Բենֆիկան ու Արսենալը չպարզեցին հաղթողին🎥
Շարունակվում է Եվրոպա լիգայի փլեյ-օֆֆ փուլը։ 1/16 փզրափակչի շրջանակում «Արսենալը» մրցեց «Բենֆիկայի» դեմ ։ Հանդիպումը կայացավ Հռոմի «Օլիմպիական» մարզադաշտում, սակայն տանտիրոջ կարգավիճակ ուներ պորտուգալական ակումբը։
Առաջին խաղակեսում լոնդոնցիները տիրում էին գնդակին, սակայն վտանգավոր գրոհների և դարպասի ուղղությամբ հարվածների առումով խաղադաշտում գրեթե հավասարություն էր տիրում, իսկ դիպուկ հարվածներով տանտերերն ունեին առավելություն՝ 4 դիպուկ հարված դարպասին, «զինագործների»՝ 2-ի դիմաց։
Այնուամենայնիվ, առաջին 45 րոպեների ընթացքում թիմերին վիճակված չէր դառնալ գոլի հեղինակ։ Կողմերը գնացին ընդմիջման 0։0 հաշվի պայմաններում։
Երկրորդ խաղակեսի մեկնարկից 10 րոպե անց «Բենֆիկայի» ֆուտբոլիստները հիանալի հնարավորություն վաստակեցին հաշվի մեջ առաջ անցնելու։ Սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղի համար նշանակվեց 11-մետրանոց հարված «Արսենալի» դարպասին, որն էլ անվրեպ իրացրեց պորտուգալացիների կիսապաշտպան Պիցին՝ բացելով հանդիպման հաշիվը՝ 1։0։
Այս գոլին Միկել Արտետայի սաները նույնպես արդյունավետ հարվածով պատասխանեցին «զինագործների» հաջորդ իսկ գրոհի ժամանակ։ 57-րդ րոպեին Սեդրիկ Սոարեշի փոխանցումից հետո հաշվի հավասարությունը վերականգնեցԲուկայո Սական։
Այս գոլային փոխանակությունից հետո խաղադաշտում հարաբերական անդորր էր տիրում։ «Արսենալը» շարունակում էր ավելի շատ տիրել գնդակին, սակայն սրություն չէր հաղորդում խաղին։
«Բենֆիկան», իր հերթին, ցանկանում էր առավելություն ստանալ պատասխան խաղից առաջ, սակայն, միևնույն ժամանակ, գիտակցում էր, որ կարող է պատժվել ռիսկային գրոհների ժամանակ։
Խաղի մնացած ժամանակահատվածում այլևս գոլեր չգրանցվեցին։ Խաղն ավարտվեց 1։1 հաշվով։ Հաջորդ փուլի ուղեգրի համար թիմերը կրկին կմրցեն միմյանց դեմ փետրվարի 25-ին՝ ժամը 21։55-ին։
# Արսենալ, բենֆիկա, Բուկայո Սակա, Եվրոպա-լիգա, Միկել Արտետա, Պիցի