Պաշտոնական․ Սեմ Էլարդայսը վերադարձավ ԱՊԼ

Պաշտոնական․ Սեմ Էլարդայսը վերադարձավ ԱՊԼ

17/12/2020 - 15:01

Ինչպես տեղեկացնում է «Վեսթ Բրոմվիչի» պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել Սեմ Էլարդայսը։

Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերի միջև կնքվել է 2 տարվա պայմանագիր։ 66-ամյա մասնագետն այդ պաշտոնում փոխարինել է Սլավեն Բիլիչին, ով վերջերս հեռացվել էր զբաղեցրած պաշտոնից։

«Վեսթ Բրոմվիչը» ԱՊԼ-ի շրջանակում կայացած 13 խաղերից հետո 7 միավորով զբաղեցնում է նախավերջին՝ 19-րդ հորիզոնականը։

Հավելենք, որ «Բիգ Սեմը» 8-րդ անգամ գլխավորում է Պրեմիեր լիգան ներկայացնող ակումբը, ինչը ռեկորդային ցուցանիշ է։ ԱՊԼ-ի շրջանակում մինչև այժմ Էլարդայսն աշխատել է «Բոլթոնի» (1999-2007 թթ․), «Նյուքասլի» (2007-2008 թթ․), «Բլեքբեռնի» (2008-2010 թթ․), «Վեսթ Հեմի» (2010-2015 թթ․), «Սանդերլենդի» (2015-2016 թթ․), «Քրիստալ Փելասի» (2016-2017 թթ․), ինչպես նաև «Էվերտոնի» ղեկին (2017-18 թթ․)։ Անգլիացի մասնագետը Եվրո-2016-ից հետո նշանակվել էր Անգլիայի հավաքականի գլխավոր մարզիչ, սակայն «երեք առույծները» նրա գլխավորությամբ ընդամենը 1 հանդիպում են անցկացրել, քանի որ Էլարդայսը կոռուպցիոն սկանդալի պատճառով նշանակումից երկու ամիս անց հեռացվեց։

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023