Հենկ դե Յոնգ․ «Մեծ խայտառակություն է երկրի սպորտի պատմության համար»
Հոլանդական «Կամբյուրը» ներկայացնող ակումբի գլխավոր մարզիչ Հենկ դե Յոնգը մեկնաբանել է երկրում պրոֆեսիոնալ ֆուտբոլի վերջնական դադարեցման գաղափարը։ Նշենք, որ «Կամբյուրը» Հոլանդիայի՝ նշանակությամբ երկրորդ դիվիզիոնի առաջատարն էր և հաջորդ մրցաշրջանում պատրաստվում էր վերադառնալ Էրեդիվզիա։
«Սա մեծ խայտառակություն է Հոլանդիայի սպորտի պատմության համար։ Այս որոշումը կայացնողները պետք է իրենց վրա վերցնեն պատասխանատվությունը։ Սա վատագույն սցենարն էր, որը հնարավոր էր պատկերացնել։ Մենք 11 միավորի առավելություն ունեինք երրորդ տեղի նկատմամբ և գրեթե նվաճել էինք Էրեդիվիզիայի ուղեգիր»,- մարզչի խոսքերը մեջբերում է Voetbalzone-ն։
Ըստ մրցաշարի կանոնակարգի՝ երկրորդ դիվիզիոնի լավագույն երկու ակումբները նվաճում են Էրեդիվիզիայի ուղեգիր, իսկ լավագույն երրորդ ակումբը անցումային հանդիպումներ է անցկացնում բարձրագույն խմբի արդյունքներով 14-րդ հորիզոնականը զբաղեցրած ակումբի հետ։
Հիշեցնենք, որ Նիդեռլանդների կառավարությունը երեկ պաշտոնապես հայտարարեց, որ պրոֆեսիոնալ առաջնություններն այլևս չեն վերսկսվելու, որոնք մինչև սեպտեմբերի 1-ը դադարեցվել էին։
# Էրեդիվիզիա, Կամբյուր, Հենկ դե Յոնգ