Գործարքը կայացած է. Պոլ Պոգբան վերադառնում է Յուվենտուս
«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Պոլ Պոգբան ազատ գործակալի կարգավիճակով կհամալրի «Յուվենտուսի» շարքերը։
Ինչպես տեղեկացնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, հունիսի 23-ին` Միլանում, «Յուվենտուսի» ներկայացուցիչների և ֆրանսիացի ֆուտբոլիստի գործակալի միջև հանդիպում է տեղի ունեցել, ինչից հետո կողմերը հասել են վերջնական համաձայնության։
Սպասվում է, որ 29-ամյա կիսապաշտպանն Իտալիա կմեկնի հուլիսի սկզբին, ինչից հետո բուժզննում կանցնի թուրինյան ակումբի համար և ավարտին կհասցնի գործարքը։
Նշվում է, որ Պոգբայի հետ պայմանագիր ցանկացել է կնքել նաև «Մանչեսթեր Սիթին»։ «Քաղաքաբնակների» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան պարբերաբար հեռախոսազրույցներ է ունեցել Պոգբայի հետ, սակայն վերջինս ցանկացել է տեղափոխվել միայն «Յուվենտուս»։
Ըստ ինսայդեր Նիկոլո Սկիրայի տեղեկությունների էլ` ֆրանսիացի կիսապաշտպանը «բյանկոներիների» հետ կնքելու է 3 տարվա պայմանագիր` մինչև 2025 թ. հունիսի 30-ը, իսկ նրա աշխատավարձը կկազմի 8 մլն եվրո, որին հավելավճարների տեսքով կավելանա ևս 2 մլն եվրո։
Հատկանշական է, որ Պոլ Պոգբան 2012-2016 թթ. արդեն հանդես եկել է «ծեր սենյորայի» կազմում, որի մարզաշապիկով անցկացրած 177 խաղում դարձել է 34 գոլի և 40 գոլային փոխանցման հեղինակ։
Ընդ որում, ֆրանսիացի ֆուտբոլիստը «Յուվեի» շարքերը համալրել էր հենց «Մանչեսթեր Յունայթեդից» ու կրկին ազատ գործակալի կարգավիճակով։
Հետագայում` 2016 թ. ամռանը, «կարմիր սատանաներն» այդ ժամանակվա համար ռեկորդային 105 մլն եվրոյի դիմաց հետ գնեցին իրենց սանին։
Պոգբան մանկունյական ակումբի կազմում անցկացրել է 233 հանդիպում` դառնալով 39 գոլի և 51 գոլային փոխանցման հեղինակ։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Մանչեսթեր-Յունայթեդ, Յուվենտուս, Նիկոլո Սկիրա, Պոլ-Պոգբա, տրանսֆերներ, Ֆաբրիցո Ռոմանո