Լիվերպուլը մոտ է նոր գլխավոր մարզիչ նշանակելուն
«Լիվերպուլը» շարունակում է ակումբի գլխավոր մարզչի պաշտոնում փոխարինող փնտրել Յուրգեն Կլոպի համար, ով 2023/24 մրցաշրջանի ավարտին հեռանալու է ակումբից։
Ինսայդեր Նիկոլո Սկիրան գրում է, որ Կլոպին փոխարինելու ամենահավանական թեկնածուն Լիսաբոնի «Սպորտինգի» գլխավոր մազիչ Ռուբեն Ամորիմն է։
Աղբյուրի փոխանցմամբ` մերսիսայդյան ակումբը բավական հաջող բանակցություններ է վարում 39-ամյա մասնագետի հետ։ Կողմերը մինչև 2027 թ. հունիսի 30-ը պայմանագիր են համաձայնեցրել։
Ավելի վաղ ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնել է, որ պորտուգալացի մասնագետի ու «Սպորտինգի» միջև գործող պայմանագրում առկա է հրաժարագնի երեք կետ։
Պորտուգալական ակումբների համար Ամորիմի հրաժարագինը 30 միլիոն եվրո է, իսկ արտասահմանյան ակումբների համար` 20։ Եթե մարզիչը որևէ թոփ ակումբից առաջարկ ստանա, «Սպորտինգը» այդ գումարը պատրաստ է նվազեցնել մինչև 10 միլիոն եվրոյի։
Ռուբեն Ամորիմը «Սպորտինգը» մարզում է 2020 թ. մարտից։ «Առյուծները» մասնագետի գլխավորությամբ մեկ անգամ դարձել են Պորտուգալիայի չեմպիոն, երեք անգամ նվաճել են երկրի Լիգայի գավաթը, մեկ անգամ էլ` Սուպերգավաթը։ Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում «Սպորտինգը» 27 խաղից հետո վաստակել է 71 միավոր և գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ Մոտակա հետապնդող «Բենֆիկան» ունի 67 միավոր, որը, «Սպորտինգի» համամետ, մեկ հանդիպում շատ է անցմացրել։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
# ԱՊԼ, Լիվերպուլ, Յուրգեն-Կլոպ, Ռուբեն Ամորիմ, Սպորտինգ