գործակից

«Բավարիայի» հաղթանակ՝ 2․44 գործակից

ՊՍԺ – «Լիլ»

Հանդիպման օրն ու ժամը – 3․04․2021թ․, 19։00

Մրցաշար – Լիգա 1, 31-րդ տուր

Մրցաշարային դիրք – ՊՍԺ – 63 միավոր, 1-ին հորիզոնական, «Լիլ» – 63 միավոր, 2-րդ հորիզոնական

«Լիլն» ընթացիկ մրցաշրջանի բացահայտումներից է, որը Քրիստոֆ Գալտյեի գլխավորությամբ բավական վառ ֆուտբոլ է ցուցադրում, իսկ Ջոնաթան Դևիդը, Ռենատո Սանչեսը, Ջոնաթան Բամբան, Սվեն Բոտմանը, Մայք Մանյանը, Բուբակարե Սումարեն, Բուրակ Յիլմազը և այլ ֆուտբոլիստներ հաճելիորեն զարմացնում են՝ հայտնվելով եվրոպական բազմաթիվ ակումբների ուշադրության կենտրոնում։

«Լիլի» հիասքանչ մրցելությները հանգեցրին նրան, որ ակումբը երկար ժամանակ գլխավորում էր Լիգա 1-ի մրցաշարային աղյուսակը, սակայն վերջին շրջանում արդյունքներն այնքան էլ գոհացնող չեն նրանց համար։

Գալտյեի սաները ներքին առաջնության վերջին 5 խաղերում տոնել են միայն 2 հաղթանակ, ինչի հետևանքով «Լիլը» ՊՍԺ-ին հնարավորություն տվեց միավորների քանակով հավասարվել իրեն, իսկ լրացուցիչ ցուցանիշներով ՝ նույնիսկ բարձրանալ 1-ին հորիզոնական

«Լիլ» 1։2 «Նիմ»․ Լիգա 1, 30-րդ տուր

«Պարի Սեն-Ժերմենն» ընթացիկ մրցաշրջանում Լիգա 1-ի շրջանակում բավական անկայուն է ելույթ ունենում։ Այդ ամենը վերաբերում է հատկապես անմիջական մրցակցիների դեմ խաղերում։

Ընթացիկ մրցաշրջանում ՊՍԺ-ի ղեկավարությունն այնքան դժգոհ էր ակումբի գրանցած արդյունքներից, որ գլխավոր մարզչի պաշտոնից ազատեց Թոմաս Տուխելին՝ նրա փոխարեն նշանակելով Մաուրիսիո Պոչետինոյին։

Պոչետինոյի գալուց հետո էլ այնպես չէ, որ «Փարիզի» խաղը կայունացել է, սակայն վերջերս «Լիոնի» դեմ հանդիպումը (4։2) ցույց տվեց ակումբի իրական ուժը։

Կորուստների առումով ՊՍԺ-ն ավելի վատ վիճակում է, քանի որ խաղը բաց են թողնելու Խուան Բերնատը, Մարկո Վերատին, Մաուրո Իկարդին, Դանիլո Պերեյրան, Պաբլո Սարաբիան, Լայվին Կուրզավան, Թիլո Կերերը։

«Լիլի» կազմից խաղը բաց կթողնի միայն Ժերեմի Պյեն։

«Լիլը» հիանալի թիմ է, որն ի զորու է հաղթել ցանկացած մրցակցի, սակայն վերջերս ՊՍԺ-ի դեմ կայացած գավաթային խաղում փարիզյան ակումբն ապացուցեց, թե ով է Ֆրանսիայի գլխավոր թիմը։ Այդ խաղում «Պարի Սեն-Ժերմենը» հաղթեց 3։0 հաշվով։

ՊՍԺ-ն, միանշանակ, ինքն է մեղավոր, որ Լիգա 1-ում որոշ մրցակիցներ չեմպիոնական լուրջ պայքար են մղում, սակայն Մաուրիսիո Պոչետինոյի թիմը կարող է ամեն ինչ տեղը գցել՝ հաղթելով «Լիլին»։

VBet-ն այս հանդիպման վերաբերյալ սահմանել է հետևյալ գործակիցները․

ՊՍԺ-ի հաղթանակ՝ 1․69 գործակից

Ոչ-ոքի՝ 4 գործակից

«Լիլի» հաղթանակ՝ 5․7 գործակից

Ինչպես արդեն նշեցինք, այս հանդիպմների վերաբերյալ Interfootball-ի կանխատեսումներին կարող եք ծանոթանալ մեր Instagram-ի էջում՝ սեղմելով այստեղ, իսկ խաղերին հետևել և դիտել՝ Rostelecom-IP հեռուստատեսությամբ։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023