Տրանսֆերային դրամա. Կայսեդոն մերժել է Լիվերպուլին և ցանկանում է տեղափոխվել Չելսի

Տրանսֆերային դրամա. Կայսեդոն մերժել է Լիվերպուլին և ցանկանում է տեղափոխվել Չելսի

11/08/2023 - 19:17

Ինչպես արդեն տեղեկացրել ենք, «Լիվերպուլը» մոտ է անգլիական Պրեմիեր լիգայի համար ռեկորդային՝ 127 մլն եվրոյի դիմաց «Բրայթոնի» կիսապաշտպան Մոյզես Կայսեդոյին ձեռք բերելուն:

Հայտնի էր նաև, որ երկու ակումբներն պատրաստում են բոլոր փաստաթղթերը, որպեսզի այսօր` օգոստոսի 11-ին, ավարտին հասցնեն գործարքը։

Մերսիսայդյան ակումբի գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը նույնիսկ այսօր տեղի ունեցած մամուլի ժամանակ հաստատել է, որ «Լիվերպուլը» Կայսեդոյի գործարքի հարցում համաձայնության է հասել «Բրայթոնի» հետ.

«Ինձ ասել են, որ կարող եմ հաստատել, որ Մոյզես Կայսեդոյի գործարքի հարցում ակումբը համաձայնության է հասել։

Ֆուտբոլիստի հետ դեռ պետք է հանդիպեմ, սակայն չեմ կարող ասել, թե երբ տեղի կունենա բուժզննումը։

Մենք փորձում ենք գործարքը վերջնական ավարտին հասցնել, իսկ ակումբն, իրոք, այդ հարցում բավական առաջընթաց ունի»,- նշել է Կլոպը, ում խոսքերը մեջբերում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։

Այդուհանդերձ, չնայած այդ ամենին, Ռոմանոն հաստատում է, որ էկվադորցի ֆուտբոլիստը մերժել է «Լիվերպուլին» և մերսիսայդյան ակումբի ներկայացուցիչներին հայտնել է, որ ցանկանում է տեղափոխվել «Չելսի»։

«Ազնվականներն» արդեն ամիսներ շարունակ փորձում են ձեռք բերել 21-ամյա ֆուտբոլիստին, սակայն նրա տրանսֆերի հարցում ոչ մի կերպ չեն կարողանում համաձայնության հասնել «Բրայթոնի» հետ։

Աղբյուրի փոխանցմամբ` դեռ սույն թվականի մայիսին Կայսեդոն «Չելսիին» խոստում էր տվել, որ համալրելու է հենց լոնդոնյան ակումբի շարքերն ու որոշել է չդրժել այն։

Նշենք, որ «Չելսին», նախքան «Լիվերպուլի» վերոնշյալ առաջարկը (127 մլն եվրո), գործարքի դիմաց «ճայերին» առաջարկել էր 115 մլն եվրո։

«Բրայթոնը» բազմիցս հայտարարել է, որ Կայսեդոյին վաճառելու է այն ակումբին, որը գործարքի դիմաց կվճարի ամենաշատը։

Ներկա պահին էկվադորցի ֆուտբոլիստը, միանշանակ, չի մեկնելու Լիվերպուլ և դեռևս հստակություն չկա նրա ապագայում։

Հավելենք, որ Մոյզես Կայսեդոն «Բրայթոնի» կազմում հանդես էր գալիս 2021 թ. հունվարից` անցկացրած 53 խաղում դառնալով 2 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023