Կումանն ու Լապորտան հանդիպել են․ մանրամասներ են հայտնի դարձել

Կումանն ու Լապորտան հանդիպել են․ մանրամասներ են հայտնի դարձել

24/03/2021 - 18:57

Ինչպես տեղեկացնում է Marca-ն՝ հղում կատարելով կատալոնական TV3 հեռուստաընկերությանը, «Բարսելոնայի» նորընտիր նախագահ Ժոան Լապորտան մարտի 23-ին հանդիպել է ակումբի գլխավոր մարզիչ Ռոնալդ Կումանի հետ և քննարկել մի շարք կարևոր հարցեր։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը հոլանդացի մասնագետի ապագայի հարցում համաձայնության են հասել․ վերջինս «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում կմնա նաև հաջորդ մրցաշրջանում։

Բացի դրանից, Mundo Deportivo-ին հաջողվել է այդ հանդիպումից այլ մանրամասներ ևս պարզել։

Պարբերականը գրել է, որ Կումանը 5 ցանկություն է հայտնել Ժոան Լապորտային։

Հոլանդացի մասնագետի առաջին ցանկությունը եղել է այն, որ երկարաձգվեն պայմանագրերը Լեո Մեսսիի և Ուսման Դեմբելեի հետ։ Արգենտինացի ֆուտբոլիստի գործող պայմանագիրն ուժի մեջ է մինչև 2021 թվականի հունիսի 30, իսկ Դեմբելեինը՝ 2022 թվականի հունիսի 30։

Երկրորդ՝ կենտրոնական հարձակվողի ձեռքբերում։ Հոլանդացի մասնագետը նախապատվություն տալիս է «Լիոնի» հարձակվող Մեմֆիս Դեպային և նախագահին խնդրել է ձեռքբերել հենց նրան։

Երրորդ՝ կենտրոնական կիսապաշտպանի ձեռքբերում։ Այս դիրքում էլ Կումանը տեսնում է «Լիվերպուլի» կիսապաշտպան Ժորժինիո Վեյնալդումին։

Չորրորդ՝ կենտրոնական պաշտպանի ձեռքբերում։ Հայտնի է դարձել, որ «Բարսելոնան» վաղուց համաձայնության է հասել «Մանչեսթեր Սիթիի» կենտրոնական պաշտպան Էրիկ Գարսիայի հետ, ով մոտ ժամանակներս կատալոնացիների հետ 5 տարվա պայմանագիր կկնքի։ Ինչպես «կատպանռնագույնների» սանը, այնպես էլ Դեպայն ու Վեյնալդումը ամռանը դառնալու են ազատ գործակալ, ինչն էլ ավելի է հեշտացնում Ժոան Լապորտայի խնդիրը։

Եվ հինգերորդ՝ Ռոնալդ Կումանը գտնում է, որ ակումբին նոր ձախ պաշտպան է հարկավոր, որպեսզի հարկ եղած դեպքում փոխարինի Ժորդի Ալբային։ 58-ամյա մասնագետն այդ հանդիպմանը նշել է, որ ձախ պաշտպանի դիրքում պատրաստ է օգտագործել նաև «Բարսելոնա Բ»-ի ֆուբտոլիստ Ալեխանդրո Բալդեին՝ հրավիրելով նրան առաջին թիմ։

Հիշեցնենք, որ Ռոնալդ Կումանը «Բարսելոնայի» գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվել է 2020 թվականի օգոստոսին։ Մինչ այժմ կատալոնական ակումբը հոլանդացի մասնագետի գլխավորությամբ անցկացրել է 43 հանդիպում, տոնել է 29 հաղթանակ, 6 խաղ ավարտվել է ոչ-ոքի, 8 անգամ էլ պարտվել է՝ գնդակների 103։46 հարաբերակցությամբ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023