Ռեալի նավը կանգուն է?

Ռեալի նավը կանգուն է?

02/03/2020 - 02:10

Իսպանական Լա լիգայի 26-րդ տուրի շրջանակում տեղի ունեցավ հերթական Էլ կլասիկոն։ «Ռեալը» սեփական հարկի տակ մրցեց «Բարսելոնայի» դեմ՝ հաղթելով 2։0 հաշվով։

Առաջին խաղակեսն անցավ թիմերի փոխնիփոխ գրոհների ներքո, սակայն «Բարսելոնայի» գրոհներն ավելի վտանգավոր և մտածված էին։

Առաջին լուրջ վտանգավոր պահը ստեղծվեց 21-րդ րոպեն, երբ ձախ եզրից Ժորդի Ալբան հարվածային դիրք դուրս բերեց Անտուան Գրիզմանին, սակայն ֆրանսիացու մեկ հպումով հարվածը շեղ ստացվեց։

34-րդ րոպեին կատալոնացիները հաշիվը բացելու ևս մեկ հիանալի հնարավորություն բաց թողեցին։ «Ռեալը» դաշտի կենտրոնում սխալ թույլ տվեց, ինչից հետո գնդակը հայնտվեց Արթուրի մոտ, ով մեն-մենակ դուրս եկավ Տիբո Կուրտուայի դիմաց, սակայն բրազիլացի կիսապաշտպանի հարվածից հետո հիանալի խաղաց բելգիացի դարպասապահը։

38-րդ րոպեին իր հնարավորությունը ստացավ Լեո Մեսսին: Սերխիո Բուսկետսը հիանալի փոխանցումով արգենտինացի խաղացողի դուրս բերեց հարվածային դիրք, սակայն նրա հարվածից հետո հերթական անգամ փայլեց Տիբո Կուրտուան։

Առաջին խաղակեսում «արքայական» ակումբի գրոհները հիմնականում զարգանում էին ձախ եզրով, սակայն առանձնապես վտանգավոր չէին։

Ողջ երկրորդ խաղակեսն անցավ «Ռեալի» բացարձակ առավելությամբ։ «Բարսելոնան» սկսեց խնդիրներ ունենալ գնդակը պաշտպանությունից դեպի հարձակում տեղաշարժելիս, իսկ տանտերերի պրեսինգը պարզապես հիացնում էր, ինչի շնորհիվ սկսեցին առաջանալ ազատ տարածություններ։

Առաջին իրական գոլային պահը մադրիդցիները ստեղծեցին 56-րդ րոպեին, երբ անկյունայինի խաղարկումից հետո Իսկոն տուգանային հրապարակի մատույցներից պտտեցրած հարվածով փորձեց գրավել դարպասը, սակայն փայլելու հերթը Մարկ-Անդրե Տեր Շտեգենինն էր՝ դառնալով անհավանական գեղեցիկ սեյվի հեղինակ։

60-րդ րոպեին Իսկոն ևս մեկ հնարավորություն ուներ հաշիվը բացելու, սակայն Դանի Կարվախալի բարձր փոխանցումից հետո իսպանացի կիսապաշտպանի հարվածից հետո Ժերար Պիկեն հրաշքով գնդակը դուրս բերեց դատարկ դարպասից։

62-րդ րոպեին հյուրերի դարպասապահը գնդակը խաղի մեջ մտցնելիս սխալվեց, ինչից հետո գնդակը դաշտի կենտրոնում հայտնվեց Դանի Կարվախալի մոտ, ով գնդակով առաջանալով մի փոքր, հարվածային դիրք դուրս բերեց Կարիմ Բենզեմային, սակայն նրա հարվածը մի փոքր բարձր ստացվեց։

69-րդ րոպեին խաղի հաշիվը բացելու հնարավորություն ստացավ փոխարինման դուրս եկած Մարտին Բրեյթվեյթը։ Նելսոն Սեմեդուն աջ եզրից հարվածային դիրք դուրս բերեց դանիացի խաղացողին, ով արագության հաշվին շրջանցելով Մարսելոյին, դուրս եկավ հարվածային դիրք, սակայն նրա հարվածից հետո Տիբո Կուրտուան թուլացրեց հարվածի ընթացքը, իսկ Ռաֆայել Վարանը հեռացրեց դատարկ դարպասն ընթացող գնդակը։

Հաջորդ իսկ գրոհին «սերուցքայինները» բացեցին խաղի հաշիվը։ Աջ եզրում Կարիմ Բենզեման, Վինիսիուսը և Տոնի Կրոսը խաղարկեցին գնդակը։ Կարիմ Բենզեման Նելսոն Սեմեդուին «քաշեց» իր վրա՝ տարածություն բացելով Վինիսիուսի համար։ Տոնի Կրոսն էլ նկատելով այդ «միջանցքը»՝ հարվածային դիրք դուրս բերեց բրազիլացի երիտասարդ հարձակվողին, ով աջ եզրից ներխուժեց տուգանային հրապարակ և հարվածեց, ինչից հետո գնդակը անդրադառնալով Ժերարդ Պիկեից, հայնտվեց դարպասում։ Գոլային դրվագում Վինիսիուսի հետևից չհասավ նաև Մարտին Բրեյթվեյթը, ով նույնպես ընկավ Բենզեմայի «ծուղակը»։

Խաղի վերջնամասում էլ «Ռեալն» ուներ առավելություն, սակայն գնդակը համառորեն չէր ցանկանում հայնտվել Տեր Շտեգենի պաշտպանած դարպասը, իսկ «Բարսելոնայի» մոտ ոչինչ չէր ստացվում։

Խաղի ամենավերջում՝ 90+1-րդ րոպեին, Զինեդին Զիդանը տակտիկական փոփոխություն կատարեց՝ Բենզեմայի փոխարեն խաղադաշտ դուրս բերելով Մարիանո Դիասին, ով էլ աջ եզրում ստանալով գնդակը, օգտվեց Ժորդի Ալբայի սխալից, մոտեցավ դարպասին և մոտ տարածությունից դրեց հանդիպման վերջակետը։

Այսպիսով, «կապտանռնագույնները» կատարելապես ձախողեցին երկրորդ խաղակեսը՝ ոչինչ չառաջարկելով մրցակցին։ Պետք է նշենք, որ Կիկե Սետիենն էլ տակտիկական սխալներ թույլ տվեց, քանի որ դաշտի կենտրոնը թիմը պարտվում էր, իսկ նա Արթուրո Վիդալի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց Մարտին Բրեյթվեյթին, ինչը ավելի թուլացրեց խաղը։ Բրեյթվեյթին կարելի էր խաղադաշտ դուրս բերել Անտուան Գրիզմանի փոխարեն, ով ձախողում է նման հանդիպումները, իսկ «արքայական» ակումբին պարազապես պետք է արժանին մատուցել։ Չեմպիոնների լիգայում «Մանչեսթեր Սիթիի» կրած ծանր պարտությունից հետո Զինեդին Զիդանը կարողացավ իր թիմին տրամադրել այս խաղին՝ տանելով գեղեցիկ հաղթանակ։

Այսպիսով, «Ռեալը» վաստակեց 56 միավոր և կրկին բարձրացավ առաջին հորիզոնական։ «Բարսելոնան» 55 միավորով երկրորդն է։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023