Հալանդը Մբապեին պատասխանում է իր փայլուն խաղով․ Իսպանական թիմերի ֆիասկոն շարունակվում է🎥

Հալանդը Մբապեին պատասխանում է իր փայլուն խաղով․ Իսպանական թիմերի ֆիասկոն շարունակվում է🎥

18/02/2021 - 01:52

Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության 1/8 եզրափակչի առաջին հանդիպման շրջանակում «Սևիլիան» «Ռամոն Սանչես Պիսխուան» մարզադաշտում մրցեց «Բորուսիա Դորտմունդի» դեմ։

Հանդիպումը բավական ակտիվ սկսեցին տանտերեը, ովքեր արդեն 7-րդ րոպեին բացեցին խաղի հաշիվը, իսկ գոլի հեղինակ դարձավ Սուսոն։

Թվում էր՝ «Սևիլիան» հերթական իր ոճով՝ բալանսավորված խաղն է անցկացնելու, սակայն «Բորուսիայի» ֆուտբոլիստներն այն, ինչ արեցին առաջին խաղակեսի մնացած ժամանակահատվածում, պարզապես, հիասքանչ էր։

Նախ 19-րդ րոպեին Էրլինգ Հալանդի սկսած գրոհը հեռահար հարվածով եզրափակեց Մահմուդ Դահուդը՝ դառնալով բավական գեղեցիկ գոլի հեղինակ, ապա 27-րդ րոպեին նույն Հալանդը «պատ» խաղարկեց Ջեյդոն Սանչոյի հետ և դուրս եկավ մեն-մենակ մրցակցի դարպասապահ Բոնոյի դիմաց ու գրավեց վերջինիս պաշտպանած դարպասը։

Խփած երկրորդ գոլից հետո էլ դորտմունդյան ակումբը խաղի նախաձեռնությունը պահում էր ձեռքում և նախքան ընդմիջման գնալն էլ ավելի մեծացրեց իր առավելությունը։

43-րդ րոպեին Էդին Թերզիչի սաները նետվեցին կտրուկ հակագրոհի, ինչի արդյուքնում Մարկո Ռոյսը հարվածային դիրք դուրս բերեց նորվեգացի «մարդասպանին», ով էլ հաշիվը դարձրեց արդեն 1։3։

20-ամյա վունդերքինդը Չեմպիոնների լիգայի ընթացիկ մրցաշրջանում շարունակում է փայլել։ Նրա անվան դիմաց արդեն գրանցվել է 8 գնդակ և վստահորեն գլխավորում է լավագույն ռմբարկուների ցուցակը։

Միայն հավելենք, որ Հալանդը ՉԼ շրջանակում ընդհանուր առմամբ անցկացրել է 13 հանդիպում և դարձել է արդեն 18 գոլի հեղինակ։

Հանդիպման երկրորդ խաղակեսում «իշամեղուները» հանգստացրին խաղը, իսկ «Սևիլիան» շոկային առաջին կեսից հետո, կարծես, ընկճված լիներ և երկար ժամանակ ոչինչ չէր կարողանում ստեղծել մրցակցի դարպասի ուղղությամբ։

Միայն 74-րդ րոպեին «կարմրասպիտակները» փորձեցին «արթնանալ»։ Խուլիեն Լոպետեգիի սաները հարձակման ձախ եզրում տուգանային հարվածի իրավունք էին վաստակել․ փորձեց գոլի հեղինակ դառնալ փոխարինման դուրս եկած Օսկար Ռոդրիգեսը, ում հարվածից հետո գնդակը դիպավ դարպասաձողին, ապա Մարվին Հիթցը մեծ դժվարությամբ հեռացրեց այն։

84-րդ րոպեին, ի վերջո, «Սևիլիայի» ֆուտբոլիստներին հաջողվեց կրճատել հաշվի տարբերությունը։ Հերթական տուգանայինի իրացումից հետո Օսկար Ռոդրիգեսի փոխանցումից հետո Լյուկ դե Յոնգը հաշիվը դարձրեց 2։3։

Խաղավարտին մոտ երկու ակումբներն էլ ակտիվացան, սակայն այլևս դարպասի գրավումներ չարձանագրվեցին։

Այսպիսով, «Բորուսիան» հյուրընկալվելիս 3։2 հաշվով վստահ հաղթանակ տարավ «Սևիլիայի» նկատմամբ և պատախան խաղից առաջ լուրջ առավելություն ստացավ։

Կողմերի միջև պատասխան հանդիպումը կկայանա մարտի 10-ին՝ Երևանի ժամանակով կեսգիշերից սկսած։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023