Բարսելոնան Արթուրին թույլ չի տվել մուտք գործել Կամպ Նոու

Բարսելոնան Արթուրին թույլ չի տվել մուտք գործել Կամպ Նոու

09/08/2020 - 13:25

Երեկ՝ օգոստոսի 8-ին, «Բարսելոնան» «Կամպ Նոու» մարզադաշտում 3։1 հաշվով հաղթեց «Նապոլիին»՝ նվաճելով Չեմպիոնների լիգայի քառորդ եզրափակչի ուղեգիր։

Ինչպես գիտեք, կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանդիսականներին չի թույլատրվում մուտք գործել մարզադաշտ, սակայն ակումբների խաղացողները կարող են տրիբունաներից հետևել իրենց թիմի խաղին։

Սակայն, «Բարսելոնան» ակումբի նախկին ֆուտբոլիստ Արթուրին չի թույլատրել մուտք գործել «Կամպ Նոու» մարզադաշտ։ Բանն այն է, որ Արթուրն արդեն ձևակերպել է իր տեղափոխությունը «Յուվենտուս» և Լա լիգայի ավարտից հետո այլևս չի ցանկանում մարզվել և հանդես գալ կատալոնական ակումբի կազմում։ Արդյունքում, ինչպես տեղեկացնում է Mundo Deportivo-ն, կատալոնական ակումբը որոշել է փոխադարձ վերաբերմունք ցույց տալ բրազիլացի ֆուտբոլիստին։

Աղբյուրի փոխանցմամբ՝ Արթուրն ու «բլաուգրանասի» սպորտային տնօրեն Էրիկ Աբիդալը պետք է հանդիպեն, որպեսզի քննարկեն խաղացողի գործող պայմանագրի որոշ կետեր, քանի որ, ըստ պայմանագրի, նա պետք է միանար մարզումներին և ակումբի հետ պատրաստվեր ու մասնակցեր Չեմպիոնների լիգայի խաղերին։

Հիշեցնենք, որ «Յուվենտուսը» Արթուրի տրանսֆերի դիմաց կատալոնական ակումբին վճարել է 72 մլն եվրո, իսկ թուրինյան ակումբից հակառակ ուղղությամբ է ուղևորվելու Միրալեմ Պյանիչը։ «Բարսան» այդ տրանսֆերի դիմաց վճարել է 60 մլն եվրո։

Հավելենք, որ, ի տարբերություն Արթուրի, բոսնիացի կիսապաշտպանը «ծեր սենյորայի» կազմում մասնակցեց Չեմպիոնների լիգայի «Լիոնի» դեմ կայացած պատասխան խաղին, որի շրջանակում «Յուվեն» հաղթեց 2։1 հաշվով, սակայն լքեց պայքարը։

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023