Պաշտոնական․ Էդգար Դավիդսը՝ պորտուգալական ակումբի գլխավոր մարզիչ

Պաշտոնական․ Էդգար Դավիդսը՝ պորտուգալական ակումբի գլխավոր մարզիչ

05/01/2021 - 11:38

Ինչպես տեղեկացնում է պորտուգալական «Օլյանենսե» ակումբի պաշտոնական կայքը, ակումբի նոր գլխավոր մարզիչ է նշանակվել հոլանդական ֆուտբոլի լեգենդ Էդգար Դավիդսը։ Կողմերի միջև պայմանագրի մանրամասները չեն հրապարակվել։

«Օլյանենսեն» հանդես է գալիս Պորտուգալիայի՝ նշանակությամբ 3-րդ դիվիզիոնի H խմբում և անցկացրած 7 խաղերից հետո վաստակած 13 միավորով` 12 թիմերի միջև ընթացող պայքարում զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ առաջատար «Սետուբալին» զիջելով 10 միավոր, սակայն առաջատարն անցկացրել է 9 հանդիպում։

Լուսանկարը՝ Էդգար Դավիդսի Insagram-ի պաշտոնական օգտահաշվից

Էդգար Դավիդսի մարզչական կարիերան այնքան էլ հարուստ չէ, սակայն նա որպես մարզչի օգնական աշխատել է անգլիական «Բարնեթում» (2012թ․ հոկտեմբեր – 2012 թ․ դեկտեմբեր), նույն ակումբում՝ որպես խաղացող-մարզիչ (2012 թ․ դեկտեմբեր – 2014թ․ հունվար), մարզչի օգնական է աշխատել նաև հոլանդական «Տելսթար» ակումբում (2020թ․ օգոստոս – 2021 թ․ հունվար), իսկ «Օլյանենսեն» նրա առաջին ակումբն է, որտեղ նա գլխավոր մարզիչ է նշանակվել։

Որպես ֆուտբոլիստ՝ Դավիդսը հանդես է եկել «Այաքսի» (1991-1996 թթ․), «Միլանի» (1996-1998 թթ․), «Յուվենտուսի» (1998-2004 թթ․), «Բարսելոնայի» (2004թ․), «Ինտերի» (2004-2005 թթ․), «Տոտենհեմի» (2005-2007 թթ․), կրկին «Այաքսի» (2007-2008 թթ․), «Քրիստալ Փելասի» (2010 թ․), ինչպես նաև «Բարնեթի» կազմում (2012-2014 թթ․)։ Նա հիմնականում հանդես է եկել կենտրոնական և հենակետային կիսապաշտպանի դիրքում, ամենաշատ հանդիպումներն անցկացրել է «Յուվենտուսի» կազմում (235 խաղ), իսկ տարբեր ակումբների հետ նվաճել է 15 տիտղոս, այդ թվում՝ «Այաքսի» հետ Չեմպիոնների լիգան։ Նիդեռլանդների հավաքականի կազմում էլ անցկացրել է 74 հանդիպում՝ դառնալով 6 գոլի հեղինակ։

# , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023