Սարսափելի վնասվածք Էրեդիվիզիայում. Վալվեյկ – Այաքս հանդիպումն անավարտ է մնացել🎥📸

Սարսափելի վնասվածք Էրեդիվիզիայում. Վալվեյկ – Այաքս հանդիպումն անավարտ է մնացել🎥📸

01/10/2023 - 13:26

Հոլանդական Էրեդիվիզիայի 7-րդ տուրի «Վալվեյկ» – «Այաքս» հանդիպումը 85-րդ րոպեին ընդհատվել է և մնացել անավարտ։

Բանն այն է, որ «Վալվեյկի» դարպասապահ Էթիեն Վասենը «Այաքսի» հարձակվող Բրայան Բրոբիի հետ բախման պատճառով սարսափելի վնասվածք է ստացել։

Բրոբին ոչ միտումնավոր ոտքով հարվածել է Վասենի դեմքին, ինչի հետևանքով 28-ամյա դարպասապահն անմիջապես ուշագնաց է եղել։

Դեպքից ընդամենը վայրկյաններ անց «Վալվեյկի» և «Մանդեմակերս» մարզադաշտի բուժանձնակազմը ներխուժել է խաղադաշտ ու սկսել սրտամկանի մերսում կատարել Վասենին։

Բժիշկները ստիպված են եղել հոլանդացի դարպասապահի կյանքը փրկելու համար միացնել նաև սրտի աշխատանքը խթանող սարք` դեֆիբիլիատոր։

6 րոպե անց բուժանձնակազմը Վասենին զգուշորեն դրել է պատգարակի վրա և ծածկոցով փակած նրան հեռացրել մարզադաշտից` անմիջապես հոսպիտալացնելով նրան։

Հատկանշական է, որ երկու ակումբների ֆուտբոլիստներն էլ շոկի մեջ են եղել կատարվածից. որոշները նույնիսկ արտասվել են, իսկ ոմանք` աղոթում էին, որպեսզի բուժանձնակազմը փրկի Վասենի կյանքը։

Բարեբախտաբար, հետագայում «Վալվեյկը» հանդես եկավ պաշտոնական հայտարարությամբ` հայտնելով, որ Էթիեն Վասենը գիտակցության է եկել ու նրա կյանքին վտանգ չի սպառնում.

««Վալվեյկի» սիրելի երկրպագուներ, մենք չափազանց ցնցված ենք դարպասապահ Էթիեն Վասենի հետ տեղի ունեցած միջադեպից։

Մանրակրկիտ բուժզննումից հետո կարող ենք հայտնել, որ նա այժմ գիտակից վիճակում է։

Նա տեղափոխվել է հիվանդանոց՝ հետագա հետազոտության համար։

Էթիենին մաղթում ենք ուժ և անսպառ եռանդ։ Հուսով ենք, որ նա շուտով կմիանա մեզ»,- նշված է «Վալվեյկի» տարածած հաղորդագրության մեջ։

Նշենք, որ հանդիպման ընդհատման պահին «Այաքսը» հաղթում էր 3:2 հաշվով։

Ավելացնենք, որ դեռևս հայտնի չէ, թե երբ է շարունակվելու հանդիպումը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023