Արսենալը ռեկորդային առաջարկ է կատարել Վեսթ Հեմին
«Վեսթ Հեմի» կիսապաշպտան Դեկլան Ռայսի համար մղվող պայքարը շարունակվում է։
24-ամյա կիսապաշտպանին ձեռք բերելու հիմնական հավակնորդներից մեկն` «Արսենալը», գործարքի հարցում հերթական առաջակն է կատարել «մրճահարներին»։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն` հղում կատարելով The Athletic-ին, «զինագործները» գործարքի դիմաց առաջարկել են 105 մլն ֆունտ։
Նշվում է, որ եթե գործարքը կայանա, «Արսենալը» 100 մլն ֆունտը վճարելու է միանվագ, իսկ գումարի մյուս մասն իրենից ենթադրում է տարբեր հավելավճարներ։
Հատկանշական է, որ «Վեսթ Հեմն» իր ավագի վաճառքից ցանկանում է վաստակել հենց 100 մլն ֆունտ։
Ավելի վաղ «մրճահարները» մերժել էին Ռայսին գնելու «Արսենալի» նախորդ երեք տրանսֆերային առաջարկները, որոնցից վերջինը եղել էր 75+15 մլն ֆունտ։
Հայտնի է, որ անգլիացի կիսապաշտպանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է նաև «Մանչեսթեր Սիթին», սակայն «Վեսթ Հեմը» «քաղաքաբնակների» առաջարկը նույնպես մերժել է. այն եղել է 80+10 մլն ֆունտ։
Հատկանշական է, որ եթե «Վեսթ Հեմն», ի վերջո, ընդունի «Արսենալի» կատարած վերջին առաջարկն, ապա գործարքը մի շարք ռեկորդներ կսահմանի։
Գործարքի կայանալու դեպքում Դեկլան Ռայսը կդառնա երբևէ ամենաթանկարժեք բրիտանացի ֆուտբոլիստը և կգերազանցի Ջեք Գրիլիշի ռեկորդը, ում տրանսֆերի դիմաց «Մանչեսթեր Սիթին» 2021 թ. ամռանը «Աստոն Վիլլային» վճարեց 100 մլն ֆունտ։
Գործարքը կդառնա «Արսենալի» պատմության ամենաթանկարժեք տրանսֆերն ու կգերազանֆի Նիկոլա Պեպեի ռեկորդը, ում դիմաց «զինագործները» 2019 թ. ամռանը «Լիլին» վճարել են 68 մլն ֆունտ։
Բացի այդ, գործարքը կդառնա նաև «Վեսթ Հեմի» պատմության ամենաթանկարժեք վաճառքը և կգերազանցի Դմիտրի Պայետի ռեկորդը, ում դիմաց «Մարսելը» 2017 թ. հունվարին «վրճահարներին» վաճառեցին 24 մլն ֆունտի դիմաց։
Հավելենք, որ Դեկլան Ռայսը «Վեսթ Հեմի» սան է, որի կազմում մինչ օրս անցկացրել է 245 հանդիպում` դառնալով 15 գոլի և 13 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Արսենալ, Դեկլան-Ռայս, Դիմիտրի Պայե, Մանչեսթեր-Սիթի, Նիկոլա Պեպե, Ջեք Գրիլիշ, Վեսթ Հեմ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո