Խետաֆեի հարձակվողը խփել է Լա լիգայի՝ 21-րդ դարի ամենաուշ գոլը🎥
Իսպանական Լա լիգայի 25-րդ տուրում «Խետաֆեն» հյուրընկալվելիս մրցեց «Կադիսի» դեմ. գրանցվեց 2:2 հաշիվը:
Հյուրերը պարտությունից խուսափեցին 90+16-րդ րոպեին. հերոսացավ թուրք հարձակվող Էնես Ունալը, ով դիպուկ իրացրեց 11-մետրանոցը:
Այդ խաղում 25-ամյա հարձակվողը խփել էր նաև իր թիմի անդրանիկ գոլը ու կրկին աչքի ընկել 11-մետրանոցից:
Հատկանշական է, որ «Կադիսն» էլ իր երկրորդ գոլն էր խփել 11-մետրանոցից. աչքի ընկավ Ռուբեն Ալկարասը:
Այդուհանդերձ, այդ հանդիպումն աչքի է ընկել ոչ թե 11-մետրանոցների առատությամբ, այլ բավական ուշ խփված գոլով:
Բանն այն է, որ ինչպես հայտնում է OptaJose-ն, Ունալի երկրորդ գնդակը գրանցվել է հանդիպման 105:14-րդ րոպեին, ինչը Լա լիգայի շրջանակում 21-րդ դարում խփված ամենաուշ գոլն է:
Այդ ցուցանիշով թուրք ֆուտբոլիստը գերազանցել է «Բարսելոնայի» նախկին հարձակվող Լեո Մեսսիին, ով 2008 թ. սեպտեմբերին «Էսպանյոլի» դարպասը գրավել էր 102:52-րդ րոպեին:
Հավելենք, Էնես Ունալը Լա լիգայի ընթացիկ խաղարկությունը բավական արդյունավետ է անցկացնում և խփել է արդեն 12 գոլ ու լավագույն ռմբարկուների պայքարում բարձրացավ երկրորդ հորիզոնական՝ զիջելով միայն «Բարսելոնայի» հարձակվող Ռոբերտ Լևանդովսկուն, ում ակտիվում կա 15 գնդակ:
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Էնես Ունալ, Լա-լիգա, Լեո Մեսսի, Խետաֆե, Կադիս