? Գյուլբուդաղյանց. Մենք ունենք Ջեկոյից, Պյանիչից նույնիսկ ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստ

? Գյուլբուդաղյանց. Մենք ունենք Ջեկոյից, Պյանիչից նույնիսկ ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստ

23/03/2019 - 00:11

Սարաևոյի «Գրբավիցա» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում կայացավ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արմեն Գյուլբուդաղյանցի և ազգային ընտրանու կիսապաշտպան Սարգիս Ադամյանի նախախաղային մամուլի ասուլիսը: ՀՖՖ-ի պաշտոնական կայքը ներկայացնում է ասուլիսը.

– Պարոն Գյուլբուդաղյանց, ինչպե՞ս եք պատրաստվել  վաղվա  հանդիպմանը և ի՞նչն է լինելու վաղվա խաղում հաջողության հասնելու հիմնական գրավականը:  

– Մենք կփորձենք միասնական լինել դաշտում, կփորձենք թիմային խաղ ցուցադրել՝ մեծ ցանկությամբ և նվիրվածությամբ, կփորձենք քիչ սխալվել և մեր շանսերն օգտագործել:

– Ընդհանուր տպավորությունն այն է, որ Բոսնիա և Հերցեգովինան ֆավորիտ է վաղվա խաղում, համաձա՞յն եք այդ մտքի հետ:

– Հիմա այնպիսի ժամանակներ են, որ ֆավորիտ բառը քիչ է օգտագործվում, բայց, բնական է, վաղվա խաղում Բոսնիա և Հերցեգովինան  է ֆավորիտը, քանի որ խաղում է սեփական հարկի տակ՝ երկրպագուների աջակցությամբ: Այդուհանդերձ, ժամանակակից ֆուտբոլում հաղթում է այն թիմը, որը ոչ միայն հարձակվում է, այլ քիչ է սխալվում և կարողանում է շանսերն օգտագործել:

– Չնայած Դուք նշեցիք, որ ժամանակակից ֆուտբոլում ֆավորիտներ չկան, ես կարծում եմ, որ, այդուհանդերձ, Բոսնիա և Հերցեգովինան է  վաղվա խաղի ֆավորիտը:  Բոսնիայի և Հերցեգովինայի հավաքականի կազմում ո՞ւմից եք ամենաշատը զգուշանում և սպասում ամենամեծ վտանգը:

– Բոլոր դիրքերում էլ ունեք ընդգծված առաջատարներ, և իմաստ էլ չունի նշել՝ Ջեկոն, Պյանիչը, բայց մենք էլ ունենք այդ մակարդակի, նույնիսկ ավելի բարձր մակարդակի ֆուտբոլիստ: Բացի այդ, ես չասացի, որ ֆավորիտներ չեն լինում, ես ասացի, որ ֆավորիտները ոչ միշտ են հաղթում: 

-Ձեր կարծիքով ի՞նչն է լինելու Ձեր հաջողության գրավականը վաղվա խաղում՝ քիչ սխալներ անե՞լը, թե՞ ունեք այլ ռազմավարություն:

– Ես հենց սկզբից ասացի, որ պետք է թիմային ֆուտբոլ խաղանք և եթե կարողանանք մեր լավագույն խաղը խաղալ, հաջողության կհասնենք:

– Վաղվա խաղի հետ կապված Ձեր սպասելիքները (հարց Սարգիս Ադամյանին):

– Մենք պետք է համարձակ ֆուտբոլ խաղանք, առանց սխալների և փորձենք արդյունքի հասնել:

– Սարգիս, ի՞նչ կասես վերջին շրջանում քո մարզավիճակի մասին: 

– Մասնակցում եմ բոլոր խաղերի և գտնվում եմ լավ մարզավիճակում

– Սարգիս, ակումբում միշտ խաղում ես որոշակի դիրքում, բայց հավաքականում, կարծես, չունես կոնկրետ դիրք: Այդուհանդերձ, ո՞ր դիրքում է քեզ ավելի հարմար խաղալ:

Ինձ համար նշանակություն չունի դիրքը, խաղում եմ այնտեղ, որտեղ մարզիչը հարմար է համարում:

 – Պարոն Գյուլբուդաղյանց, ի՞նչ մթնոլորտ է թիմում, արդյո՞ք ունենք վնասվածքով ֆուտբոլիստներ և ի՞նչ վիճակում է Արսեն Բեգլարյանը:

– Թիմում լավ մթնոլորտ է, տղաները մեծ ցանկությամբ են մարզվում: Արսեն Բեգլարյանը, ցավոք, վերջին մարզմանը վնասվածք ստացավ և հենց այդ պատճառով չուզեցինք ռիսկի դիմել: Եթե Արսեն Բեգլարյանը հասցնի ապաքինվել մինչև մեր վերադառնալը, կրկին կլինի հայտացուցակուն:

– Պարոն Գյուլբուդաղյանց, եթե Յուրա Մովսիսյանը պատրաստ չէր խաղին, ի՞նչն էր պատճառը, որ նա թիմի հետ ժամանել է Սարաևո:

– Յուրա Մովսիսյանի դերը թիմում շատ կարևոր է: Մենք անընդհատ նշում ենք, որ հավաքականը մեկ ընտանիք է: Ես շատ ուրախ եմ, որ Յուրան թիմի հետ է: Բացի այդ, ես հույս ունեմ, որ Յուրան մեկ-երկու ամսից կրկին թիմ կունենա և կսկսի հրավիրվել հավաքական:

– Կարելի՞ է ասել, որ այս շրջափուլը Ձեր կարիերայի գլխավոր փորձությունն է լինելու:

– Եթե հաշվի առնենք իմ անցած ճանապարհը, կարող եմ ասել, որ սա փորձություններից մեկն է:

– Ի՞նչ դիրքում եք դիտարկում Արմեն Մանուչարյանին և Արտակ Եդիգարյանին:

– Իմ կարծիքով, Մանուչարյանն իր լավագույն որակները կարողանում է ցուցադրել եզրերում, իսկ ինչ վերաբերում  է Արտակ Եդիգարյանին, նա այն քիչ թվով ֆուտբոլիսներից է, ով կարողանում է խաղալ ցանկացած դիրքում: Իմ կարծիքով, Արտակ Եդիգարյանի օպտիմալ դիրքը հենակետային կիսապաշտպանն է:

– Ինչպե՞ս  եք գնահատում Արաս Օզբիլիսի և Գևորգ Ղազարյանի մարզավիճակը:

Ընդհանուր առմամբ, լավ:

Լուսանկարը՝ ՀՖՖ-ի

# , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023