Մանչեսթեր Սիթիին չի կանգնեցնի և ոչ մի որակազրկում?
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչի ամենասպասված հանդիպման շրջանակում «Ռեալը» «Սանտիագո Բերնաբեու» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ։
Առաջին խաղակեսն ընդհանուր առմամբ անցավ հավասար պայքարում, սակայն «քաղաքաբնակների» գրոհները շատ ավելի սուր էին և երկու անգամ հաջողվեց իրապես սպառնալ Տիբո Կուրտուայի պաշտպանած դարպասին։
20-րդ րոպեին Գաբրիել Ժեզուսը հիանալի փոխանցում ստացավ Կևին դե Բրոյնեից։ Բրազիլացի խաղացողը մեկ հպումով խաբս տվեց Ռաֆայել Վարանին, սակայն հարվածեց ուղիղ դարպասապահի վրա։
30-րդ րոպեին լուրջ վտանգավոր պահ ստեղծեց արդեն «արքայական» ակումբը, երբ Ֆերլան Մենդին գնդակը «կախեց» տուգանային հրապարակի վրա, իսկ Կարիմ Բենզեմայի հարվածից հետո անհավանական սեյվի հեղինակ դարձավ Էդերսոնը։
Առաջին խաղակեսի ամենավերջում «Սիթին» անկյունայինի իրավունք վաստակեց, որի իրացումից հետո Գաբրիել Ժեզուսը խառնաշփոթ իրավիճակում հարվածեց, գնդակը դիպավ Սերխիո Ռամոսին և քիչ էր մնում հայտնվեր դատարկ դարպասը, սակայն «Ռեալին» հրաշքով փրկեց Կազեմիրոն։
Երկրորդ խաղակեսն անցավ ավելի դրամատիկ և ակտիվ պայքարում։ Խաղափուլի հենց մեկնարկում «Սիթին» հաշիվը բացելու երեք հիանալի պահ ձեռքից բաց թողեց։ Բոլոր դեպքերում Ռիյադ Մարեզը վրիպեց նպաստավոր դիրքերից։ Երկու դրվագում հիանալի խաղաց Տիբո Կուրտուան, իսկ դրվագներից մեկում էլ վրիպեց ալժիրցի խաղացողը։
Այդ դրվագներից հետո «Ռեալը» բացեց հանդիպման հաշիվը։ Դաշտի կենտրոնում «Սիթիի» խաղացողները կոպիտ սխալ թույլ տվեցին, ինչից հետո գնդակը հայտնվեց Վինիսիուս Ժունիորի մոտ, ով հիանալի իր վրա «հավաքեց» մրցակցի պաշտպաններին և փայլուն փոխանցումով հարվածային դիրք դուրս բերեց Իսկոյին, իսկ իսպանացի խաղացողը չվրիպեց նպաստավոր դիրքից։
Խփած գնդակից հետո Պեպ Գվարդիոլայի սաներն ամբողջությամբ տիրեցին նախաձեռնությանը՝ փորձելով փրկել խաղը, իսկ «սերուցքայինները» նետվում էին հակագրոհների։
Մոտ 20 րոպե վտանգավոր պահեր չկային, սակայն 78-րդ րոպեին հյուրերին հաջողվեց խփել պատասխան գնդակը։ Իլկայ Գյունդողանը հիանալի փոխանցում կատարեց ձախ եզրում գտնվող Ռահիմ Սթերլինգին, ով էլ գնդակը հասցրեց Կևին դե Բրոյնեին։ Բելգիացի խաղացողը իր վրա «քաշեց» մրցակցի գրեթե ողջ պաշտպանությունը և բարձրից փոխանցում կատարեց Գաբրիել Ժեզուսին, ով գլխի հիանալի հարվածով հավասարեցրեց հաշիվը՝ օդային պայքարում հաղթելով Սերխիո Ռամոսին։
81-րդ րոպեին փոխարինման դուրս եկած Սթերլինգը ձախ եզրից ներխուժեց «Ռեալի» տուգանային հրապարակ, սակայն Դանի Կարվախալը խախտման գնով կանգնեցրեց անգլիացի եզրայինին։ Մրցավար Դանիելե Օրսատոն նշանակեց 11 մետրանոց հարված, որը սառնասրտորեն իրացրեց Կևին դե Բրոյնեն։
86-րդ րոպեին «Ռեալը» հայտնվեց էլ ավելի ծանր վիճակում։ Գաբրիել Ժեզուսը դուրս էր գալիս մեն-մենակ դարպասապահի դիմաց, սակայն Սերխիո Ռամոսը թույլ տվեց վերջին հույսի խախտում՝ հեռացվելով խաղադաշտից։
Այսպիսով, Զինեդին Զիդանի թիմը պատասխան խաղից առաջ չափազանց բարդ իրավիճակում հայտվեց։ Այսօր անգլիական ակումբը հիանալի տեսք ուներ, և եթե չլիներ դաշտի կենտրոնում թույլ տված այդ սխալը, ապա, հնարավոր է, որ «Սիթին» հաղթեր նաև «չոր» հաշվով։ Պեպ Գվարդիոլան էլ մարտավարական առումով շատ ավելի լավ էր պատրաստել իր թիմին, քան Զիդանը։ «Քաղաքաբնակներին» օգնեց հանգստությունը։ Ամեն դեպքում՝ դեռևս կա պատասխան հանդիպում և Զիդանը սխալներն ուղղելու համար 3 շաբաթ ժամանակ ունի։
# Գաբրիել Ժեզուս, Իսկո, Կևին դե Բրոյնե, Մանչեսթեր-Սիթի, Չեմպիոնների-լիգա, Ռեալ Մադրիդ, Սերխիո-Ռամոս, Վինիսիուս