Սոուչեկը փայլում է, Վեսթ Հեմը՝ բարձրանում քառյակ🎥
Հունվարի 26-ին մեկնարկեց անգլիական Պրեմիեր լիգայի 20-րդ տուրը, որի մեկնարկային խաղում միմյանց դեմ մրցեցին «Քրիստալ Փելասն» ու «Վեսթ Հեմը» ։
«Մրճահարները», որոնք վերջին շրջանում միայն հաղթանակներ են տոնում, այս անգամ նույնպես գլուխները բարձր հեռացան խաղադաշտից։
Դևիդ Մոյեսի սաները համառ պայքարում հյուրընկալվելիս 2։3 հաշվով կամային հաղթանակ տարավ «Փելասի» նկատմամբ։
Հաշիվը բավական արագ բացվեց․ 3-րդ րոպեին Վիլֆրիդ Զահան առաջ մղեց «արծիվներին», սակայն հյուրերը շատ արագ ոչ միայն հավասարեցրին, այլև առաջ անցան հաշվի մեջ։
9-րդ ու 25-րդ րոպեներին երկու անգամ աչքի ընկավ Տոմաշ Սոուչեկը՝ դառնալով դուբլի հեղինակ։
Սոուչեկը, ընդհանրապես, դարձել է «Վեսթ Հեմի» թաքնված առաջատարը և նույնիսկ, հանդես գալով հենակետային կիսապաշտպանի դիրքում, ԱՊԼ-ի ընթացիկ մրցաշրջանում խփել է 7 գնդակ։ Այդ ցուցանիշով նա լոնդոնյան ակումբի լավագույն ռմբարկուն է։
Երկրորդ խաղակեսի միջնամասում՝ 65-րդ րոպեին, Քրեյգ Դոուսոնը հաշիվն դարձրեց արդեն 1։3, իսկ «Փելասի» ֆուտբոլիստներին հանդիպման հետագա ժամանակահատվածում հաջողվեց միայն կրճատել հաշվի տարբերությունը․ 90+7-րդ րոպեին էլ հանդիպման վերջակետը դրեց Միշի Բատշուային։
Այսպիսով, «Վեսթ Հեմը» բոլոր պաշտոնական խաղերում տոնում է արդեն 6-րդ անընդմեջ հաղթանակը։
Ակումբն այս հաղթանակից հետո վաստակեց 35 միավոր, շրջանցեց «Լիվերպուլին», «Տոտենհեմին» և «Էվերտոնին» ու բարձրացավ մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնական, իսկ «Քրիստալ Փելասը» 23 միավորով 13-րդն է։
Զուգահեռաբար ընթացող խաղում էլ «Լիդսը» հյուրընկալվելիս 1։2 հաշվով առավելության հասավ «Նյութասլի» նկատմամբ։
Մարսելո Բիելսայի սաներին հաղթանակ պարգևեցին Ռաֆինիայի ու Ջեք Հարիսոնի գոլերը, իսկ «կաչաղակների» միակ գոլը խփեց Միգել Ալմիրիոնը։
«Լիդսը» 26 միավորով բարձրացավ 12-րդ հորիզոնական, իսկ «Նյուքասլը» շարունակում է պարտվել ու պարտվել՝ վերջին 11 պաշտոնական խաղերում կրելով 10-րդ պարտությունը։
«Նյուքասլը» մնաց 19 միավորով և զբաղեցնում է 16-րդ հորիզոնականը։
# ԱՊԼ, Դևիդ Մոյես, Լիդս, Մարսելո Բիելսա, Միգել Ալմիրիոն, Միշի Բատշուայի, Նյուքասլ, Ջեք Հարիսոն, Ռաֆինյա-Լիդս, Վեսթ Հեմ, Վիլֆրիդ Զահա, Տոմաշ Սոուչեկ, Քրեյգ Դոուսոն, Քրիստալ-Փելաս