Իսպանական գրանդն Էնդրիկի համար մղվող պայքարում առաջ է անցել մրցակիցներից
«Պալմեյրասի» պատանի հարձակվող Էնդրիկը շարունակում է մնալ գրեթե բոլոր եվրոպական գրանդ ակումբների ուշադրության կենտրոնում։
16-ամյա ֆուտբոլիստին իրենց շարքերում են ցանկանում տեսնել «Ռեալ Մադրիդը», «Բարսելոնան», «Չելսին», ՊՍԺ-ն, «Լիվերպուլը» և այլ ակումբներ։
Մեկ ամիս առաջ համացանցում տեղեկություն տարածվեց, որ բրազիլացի ֆուտբոլիստի համար հիմնական պայքարը մղվելու է «Ռեալի», «Չելսիի» և ՊՍԺ-ի միջև, սակայն, ինչպես հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, «արքայական» ակումբն արդեն առաջ է անցել մյուս մրցակիցներից։
Աղբյուրի փոխանցմամբ` «սերուցքայիններն» այժմ ֆավորիտ են 16-ամյա հարձակվողին ձեռք բերելու հարցում։
Ռոմանոն գրում է, որ «Ռեալը» «Պալմեյրասի» հետ պաշտոնական բանակցություններ վարում և պատրաստ է բրազիլական ակումբին վճարել այնքան, որքան կազմում է Էնդրիկի հրաժարագինը` 60 մլն եվրո։
Նշենք, որ հրաժագնի այդ կետն ակտիվանալու է 2024 թ. հուլիսի 1-ից և սպասվում է, որ Էնդրիկն ակումբային գրանցումը պաշտոնապես կփոխի հենց այդ ժամանակ, երբ արդեն 18 տարեկան դարձած կլինի։
Հաղորդվում է, որ «Չելսին» ու ՊՍԺ-ն շարունակում են մնալ պայքարում, իսկ «Բարսելոնան» դեռևս որևէ առաջարկ չի կատարել «Պալմեյրասին», ինչի հետևանքով էլ չեն սկսվել բանակցություններ։
Հիշեցնենք, որ Էնդրիկը վերջերս դարձել է բրազիլական Ա սերիայի պատմության ամենաերիտասարդ գոլի հեղինակը։
Սույն թվականի հոկտեմբերի 26-ին «Ատլետիկո Պարանաենսեի» դեմ խաղում Էնդրիկը մրցակցի դարպասը գրավել է 16 տարեկան 3 ամսական և 4 օրական հասակում։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Բարսելոնա, Բրազիլական Ա սերիա, Էնդրիկ, Չելսի, Պալմեյրաս, ՊՍԺ, Ռեալ Մադրիդ, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո