Սևիլիան լուրջ դիմադրություն ցույց տվեց, սակայն Բավարիան ապացուցեց բարձր կարգը🎥

Սևիլիան լուրջ դիմադրություն ցույց տվեց, սակայն Բավարիան ապացուցեց բարձր կարգը🎥

25/09/2020 - 01:27

Սեպտեմբերի 24-ին Բուդապեշտում կայացավ ՈՒԵՖԱ-ի Սուպեր գավաթի հանդիպումը, որի շրջանակում միմյանց դեմ մրցեցին Չեմպիոնների լիգայի և Եվրոպա լիգայի 2019/20 խաղարկության հաղթողները՝ «Բավարիան» և «Սևիլիան»։

Հանդիպումը մեկնարկեց բավականին անսպասելի: Հանդիպամ 13-րդ րոպեին մյունխենյան ակումբի պաշտպան Դավիդ Ալաբան սեփական տուգանային հրապարակում միայն կանոնների խախտման գնով կանգնեցրեց Լուկ դե Յոնգին, ինչի արդյունքում նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Լուկաս Օկամպոսը։

Բաց թողած գոլից հետո Հանսի Ֆլիկի սաները քիչ-քիչ խաղային առավելություն ձեռք բերեցին, ինչի արդյուքնում Լեոն Գորեցկան 34-րդ րոպեին հավասարեցրեց հաշիվը՝ եզրափակելով Ռոբերտ Լևանդովսկու փոխանցումը։

Երկրորդ խաղակեսի մեկնարկում՝ 51-րդ րոպեին, հաշվի մեջ առաջ անցան արդեն «Բավարիայի» ֆուտբոլիստները, սակայն հանդիպման գլխավոր մրցավար Էնթոնի Թեյլորը, դիտելով տեսասկրկնապատկերը, չեղարկեց գոլը, արձանագրելով խաղից դուրս վիճակ։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ «գերմանական մեքենան» ուներ տարածքային և խաղային լուրջ առավելություն, սակայն ոչ մեկ կերպ չհաջողվեց խփել հաղթական գնդակը, նույնիսկ 87-րդ րոպեին քիչ էր մնում անդալուսական ակումբի ֆուտբոլիստները հաղթանակ կորզեն, սակայն Յուսուֆ Էն-Նեսերին չկարողացավ հաղթող դուրս գալ Մանուել Նոյերի դեմ մենապայքարում։

Խաղի հիմնական ժամանակն ավարտվեց 1։1 հաշվով և նշանակվեց լրացուցիչ ժամանակ, որը բավականին ակտիվ սկսեցին հենց «Սևիլիայի» ֆուտբոլիստները։ 92-րդ րոպեին գոլի հեղինակ դառնալու լավ հնարավորություն ձեռքից բաց թողեց նույն Էն-Նեսերին, ում հարվածից հետո այդ անգամ Նոյերն անհաջող գնդակը հետ մղեց, ինչից հետո այն դիպավ դարպասաձողին։

Այդ դրվագից հետո «Բավարիայի» ֆուտբոլիստները սկսեցին ճնշել մրցակցին, ինչի արդյունքում 104-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Խավի Մարտինեսն առաջ մղեց իր թիմին։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում մյունխենյան ակումբի ֆուտբոլիստները «չորացրին» խաղը՝ մոտեցնելով այն իր տրամաբանական ավարտին։

Այսպիսով, «Բավարիան» բավականին դժվար պայքարում հաղթեց 2։1 հաշվով և պատմության մեջ երկրորդ անգամ նվաճեց Եվրոպայի Սուպեր գավաթը։

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023