Մեկ միլիարդանոց շոուն՝ Փարիզում

Մեկ միլիարդանոց շոուն՝ Փարիզում

30/04/2021 - 11:02

Չեմպիոնների Լիգայի 1/2 եզրափակիչում հանդիպեցին թիմեր, որոնց երկուսի ընդհանուր տրանսֆերային արժեքը գերազանցում էր մեկ միլիարդը։ Սա անխուսափելի էր. իհարկե, ոչ թե այս երկու թիմերի հանդիպումը, այլ որ ֆուտբոլում նման հանդիպում վաղ թե ուշ պետք է լինի։

Մեկ միլիարդանոց շոուն, որի գեղեցիկը մնաց անտեսանելի, մնաց բանականության ոլորտում։ Դա ինչպես Լուվրի թանգարանում․ ինչ անում ես` միայն աչքերով. աչքերով նայիր, աչքերով հիացիր, աչքերով համտեսիր այդ անպատկերացնելի արվեստի գլուխգործոցները ու այն պահիր գլխումդ, բանականության ոլորտում։ Մենք էլ՝ երկրպագուներս, ամեն մեկս մեր տանը մեր «Լուվր»-ում էինք, ու արվեստը, որը հեռարձակվում էր Փարիզից ընկալում էինք մեր բանականության ոլորտում, մեր՝ գեղեցիկի պատկերացումների անձնական չափորոշիչներով։

Անցնենք հանդիպմանը․

«ՊՍԺ»- «Մանչեսթեր Սիթի» հանդիպումից հետո լրագրողը հետաքրքրվեց Իլկայ Գյունդոգանից․

—Ի՞նչն էր պատճառը, որ առաջին կեսում Մանչեսթեր Սիթին ավելի լավ պաշտպանվում էր չնայած բաց թողած գնդակին, և վատ գրոհում։

—Պաշտպանությունն ու հարձակումը նույն բաներն են, չի կարելի դրանց բաժանել։ Եթե դուք ճիշտ հարձակվում եք, ուրեմն ճիշտ էլ կպաշտպանվեք և հակառակը,— պատասխանեց հանդիպման լավագույն ֆուտբոլիստներից մեկը։

Գյունդոգանը  մի արտահայտությամբ ամբողջովին բնութագրեց այն, թե ինչ է ներկայացնում իրենից Պեպ Գվարդիոլայի Մանչեսթեր Սիթին, այն է․ եթե դու ճիշտ ես գրոհում, ուրեմն բնականաբար դու գնդակ չես կորցնում վտանգավոր գոտում, ռիսկի գործոնը նվազեցնում ես, բայց դրանից չի տուժում հարձակման սրությունը։

Առաջին խաղակես

Առաջին խաղակեսը միանաշանակ Փարիզի թիմը կարող է գրանցել իր հաշվին։ Պոչետինոյի թիմը խաղադաշտ էր դուրս եկել 4-2-3-1 տակտիկական դասավորությամբ, որը պաշտպանվելիս վերածվում էր 4-4-2 ի։

Հերթական անգամ պետք է քննադատեմ Մբապեին ու Նեյմարին թիմի պաշտպանությանը պասիվ մասնակցություն ունենալու համար, բայց դա արդեն սովորական երևույթ է դարձել, այնպես որ այդ գլխացավանքը թողնենք Պոչետինոյին և անցնենք առաջ։

Առաջին կեսում ՊՍԺ-ն դեմ չէր գնդակը զիջել հակառակորդին և դիմում էր բլոկային պաշտպանության՝ պահպանելով կոմպակտությունը, բայց կոմպակտություն կոչվածը գործում էր միայն կիսապաշտպանության ու պաշտպանության միջև։ Փարիզը խաղում էր հակագրոհներով, զգացվում էր, որ Պոչետինոն առաջադրանք էր տվել հատուկ ճնշում գործադրել Ռոդրիի վրա, վերջինս միայն առաջին կեսում մի քանի անգամ վտանգավոր դիրքում գնդակ կորցրեց։

Հատկանշական էր նաև, որ Մանչեսթեր Սիթին խաղադաշտ էր դուրս եկել 4-2-4 տակտիկական դասավորությամբ․ Ռոդրին ու Գյունդոգանը՝ կենտրոնում, որը գրոհելիս վերածվում էր 2-4-4։

2-4-4 տակտիկական դասավորությունը թվում է թե գերհարձակողական է, բայց կարծում եմ, որ Գվարդիոլան այս որոշումով ավելի շատ խուսափում էր ՊՍԺ-ի հակագրոհներից, քանի որ Ֆոդենն ու Մահրեզը շատ լայն էին դիրքավորված․ ինչը թույլ էր տալիս եզրային պաշտպաններ Կոնսելուին ու Ուոկերին մնալ կիսապաշտպանի դիրքում և շատ առաջ չգնալ։ Այս ավելորդ զգուշավորությունը հերթական անգամ ուղղակի ապշեցնում է, հա լավ, մեկը չկա՞ Պեպի մարզչական շտաբում, որպեսզի հուշի, որ Մանչեսթեր Սիթին այս պահին կարող է ցանկացած թիմի հետ խաղալ իր խաղը և ավելորդ զգուշավորությունը կամ մրցակցին նման ձևով չեզոքացնելը միայն բացասաբար է ազդում անգլիական ակումբի խաղի վրա։

Առաջին խաղակեսում Մանչեսթեր Սիթիի կազմում միայն Իլկայ Գյունդոգանն էր, ով փորձում էր իր անցումներով խախտել ՊՍԺ-ի կոմպակտությունը։

Երկրորդ խաղակես

Երկրորդ խաղակեսում Գվարդիոլան  մի շարք փոփոխություններ արեց։

Նա հանձնարարել էր Ֆոդենին ավելի մոտ խաղալ Դե Բրույնեին և եզրային պաշտպաններին ավելի շատ ազատություն էր տրվել։  Այսինքն սրանով գրոհի լայնության համար պատասխանատու դարձավ Կոնսելուն Ֆոդենի փոխարեն։  Տակտիկակակ դասավորությունները փոխվում էին՝ 2-4-4-ը դառնալով 3-2-2-3 կամ 2-3-5։

Գյունդոգանի հետ արդեն կարող էր գնդակը խաղարկեր նաև Ֆոդենը, ով եզրի համար էլ պատասխանատու չէր, սա նշանակում է, որ գերմանիայի հավաքականի խաղացողի դիրքը ավելի բարձր է դառնում։  Այս ամենը նպաստեց նրան, որ Կևին դե Բրույնեն, Ֆոդեն և Գյունդոգանը միշտ թվային առավելություն էին ապահովում Մանչեսթերին գրոհի տարբեր փուլերում։

Այս որոշումով գուցե թվար, որ Գվարդիոլան թուլացնում է պաշտպանությունը․ ամենևին։ Կատալոնացի մարզիչը շատ լավ գիտակցում էր, որ Դի Մարիան պետք է նահանջի Կոնսելուի հետևից և կարծում էր, որ ավելի լավ է պորտուգալացին գնդակը կորցնի հարձակման եզրում, քան ավելի վտանգավոր գոտում։

Տեսեք, այս նկարում հստակ երևում է , որ Ուոկերը ավելի կենտրոնին մոտ դիրք է զբաղեցրել՝ ի տարբերություն Կոնսելուի, ում երկրորդ խաղակեսի սկզբնամասում փոխարինեց Զինչենկոն։

Ընդհանուր առմամբ Ժոաո Կոնսելուի աշխատող ոտքը աջն է, այդ է պատճառը, որ նա  եզրով շարժվելու փոխարեն, միշտ փորձում էր կենտրոնական գոտի ներխուժել, բայց կարծում եմ փոխարինման որոշելու վրա նաև ազդեց պորտուգալացի պաշտպանի՝ դեղին քարտ ունենալու հանգամանքը։

Իսկ Զինչենկոն միշտ պահում էր իր դիրքը, և իր հետ ավելի անվտանգ գոտի էր տանում Դի Մարիային։

Իհարկե այս ամենը տեսնում էր Պոչետինոն, բայց նա չկատարեց փոփոխություն՝ երևի թե կարծելով, որ, ամեն դեպքում հակագրոհի հնարավորություններ կլինեն։ Եվ արգենտիանցի մարզիչը չէր սխալվում։ Բայց նման պահ եղավ ընդամենը մեկ անգամ երկրորդ խաղակեսում, երբ Մբապեի փոխանցումից հետո Մարկո Վերատտիին մի քանի սանտիմետր չբավականացրեց։

 Ընդհանուր առմամբ երկորդ խաղակեսում Մանչեսթեր Սիթին մամլիչի նման ուղղակի դանդաղ և սառնասրտորեն սեղմում էր ՊՍԺ-ին։ Ֆրանսիական թիմը ավելի ու ավելի խորքից էր սկսում պաշտպանվել։ Հանդիպումից հետո Պեպ Գվարդիոլան խոստովանեց, որ իր ֆուտբոլիստներին ընդմիջմանը խորհուրդ է տվել նաև չշտապել և ասել է, որ այս դիմակայությունը բաղկացած է 180 րոպեներից։

Մանչեսթեր Սիթիի հաղթանակը համբերատարության ու ճնշման արդյունք  էր, որը ուղղակիորեն կապված է դիրքային փոփոխություններով ընդմիջման ընթացքում։  Բազմիցս նշել ենք, որ Գվարդիոլան Մանչեսթերում նոր ֆուտբոլ է կառուցում, այն նորարություն է, ինչպես ժամանակին 4-4-2 ի ռոմբն էր կենտրոնում կամ պրեսինգն էր ու հակապրեսինգը։ Այս խաղում այն չկիռավեց ամբողջովին, քանի որ գործնականը սաղմնային փուլում է, բայց ֆուտբոլիստների դիրքերի նման հեշտ փոփոխությունները ու տակտիկական սխեմաների փոփոխությունները առանց փոխարինումների ու որակական կորստի հենց այդ ամենի արդյունքն է։

Այս Սիթին կարող է պարտվել միայն ինքն իրեն։

Սիրե՛ք ֆուտբոլը, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Կարեն Պողոսյան

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023