ԱԱ-2022. Հվ. Կորեան 90+2-րդ րոպեին խփած գոլի շնորհիվ դուրս եկավ 1/8 եզրափակիչ🎥
ԱԱ-2022-ի H խմբի 3-րդ տուրում Հարավայաին Կորեան մրցեց Պորտուգալիայի դեմ։
Կարելի է ասել` պորտուգալացիները հանդիպումն սկսեցին մեկ գնդակի առավելությամբ, քանի որ արդեն 5-րդ րոպեին Ռիկարդու Օրտան բացեց հաշիվը։
Այդուհանդերձ, Ֆերնանդու Սանթուշի թիմի ուրախությունը կարճ տևեց. 27-րդ րոպեին հարավկորեացիները Կիմ Յոն Վոնի ջանքերով հավասարեցրին հաշիվը։
Կողմերն ընդմիջման գնացին 1:1 հաշվի պայմաններում։
Երկրորդ կեսում էլ Պաուլու Բենտուի թիմն ուներ խաղային առավելություն և, ի վերջո , 90+2-րդ րոպեին հաղթանակ կորզեց. Հին Մին Սոնի հիանալի փոխանցումից հետո աչքի ընկավ Հվան Չի Չհանը։
Այսպիսով, Հարավային Կորեան 2:1 հաշվով դրամատիկ հաղթանակ կորզեց։
Այդ հանդիպմանը զուգահեռավար ընթացավ նաև Ուրուգվայ – Գանա հանդիպումը։
Լատինաամերիկացիներն առաջին կեսում երկու գնդակի առավելություն ստացան և պահեցին այն մինչև վերջ` հաղթելով 2:0 հաշվով։
Դիեգո Ալոնսոյի թիմի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ջորջիան դե Արասկաետան։
Նշենք, որ առաջին կեսում 0:0 հաշվի պայմաններում գանացիները վրիպեցին 11-մետրանոցից։
Նշակետից չկարողացավ աչքի ընկնել Անդրե Այուն. Ուրուգվային փրկեց դարպասապահ Սերխիո Ռոչետը։
H խմբի մրցաշարային աղյուսակը 3-րդ տուրից հետո վերջնական ստացավ հետևյալ տեսքը.
- Պորտուգալիա – 6 միավոր
- Հվ. Կորեա – 4 միավոր
- Ուրուգվայ – 4 միավոր
- Գանա – 3 միավոր
Այսպիսով, Պորտուգալիան և Հարավային Կորեան նվաճեցին 1/8 եզրափակիչի ուղեգիր, իսկ Ուրուգվայն ու Գանան լքեցին պայքարը։
Վերջում հավելենք, որ Հվ. Կորեան Ուրուգվային գերազանցեց ավելի շատ գոլեր խփելու շնորհիվ։ Պաուլու Բենտուի թիմը խփել է 4, իսկ «չարուան»` 2 գոլ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱԱ-2022, Անդրե Այու, Աշխարհի առաջնություն, Գանայի հավաքական, Հարավային Կորեայի հավաքական, Հին Մին Սոն, Մունդիալ-2022, Ուրուգվայի հավաքական, Պորտուգալիայի հավաքական, Ջիորջիան դե Արասկետա, Ռիկարդո Օրտա, Սերխիո Ռոչետ, Քաթար-2022