ԿԼ. Ֆիորենտինայի ու Պուշկաշ Ակադեմիայի թրիլերային ոչ-ոքին 🎥
Կոնֆերենցիաների լիգայի որակավորման փլեյ-օֆֆ փուլի առաջին խաղում «Ֆիորենտինան» սեփական մարզադաշտում մրցեց հունգրական «Պուշկաշ Ակամդեմիայի» դեմ։
Հանդիպումն անցավ անչափ հետաքրքիր և թրիլերային պայքարում, որի ընթացքում կողմերը գրանցեցին մարտական ոչ-ոքի` 3:3։
Հյուրերը հանդիպման մեկնարկում իսկական սառը ցնցուղ էին պատրաստել «մանուշակների» համար և արդեն 12-րդ րոպեի դրությամբ հաղթում էին երկու գնդակի տարբերությամբ։
Խաղի հաշիվը 9-րդ րոպեին բացեց Ժոլտ Նադը, իսկ 12-րդ րոպեին այն կրկնապատկեց Միքայել Սոյսալոն։
Իտալական անվանի ակումբը հետագայում կարողացավ ուշքի գալ, բեկել հանդիպման ընթացքն ու երեք գոլ ուղարկել մրցակցի դարպասը. աչքի ընկան Ռիկարդո Սոտիլը, Լուկաս Մարտինեսն ու Մոյզե Կենը։
Թվում էր` Ռաֆայելե Պալադինոյի գլխավորած թիմը, ի վերջո, հաղթանակ կտանի, բայց այդ սցենարի հետ համաձայն չէին «Պուշկաշ Ակադեմիայի» ֆուտբոլիստբերը, որոնք 89-րդ րոպեին Վոյցեխ Գոլայի ջանքերով ոչ-ոքի կորզեցին։
Հավելենք, որ կողմերը պատասխան հանդիպումն անցկացնելու են օգոստոսի 29-ին Հունգարիայում։
Հիշեցնենք, որ մրցաշարի որակավորման երրորդ փուլում «Պուշկաշ Ակադեմիան» հաղթահարել էր Հայաստանի գավաթակիր «Արարատ-Արմենիայի» արգելքը։ Դիմակայությունում գրանցվեց 4:3 հաշիվը։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# Ժոլտ Նադ, Լուկաս Մարտինես, Կոնֆերենցիաների լիգա, Միքայել Սայսալո, Մոյզե Քին, Պուշկաշ Ակադեմիա, Ռաֆայել Պալադինո, Ռիկարդո Սոտիլ, Վոյցեխ Գալո, Ֆիորենտինա