Չեմպիոնների լիգայի ինտրիգային վերջաբանին սպասելիս

Չեմպիոնների լիգայի ինտրիգային վերջաբանին սպասելիս

08/12/2020 - 16:30

Դեկտեմբերի 8-9-ին կավարտվի Չեմպիոնների լիգայի 2020/21 խաղարկության խմբային փուլը։ Այդ օրերին կկայանան վերջին՝ 6-րդ տուրի հանդիպումները։ Դեռ շատ հարցեր բաց են և պետք է ստանանք դրանց պատասխանները։ Խումբ առ խումբ անցնենք և դիտարկենք ու քննարկենք, թե ինչ վիճակ է տիրում։

A խումբ

1․ «Բավարիա» – 15 միավոր

2․ «Ատլետիկո Մադրիդ» – 6 միավոր

3․ «Զալցբուրգ» – 4 միավոր

4․ «Լոկոմոտիվ»

Վերջին տուրի հանդիպումները․

«Բավարիա» – «Լոկոմոտիվ»

«Զալցբուրգ» – «Ատլետիկո Մադրիդ»

Այս խմբում «Բավարիան» աչքերը փակ նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր։ Չեմպիոնների լիգայի գործող գավաթակիրը պարզապես հիանալի ֆուտբոլ է ցուցադրում՝ չճանաչելով որևէ հեղինակություն։ Մյունխենյան ակումբի պրեսինգը հիացնում է, իսկ նոր մակարդակի վրա է դուրս գալիս Կիգնսլի Կոմանը, ում կողմից այսպիսի խաղ վաղուց են սպասել թե՛ ֆուտբոլասերները, թե՛ նրա մարզիչները և թե՛ խաղընկերները։ Այն, ինչ արեց ֆրանսիացին «Ատլետիկոյի» դեմ առաջին խաղում (4:0) պարզապես դասագրքային էր։

Նախորդ տուրում «Բավարիան» հյուրընկալվելիս միավորը կիսեց նույն «Ատլետիկոյի» հետ․ գրանցվեց 1։1 հաշիվը, սակայն այդ խաղում Հանսի Ֆլիկը թիմի մի մասին թողել էր Մյունխենում և Մադրիդ էր տարել մի շարք երիտասարդների։ Այդ խաղն ապացուցեց, որ «Բավարիան» պարզապես կախված չէ ասղերից և մեկ միասնական համակարգ է։

Վերջին տուրից առաջ «գերմանական մեքենան» լուծել է նաև առաջին տեղի հարցը և բացառված չէ, որ կրկին մի շարք առաջատարներ բաց կթողնեն «Լոկոմոտիվի» դեմ տնային խաղը։ «Լոկոն» պետք է փորձի օգտվել դրանից, մրցաշարն ավարտել բարձր նոտայով և նվաճել Եվրոպա լիգայի ուղեգիր։

Վերջում հավելենք, որ «Բավարիան» նախքան «Ատլետիկոյի» հետ ոչ-ոքին, ՉԼ շրջանակում տարել էր 15 անընդմեջ հաղթանակ, ինչը մրցաշարի շրջանակում բացարձակ ռեկորդ է։

«Ատլետիկո Մադրիդը» բարդացնում է իր իսկ խնդիրը։ Դիեգո Սիմեոնեի սաները մշտապես ինչ-որ խնդիրներ են ունենում ՉԼ խմբային փուլերում։

«Ատլետները» երկու անգամ անհասկանալի միավորներ կորցրին «Լոկոմոտիվի» դեմ խաղերում և դա այն դեպքում, երբ ակնհայտ գերազանցում էին մրցակցին։ Այժմ մադրիդյան ակումբը ստիպված կլինի հյուրընկալվելիս լուրջ դիմադրության բախվել «Զալցբուրգի» դեմ խաղում, որին հաղթանակը դուրս կբերի 1/8 եզրափակիչ։

Ավստրիական ակումբն ապացուցել է, որ կարողանում է գերհարձակվողական ֆուտբոլ խաղալ՝ ազատ գոտիներ գտնելով ցանկացած մրցակցի պաշտպանությունում, սակայն, ամեն դեպքում, կարծում ենք, որ «Ատլետիկոն», ի վերջո, կնվաճի փլեյ-օֆֆ-ի ուղեգիր, քանի որ բոլորս գիտենք, թե ինչ է ամենալավն անում «Էլ չոլոյի» թիմը։ Իհարկե, խաղալ հաշվի վրա։

Պարզապես նշենք, որ «Ատլետիկոյին» հեշտ հանդիպում չի սպասվում։ Այդ մասին է վկայում նաև կողմերի միջև կայացած առաջին խաղը, երբ մադրիդյան ակումբը մեծ դժվարությամբ հաղթեց 3։2 հաշվով։

B խումբ

1․ «Բորուսիա Մյունխենգլադբախ» – 8 միավոր

2․ «Շախտյոր» – 7 միավոր

3․ «Ռեալ Մադրիդ» – 7 միավոր

4․ «Ինտեր» – 5 միավոր

Վերջին տուրի հանդիպումները․

«Ինտեր» – «Շախտյոր»

«Ռեալ» – «Բորուսիա Մյունխենգլադբախ»

Չենք վախենա այս խոսքերից, սակայն B խումբը Չեմպիոնների լիգայի պատմության ամենաինտրիգային և անակնկալներով լի խմբերից մեկն է։ Մրցաշարի պատմության շրջանակում շատ հազվադեպ է եղել այնպիսի իրավիճակ, երբ բոլոր 4 թիմերը վերջին տուրից առաջ պայքարը շարունակելու հնարավորություն ունեն։

Նախ սկսենք նրանից, որ այս խմբում տրամաբանությունից դուրս արդյունքներ գրանցվեցին։ «Բորուսիան» երկու խաղերում ընդհանուր 10։0 հաղթեց «Շախտյորին», իսկ «Շախտյորը» երկու անգամ հաղթեց «Ռեալին»։ «Ռեալն» էլ երկու անգամ հաղթեց «Ինտերին», սակայն մրցակցի հարկի տակ մեծ դժվարությամբ միավոր փրկեց մյունխենգլադբախյան ակումբի դեմ խաղում։ «Ներաձուրիներն» իրենց հերթին չկարողացան մրցակցի հարկի տակ հաղթել «Շախտյորին», «Բորուսիայի» դեմ առաջին խաղում գրանցվեց 2։2 հաշիվը, պատասխան խաղում էլ Անտոնիո Կոնտեի սաները անհավանական պայքարում մեծ դժվարությամբ հաղթեցին 2։3 հաշվով՝ մնալով պայքարի մեջ։

Մի փոքր խոսենք «Շախտյորի»՝ «Ռեալի» դեմ հաջողույթունների մասին։ Կարծում ենք՝ դոնեցկյան ակումբի հաջողություններն այս խաղում ավելի շատ լոկալ բնույթ են կրում։ «Հանքափորները» պարզապես քանդվեցին «Բորուսիայի» դեմ երկու խաղերում՝ չդիմանալով մրցակցի պրեսինգի տեմպին, իսկ Մարկո Ռոզեի մարզչական որակների մասին մեկ անգամ չենք բարձրաձայնել, իսկ «Ռեալը» մրցակցիներին այդպես պրեսինգի չի ենթարկում։ Ակնհայտ էր նաև մեկ փաստ, որ «արքայական» ակումբը երկու անգամ թերագնահատեց մրցակցին և երկու խաղերին էլ լուրջ կորուստներով էր մոտեցել ու պաշտպանվում էր սարսափելի վատ՝ նվիրելով գոլեր։ Ջերմ բարևներ Ռաֆայել Վարանին․․․ Իսկ «Շատյորը», հասկանալով, որ այլևս կորցնելու բան չունի (հատկապես երկրորդ խաղում), անձնուրաց պաշտպանվեց, համբերեց և հարմար պահի մրցակցին պատժեց։ Բացի դրանից, ցանկացած թիմ «Ռեալի» դեմ խաղերում ավելի մոտիվացված է, քան, օրինակ, «Բորուսիայի» դեմ։

Ինչպես արդեն նշեցինք, բոլոր 4 թիմերն էլ պայքարը շարունակելու լավ հնարավորություններ ունեն։ Անդրադառնանք զարգացումների հավանական սցենարներին։

1. Չնայած «Ռեալն» ու «Ինտերը» խմբային փուլը ձախողում են, սակայն վերջին երկու խաղերում հաղթելու դեպքում հենց այդ ակումբներն էլ կշարունակեն պայքարը 1/8 եզրափակիչում։ Այդ դեպքում «Ռեալը» 10 միավորով կհաղթի խումբը, իսկ միլանյան ակումբը 8 միավորով կլինի երկրորդը, քանի որ անհատական խաղերում առավելություն ունի «Բորուսիայի» նկատմամբ։

Սա զարգացումների ամենատրամաբանական շարունակությունն է, սակայն հաշվի առնենք, որ «Բորուսիան» կարողանում է հիանալի հարձակվողական ֆուտբոլ ցուցադրել, ինչը նվազեցնում է հատկապես «Ինտերի» շանսերը, քանի որ բացառված չէ, որ Մարկո Ռոզեի սաները չեն պարտվի նաև Մադրիդում, և եթե «Բորուսիան» թեկուզ մեկ միավոր տանի Մադրիդից, ապա միանշանակ պայքարը հենց նա կշարունակի։

Բացի դրանից, «Ինտերը» վճռորոշ պահերին սայթաքում է գրեթե միշտ։ Հիշենք ՉԼ նախորդ խաղարկության վերջին տուրը, երբ Կոնտեի սաները պետք հաղթեին «Բարսելոնային», սակայն կատալոնական ակումբը, որը խաղում էր երկրորդ կազմով, 1։2 հաշվով հաղթանակ տարավ մրցակցի հարկի տակ՝ դուրս թողնելով պայքարից «կապտասևերին»։ «Շախտյորն» էլ ի զորու է մատուցել հերթական անակնկալը՝ հաշվի առնելով, թե ինչպես է հակագրոհում Լուիս Կաստրոյի թիմը։

2. Եթե երկու խաղն էլ ավարտվի ոչ-ոքի, պարզ է, որ 1/8-ում կհայտնվեն «Բորուսիան» ու «Շախտյորը»։ Նույնը տեղի կունենա նաև այդ թիմերի հաղթանակի դեպքում։

3. Եթե «Ռեալը» հաղթի, իսկ «Ինտեր» – «Շախտյոր» խաղում գրանցվի ոչ-ոքի, ապա պայքարը կշարունակեն «Ռեալն» ու «Բորուսիան»։

4.Եթե «Ինտերը» հաղթի, իսկ մյուս խաղում կողմերը կիսեն միավորը, ապա «Բորուսիան» ու «Ռեալը» կմնան պայքարի մեջ:

5․ Եթե «Բորուսիան» հաղթի «Ռեալին», իսկ «Ինտերը»՝ «Շախտյորին», 1/8 եզարփակիչ դուրս կգան Մարկո Ռոզեի և Անտոնիո Կոնտեի սաները։

5. Վերջին հավանական սցենարն այն է, որ «հանքափորները» հյուրընկալվելիս հաղթում են «Ինտերին», «Ռեալը» տանը՝ «Բորուսիային»։ Այդ դեպքում էլ 1/8 եզափարկիչ են դուրս գալիս «Շախտյորն» ու «Ռեալը»։ Ընդ որում՝ ուկրաինական ակումբը 1-ին տեղով։

Ամեն դեպքում, կարծում ենք, որ «Ինտերն» ու «Ռեալը» կհաղթեն և կշարունակեն պայքարը։

C խումբ

1․ «Մանչեսթեր Սիթի» – 13 միավոր

2․ «Պորտու» – 10 միավոր

3․ «Օլիմպիակոս» – 3 միավոր

4․ «Մարսել» – 3 միավոր

Վերջին տուրի հանդիպումները․

«Մանչեսթեր Սիթի» – «Մարսել»

«Օլիմպիակոս» – «Պորտու»

C խմբում ամեն ինչ պարզ էր դեռևս վիճակահանությունից առաջ։ Այս խմբում կար մեկ թիմ, որը բոլորից ակնհայտ ուժեղ էր, իսկ «Պորտուն» գոնե թե կարգով ավելի բարձր էր, քան «Օլիմպիակոսն» ու «Մարսելը»։

«Քաղաքաբնակները» կրկին հայտնվել էին հեշտ խմբում, ինչի շնորհիվ հանգիստ հաղթահարեցին խմբային փուլը, «Պորտուն» էլ Սերժիո Մոնսեյսաուի գլխավորությամբ փորձում է վերականգնել նախկին դիրքերը։ «Վիշապները» բավականին համարձակ ֆուտբոլ են ցուցադրում, ինչն էլ տվեց իր արդյունքը։

Այս խմբում մնացել է պարզել, թե որ ակումբը կնվաճի Եվրոպա լիգայի 1/16 եզրափակչի ուղեգիր։ «Մարսելն» ու «Օլիմպիակոսը» մեկական անգամ հաղթել են միմյանց, սակայն հունական ակումբը մրցակցի դաշտում 1 գնդակ խփելու շնորհիվ առավելություն ունի և եվրագավաթային պայքարը շարունակելու ավելի լավ հնարավորություններ ունի, քանի որ վերջին տուրում սեփական հարկի տակ մրցելու է «Պորտուի» դեմ։

D խումբ

1․ «Լիվերպուլ» – 12 միավոր

2․ «Ատալանտա» – 8 միավոր

3․ «Այաքս» – 7 միավոր

4․ «Միդյուլլան» – 1 միավոր

Վերջին տուրի հանդիպումները․

«Միդյուլլան» – «Լիվերպուլ»

«Այաքս» – «Ատալանտա»

Առաջին հայացքից «Լիվերպուլը» թաղված է կադրային բազմաթիվ խնդիրների մեջ, սակայն Յուրգեն Կլոպի անունը չէր լինի Յուրգեն, եթե նա փայլուն դուրս չգար ստեղծված իրավիճակից։

Միայն պատկերացրեք՝ ինչ-որ պահ մերսիսայդյան ակումբի կազմում շարքից դուրս էին Վիրջիլ Վան Դեյկը, Ջո Գոմեսը, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, Շկեդրան Շաքիրին, Տիագո Ալկանտարան, Ֆաբինիոն, Ալեքս Օքսլեյդ-Չեմբերլենը և Ալիսոն Բեկերը, սակայն «Լիվերպուլին» միայն մեկ խաղ զբաղցնել տվեց այդ վնասածքները, երբ սեփական հարկի տակ 0։2 հաշվով պարտվեց «Ատալանտային»։

«Կարմիրները» նոր հերոսներ ունեն՝ ի դեպս Կյորտինս Ջոնսի և Դիոգո Ժոտայի։ Վերջինս ընդհանրապես կատարյալ ձեռքբերում էր Կլոպի համար, ով ՉԼ ընթացիկ խաղարկությունում 5 խաղում խփել է 4 գոլ և փայլուն է կատարում իր առջև դրված առաջադրանքները։ Դե Ջոնսն էլ հիանալի է կարդում խաղը և մինչև վերջ պայքարում է։ Արդյունքը եղավ այն, որ Ժոտան «Ատալանտայի» դեմ արտագնա խաղում դարձավ հեթ-տրիկի հեղինակ։ Ջոնսն էլ «Այաքսի» դեմ կայացած վերջին տնային խաղում խփեց հաղթական գոլը։

Մերսիսայդյան ակումբն արդեն ապահովել է տեղը փլեյ-օֆֆ-ում և «Միդյուլլանի» դեմ խաղը ընկերական բնույթ կկրի, քանի որ փակված է նաև 1-ին տեղի հարցը։

Այս խմբից 1/8 եզրափակչի երկրորդ մասնակցին Ամստերդամում կպարզեն «Այաքսն» ու «Ատալանտան»։

«Այաքսի» ու «Ատալանտայի» հաջորդ փուլ անցնելու շանսերը գրեթե հավասար են, քանի որ եթե շատ խորանանք բազմաթիվ նմանություններ կգնտնենք այս թիմերի միջև։ Երկուսն էլ հիմնականում մարզչական ձեռագրեր ունեցող թիմեր են, չունեն հստակ ընդգծված աստղեր, բայց կան վառ արտահայտված անհատականություններ (Դուշան Տադիչ և Ալեխանդրո Գոմես), իսկ մարզիչները փորձում են առավելագույնը քաղել առաջին հայացքից միջակ թվացող կազմերից։ Երկու թիմերն էլ հիանալի են պրեսինգի ենթարկում և շեշտը հիմնականում դրել են հարձակման վրա։ Հաճախ նկատելի, որ այս թիմերն առաջնորդվում են «Մենք կխփենք որքան կուզենք, իսկ դուք՝ որքան կկարողանանք» սկզունքով։

Հաշվի առնելով, որ «Այաքսը» խաղն անցկացնելու է տանը՝ հենց ամստերդամցիներին կարելի է ֆավորիտ համարել։ Բացի դրանից, Ջանպիերո Գասպերինիի սաները վերջին շրջանում ֆիզիկապես պարզապես չեն հասցնում և վերջին 10 պաշտոնական խաղերից հաղթել են միայն 3-ը՝ այդ ընթացքում պարտվելով այնպիսի թիմերի, ինչպիսիք են «Վերոնան» և «Սամպդորիան», իսկ սա խոսում է այն մասին, որ Բերգամոն ներկայացնող ակումբի մոտ ինչ-որ բան տեղին չէ։ «Լիվերպուլի» նկատմամբ տարած արտագնա հաղթանակն էլ երկակի տպավորություն է թողնում, քանի որ արդեն նշեցինք, որ մերսիսայդյան ակումբը բազմաթիվ կադրային խնդիրներ ուներ։

Ամեն դեպքում, մեկ խաղում հնարավոր է չպարտվել «Այաքսին» և երկրորդ տարին անընդմեջ բարդ խմբից դուրս գալ 1/8 եզրափակիչ։

E խումբ

1․ «Չելսի» – 13 միավոր

2․ «Սևիլիա» – 10 միավոր

3․ «Կրասնոդար» – 4 միավոր

4․ «Ռեն» – 1 միավոր

Վերջին տուրի հանդիպումները․

«Չելսի» – «Կրասնոդար»

«Ռեն» – «Սևիլիա»

Սա միակ խումբն է, որտեղ վերջին տուրի երկու խաղն էլ ընկերական բնույթ կունենա, քանի որ վճռված է ինչպես առաջին տեղի, այնպես էլ երկրորդ տեղի հարցը։ Բացի դրանից, հայտնի է նաև, թե որ ակումբն է պայքարը շարունակելու Եվրոպա լիգայի շրջանակում։

«Չելսին» շատ բարձր մակարդակով անցկացրեց խմբային փուլը ու դեռևս ընդմանեը 1 գնդակ է բաց թողել մրցակիցներից, իսկ մեկ շաբաթ առաջ կայացած «Սևիլիայի» դեմ արտագնա հանդիպումը դեռևս երկար կմնա ֆուտբոլասերների հիշողություններում, քանի որ Օլիվիե Ժիրուն պարզապես կոտրեց բոլոր կարծարտիպերը՝ 34 տարեկան հասակում դառնալով պոկերի հեղինակ։

«Սևիլիան» էլ միանաշանակ ավելի լավն էր, քան «Կրասնոդարն» ու «Ռենը» և արժանիորեն խմբում երկրորդ տեղը զբաղեցրեց։

«Կրասնոդարն» ու «Ռենն» էլ կարգով հավասար թիմեր են։ Կողմերը Ֆրանսիայում փոխանակվեցին մեկական խփած գնդակով, իսկ Ռուսաստանում «Կրասնոդարը» 1։0 հաշվով հաղթեց՝ ՉԼ շրջանակում տանելով ակումբի պատմության առաջին հաղթանակը, ինչն էլ Մուրադ Մուսաևի սաներին դուրս բերեց ԵԼ-ի 1/16 եզրափակիչ։

F խումբ

1․ «Բորուսիա Դորտմունդ» – 10 միավոր

2․ «Լացիո» – 9 միավոր

3․ «Բրյուգե» – 7 միավոր

4․ «Զենիթ» – 1 միավոր

Վերջին տուրի հանդիպումները․

«Զենիթ» – «Բորուսիա Դորտմունդ»

«Լացիո» – «Բրյուգե»

Թվում էր՝ այս խմբում կա երկու բացահայտ ֆավորիտ, սակայն «Բրյուգեի» ֆուտբոլիստները դրա հետ համաձայն չէին, ովքեր մտադիր են խառնել «Լացիոյի» խաղաքարտերը։

Ընդհանրապես այս խմբում հակասական արդյունքներ գրանցվեցին։ «Բորուսիան» մեկ անգամ պարտվեց «Լացիոյին», իսկ մեկ շաբաթ առաջ տանը չկարողացավ ռևանշի հասնել, հռոմեական ակումբն էլ մեկական անգամ չկարողացավ հյուրընկալվելիս կոտրել «Բրյուգեի» և «Զենիթի» դիմադրությունը և վերջին տուրից առաջ կփորձի նվազագույնը չպարտվել բելգիական ակումբին, որը, օգտվելով, «Զենիթի» խայտառակ մրցելություներից հնարավորություն է ստացել պայքարել 1/8 եզրափակչի համար։

Լուսիեն Ֆավրի սաներն արդեն ապահովել են տեղը փլեյ-օֆֆ-ում և գրեթե ընկերական հանդիպում կանցկացնեն Սանկտ Պետերբուրգում, քանի որ Սերգեյ Սեմակի թիմն այլևս չի պայքարում որևէ բանի համար։

Շատ բան կվճռվի Հռոմի «Օլիմպիկո» մարզադաշտում։ «Բրյուգեն» այլևս կորցնելու բան չունի և փորձելու է խոշոր անակնկալ մատուցել։ Եթե հաշվի առնենք, որ Սիմոնե Ինձզագիի սաներն աչքի են ընկնում անկայունությամբ, ապա գրեթե ոչինչ բացառված չէ։

G խումբ

1․ «Բարսելոնա» – 15 միավոր

2․ «Յուվենտուս» – 12 միավոր

3․ «Դինամո Կիև» – 1 միավոր

4․ «Ֆերենցվարոշ» – 1 միավոր

Վերջին տուրի հանդիպումները․

«Դինամո» – Ֆերենցվարոշ»

«Բարսելոնա» – «Յուվենտուս»

Այս խմբի ճակատագիրը պարզ էր դեռևս վիճակահանությունից հետո։ «Բարսան» ու «Յուվեն» «քնած» վիճակում նվճաեցին 1/8 եզրափակչի ուղեգիր։ Բաց են միայն առաջին տեղի և Եվրոպայի լիգայի ուղեգրի հարցերը։

Կատալոնական ակումբն ընթացիկ մրցաշրջանում ինքն իր հակապատկերն է։ Լա լիգայի շրջանակում «Բարսան» անիմաստ միավորներ է բաժանում, իսկ ՉԼ-ում ակումբը միակն է, որը հաղթել է բոլոր խաղերում։ Ընդ որում՝ Ռոնալդ Կումանի սաները բոլոր խաղերում անչափ վստահ տեսք են ունեցել։

«Յուվեն» էլ իր հերթին փորձում է դեռևս հարմարվել Անդրեա Պիռլոյի գաղափարներին, և չնայած մի շարք խաղերում թուրինյան ակումբին դժվարությամբ տրվեց հաղթանակը, սակայն «ծեր սենյորան» 15 հնարավորից այժմ ունի 12 միավոր։ Պիռլոյի սաները բացահայտ ձախողեցին միայն «Բարսելոնայի» դեմ տնային խաղը՝ պարտվելով 0։2 հաշվով։

Այժմ խմբում առաջին հորիզոնականը զբաղեցնելու համար «բյանկոներիները» հյուրընկալվելիս «Բարսային» պետք է հաղթեն երեք գնդակի տարբերությամբ, ինչը, սակայն, քիչ հավանական է։ Այդ խաղը մեծ աժեոտաժ է առաջացրել ֆուտբոլային աշխարհում, քանի որ 2 տարի և 7 ամիս անց Կրիշտիանու Ռոնալդուն և Լեո Մեսսին կրկին կբախվեն միմյանց դեմ։ Միայն դրա համար այս խաղն արժանի է ուշադրության։

«Ֆերենցվարոշն» ու «Դինամոն» էլ միմյանց միջև կայանալիք խաղում կպարզեն այն հաջողակին, որը կպայքարը կշարունակի Եվրոպա լիգայի շրջանակում։ Ուկրաինական ակումբը Բուդապեշտում կայացած խաղում կարող էր հաղթել, սակայն ձեռքից բաց թողեց երկու գնդակի առավելությունը՝ բարդացնելով իր խնդիրը։

«Ֆերենցվարոշը» բավականին հետաքրքիր թիմ է։ Հունգարական ակումբը Չեմպիոնների լիգայի ընթացիկ խաղարկությունում բոլոր թիմերի շրջանակում ունի ամենաէժան կազմը (28․65 մլն եվրո), սակայն նույնիսկ դա չի խանգարում Սերգեյ Ռեբրովի սաներին ցուցադրել հարձակվողական համարձակ ֆուտբոլ։ Դրա շնորհիվ քիչ էր մնում Թուրինում միվարներ խլեր «Յուվենտուսից»։ Այդ ամենը կարող է վերջապես տալ իր արդյունքը «Դինամոյի» դեմ արտագնա խաղում։

H խումբ

1․ «Մանչեսթեր Յունայթեդ» – 9 միավոր

2․ ՊՍԺ – 9 միավոր

3․ «Լայպցիգ» – 9 միավոր

4․ «Իստամբուլ Բաշակշեհիր» – 3 միավոր

Վերջին տուրի հանդիպումները․

«Լայպցիգ» – «Մանչեսթեր Յունայթեդ»

ՊՍԺ – «Իստամբուլ»

Եվս մեկ անչափ հետաքրքիր և ինտրիգային խումբ։ Երեք թիմ պայքարը շարունակելու հավասար հնարավորություններ ունեն։

«Մանչեսթեր Յունայթեդը» շատերի համար անսպասելիորեն այս խմբում լուրջ պայքար է մղում։ Մանկունյական ակումբն առաջին տուրում 1։2 հաշվով հաղթեց ՊՍԺ-ին, իսկ այնուհետև 5։0 հաշվով ջախջախեց «Լայպցիգին», սակայն երրորդ տուրում «Բաշակշեհիրից» 2։1 հաշվով կրած պարտությունը կարող է դառնալ ճակատագրական։ Օլե-Գունար Սուլշերի սաներն այժմ դրսում պետք է փորձեն չպարտվել «Լայպցիգին», որը տնային խաղերում շատ ավելի լավ տեսք ունի, քան հյուրընկալվելիս։

ՊՍԺ-ն խմբային փուլի առաջին շրջանում «Յունայթեդից» և «Լայպցիգից» կրած պարտություններից հետո անչափ բարդացրել էր իր խնդիրը, սակայն վերջին երկու խաղերում այդ նույն մրցակիցների նկատմաբ տոնած հաղթանակները Թոմաս Տուխելի սաներին դուրս բերեց շահեկան դիրք, քանի որ փարզեցիներն անհատական խաղերում առավելություն ունեն «Լայպիգի» նկատմամբ, իսկ վերջին տուրում տանը խաղալու են ակնհայտ հետնապահ «Իստամբուլ Բաշակշեհիրի» դեմ։

Այդ խաղում միայն պարտությունը «Փարիզին» կարող է դուրս չբերել 1/8 եզրափակիչ, քանի որ եթե «Լայպիցգն» ու «Յունայթեդը» կիսեն միավորը, ապա պայքարը հենց նրանք էլ կշարունակեն։

Յուլիան Նագելսմանի սաները բավականին բարդ վիճակում են հայտնվել։ Անցնող շաբաթվա ընթացքում «ցլերը» հերոսաբար 4։3 հաշվով հաղթեցին «Իստամբուլ Բաշակշեհիրին», իսկ շաբաթվա վերջում 3։3 խաղացին «Բավարիայի» դեմ։ Այդ խաղերում գերմանական ակումբը միանշանակ բավականին շատ էներգիա է ծախսել և դժվար է ասել, թե ինչ վիճակում է այժմ «Լայպցիգը» մոտենում «Յունայթեդի» դեմ կարևորագույն խաղին։

Ընդհանրապես «Լայպցիգի» համար վճռորոշ կարող է դառնալ 1։0 հաշվով ՊՍԺ-ից կրած պարտությունը։ Այդ խաղում Նագելսմանի թիմն ակնհայտ ավելի լավ տեսք ուներ, սակայն փարիզյան ակումբը օգտվելով մրցակցի թույլ տված մեկ սխալից, կարևոր հաղթանակ տարավ։ Այժմ «Լայպցիգը» պայքարում մնալու համար պետք է անպայման հաղթի «Յունայթեդին», հակառակ դեպքում, ՉԼ նախորդ խաղարկության լավագույն թիմերից մեկը պայքարը կշարունակի Եվրոպա լիգայի շրջանակում, սակայն այս «Յունայթեդին» հաղթելն անհնար չէ հատպակես, որ «կարմիր սատանաները» պաշտպանությունում չեն փայլում, իսկ «ցլերի» պրեսինգը աչքի է շոյում։

# , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023