«Ոսկե գնդակի» շորթ-լիստ, դոպինգ սկանդալ, չստացաված եվրոպական կարիերա․ խենթ դարպասապահի պատմությունը?

«Ոսկե գնդակի» շորթ-լիստ, դոպինգ սկանդալ, չստացաված եվրոպական կարիերա․ խենթ դարպասապահի պատմությունը?

04/06/2020 - 22:25

Հիշո՞ւմ եք 2014 թվականին Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության այն խուճուճ մազերով, խենթ, կրակոտ մեքսիկացի դարպասապահին, ով անհավանական ֆուտբոլ ցուցադրեց հատկապես հենց տանտերերի դեմ կայացած խաղում։ «Պենտակամպեոնները» ողջ խաղի ընթաղքում իսկապես պաշարել էին Մեքսիկայի հավաքականի տուգանային հրապարակը, սակայն Գիլերմո Օչոայի փայլուն խաղի շնորհիվ, «ացտեկները» կարողացան 1 միավոր կորզել այդ խաղում, իսկ դարպասապահը 6 սեյվի հեղինակ դարձավ, որոնցից շատերը անհավանական դիրքերից։

Մեծամասամբ հենց Գիլերմո Օչոայի շնորհիվ Մեքսիկայի հավաքականն այդ մունդիալին հաղթահարեց խմբային փուլի արգելքը՝ դուրս գալով 1/8 եզրափակիչ։ Փլեյ-օֆֆ-ի առաջին փուլում Հյուսիսային Ամերիկան ներկայացնող երկրին բաժին էր հասել Նիդեռլանդների հավաքականը։ Հանդիպման ողջ ընթացքում մեքսիկները հաղթում էին 1։0 հաշվով, իսկ Գիլերմո Օչոան, ճիշտ է, ոչ այնքան լավ, ինչպես բրազիլացիների դեմ էր հանդես եկել, սակայն այդ խաղում էլ մի շարք դրվագներում փրկեց իր թիմին, սակայն խաղավարտին մոտ «նարնջագույնները» կարողացան կամային հաղթանակ կորզել։

Չնայած Գիլերմո Օչոան ողջ աշխարհին իրեն ճանաչել տվեց բավականին ուշ տարիքում (2014 թվականի ամռանը նա արդեն 28 տարեկան էր), Հյուսիսային Ամերիկայում նա վաղուց արդեն բավականին հայտնի դարպասապահ էր։

Նորամուտը մեծ ֆուտբոլում Օչոան նշել է դարպասապահի համար բավականին վաղ տարիքում՝ 19 տարեկանում։ Մեքսիսկական «Ամերիկայի» հիմնական դարպասապահ Ադոլֆո Ռիոսը վնասվածք էր ստացել, իսկ ակումբի այդ ժամանակվա մարզիչ Լեո Բենհակերը մարզումների ժամանակ այնքան էր տպավորվել երիտասարդ դարպասապահի խաղից, որ որոշեց նրան մեկնարկային րոպեներից խաղադաշտ դուրս բերել «Մոնտերեյի» դեմ խաղում։

Լեո Բենհակերը Գիլերմո Օչոային միանշանակ գեղեցիկ աչքերի համար չէր խաղադաշտ դուրս բերել։ Հոլանդացի մասնագետը, ով ժամանակին եղել է Ռինուս Միխելսի օգնականը և երեք տարի էլ գլխավորել էր «Ռեալը», միանաշանակ մի բան գիտեր երիտասարդ դարպասապահի հարցում։ Օչոան գլխավոր մարզչի վստահությունը չչարաշահեց, դեռ ընդհակառակը, նա հիանալի խաղի շնորհիվ դարձավ «Ամերիկայի» հիմնական դարպասապահը։

Օչոան Մեքսիկայի հավաքականի հետ 2006 թվականին մեկնեց Գերմանիա՝ մասնակցելու աշխարհի առաջնությանը, սակայն «ացտեկների» գլխավոր մարզիչ Ռիկարդո Լա Վոլպեն տաղանդավոր դարպասապահին ոչ մի րոպե խաղաժաման չտրամադրեց, այդ պատճառով էլ Օչոան հավաքականի կազմում իր նորամուտը նշեց 2007 թվականի մարտի 1-ին կայացած Վենեսուելա 1։3 Մեքսիկա հանդիպման ժամանակ, իսկ Օչոայի առաջին մեծ մրցաշարը հավաքականի հետ դարձավ 2007 թվականի Կոպա Ամերիկան։ Այդ Կոպա Ամերիկայի շրջանակում Մեքսիկայի հավաքականն արդեն հանդես էր գալիս մեքսիկական ֆուտբոլի լեգենդ Հուգո Սանչեսի գլխավորությամբ, ով էլ հավաքականի կազմում Օչոային դարձրեց հիմնական դարպասապահ։

Այդ մրցաշարի խմբային փուլում մեքսիկներին բարդ խումբ էր բաժին հասել․ նրանք նույն խմբում էին հայտնվել Բրազիլիայի, Չիլիի և Էկվադորի հավաքականների հետ, սակայն «կանաչները» փայլուն մրցաշար անցկացրին։ Խմբային փուլի առաջին խաղում Մեքսիկայի հավաքականն իսկական անակնկալ մատուցեց բոլորին՝ 2։0 հաշվով հաղթելով մրցաշարի ապագա չեմպիոն Բրազիլիայի հավաքականին։ Այդ օրը կարելի է ասել Օչոան միջազգային հանրությանն առաջին անգամ ցույց տվեց, թե իրականում ինչի է ընդունակ՝ անցկացնելով հիանալի հանդիպում։

Հուգո Սանչեսի սաների հաջորդ զոհը Էկվադորի հավաքականն էր, որին հաղթեցին 2։1 հաշվով, իսկ Չիլիի հավաքականի դեմ խաղն ավարտվեց 0։0 հաշվով։ Հյուսիսամերիկացիները վաստակեցին 7 միավոր՝ առաջին տեղով դուրս գալով մրցաշարի քառորդ եզրափակիչ, որի շրջանակում պարզապես ջախջախեցին Պարագվայի հավաքականին՝ հաղթելով 6։0 հաշվով։

Ճիշտ է՝ կիսաեզրափակիչ խաղում «ացտեկները» 0։3 հաշվով զիջեցին Արգենտինայի հավաքականին, սակայն երրորդ տեղի համար խաղում 3։1 առավելության հասան Ուրուգվայի հավաքականի նկատմամբ՝ նվաճելով բրոնզե մեդալները։

Այդ տարի Օչոան փայլուն խաղի շնորհիվ անհավանական նվաճման հասավ՝ հայտնվելով «Ոսկե գնդակի» լավագույն երեսուն ֆուտբոլիստների ցանկանում։ Վերջնական քվեարկության արդյունքում մեքսիկացի դարպասապահը զբաղեցրել էր հենց 30-րդ հորզիոնականը՝ դառնալով առաջին մեքսիկացի ֆուտբոլիստը, ում հաջովել էր հասնել նման հաջողության, և եթե հաշվի առնենք, որ դարպասապահները այդպիսի անհատական մրցանակների քվեարկությունների ժամանակ հաճախ անարդար կերպով արհամարհվում են, ապա Օչոայի նվաճման նշանակությունը բազմապատկվում է։

Այդ պահին Օչոան իսկական աստղ էր։ Դարպասապահը հայտնվել էր Հյուսիսային և Հարավային Ամերիկաների համար նախատեսված FIFA 08 և 09 տարբերակների շապիկին, իսկ 2008 թվականի ձմռանը նրա ծառայություններով սկսեցին հետաքրքրվել այնպիսի ակումբներ, ինչպիսիք էին «Բավարիան», Մադրիդի «Ատլետիկոն», «Մանչեսթեր Յունայթեդը», ինչպես նաև «Արսենալը», սակայն նշվում է, որ Օչոան այդպես էլ որևէ լուրջ առաջարկ չի ստացել՝ շարունակելով ելույթները «Ամերիկայի» կազմում։

Հարավաֆրիկյան Հանարապետությունում 2010 թվականին կայցած աշխարհի առաջնությանը Գիլերմե Օչոան կրկին իր հավաքականի պահեստային դարպասապահն էր։ Չնայած «Ամերիկայի» կազմում ունեցած լավ ելույթներին, «ացտեկների» այդ ժամանակվա գլխավոր մարզիչ Խավիեր Ագիրեն վստահում էր Օսկար Պերեսին, իսկ 2011 թվականին ԱՄՆ-ում տեղի ունեցած ԿՈՆԿԱԿԱՖ-ի «Ոսկյա գավաթի» մրցաշարը ճակատագրական դարձավ Գիլերմե Օչոայի կարիերայում։

Այդ մրցաշարում Օչոան Մեքսիկայի հավաքականի հիմնական դարպասապահն էր, սակայն խմբային փուլի առաջին խաղից հետո, որի շրջանակում մեքսիկները 5։0 հաշվով ջախջախել էին Սալվադորի հավաքականին, Օչոայի և Մեքսիկայի հավաքականի ևս չորս ֆուտբոլիստների դոպինգ-թեստը դրական արդյունք էր ցույց տվել։ Դրանից հետո այդ ֆուտբոլիստները որակազրկվեցին, սակայն դարպասապահի համար ոչ միայն ցավոտ էր, որ չկարողացավ հավաքականի հետ մասնակցել մրցաշարի ողջ ընթացքին (այդ մրցաշարում Մեքսիկայի հավաքականը նվաճեց չեմպիոնի տիտղոսը՝ եզրափակիչում 4։2 հաշվով առավելության հասնելոՎ ԱՄՆ հավաքականի նկատմամբ), այլև ձախողեց ՊՍԺ-ի հետ սկսված նախնական բանակցությունները։ Այդ դեպքից հետո փարիզյան ակումբի ղեկավարները դադարեցրին բանակցությունները, սակայն Օչոային հաջողվեց համաձայնության հասնել Լիգա 1-ը ներկայանցող մեկ այլ ակումբի՝ «Այաչոյի» հետ։

Որակազրկումից մեկ ամիս անց Գիլերմո Օչոան արդարացվեց, իսկ որակազրկումը չեղարկվեց, սակայն այդ ամենից մեքսիկացի դարպասապահը դժվար թե ուրախ լիներ, քանի որ ֆրանսիական ֆուտբոլի առաջատարներից մեկում հանդես գալու փոխարեն, հանդես էր գալիս առաջնության հետնապահներից մեկի կազմում։

Օչոան «Այաչոյի» կամզում հանդես եկավ երեք մրցաշրջան, և այդ բոլոր երեք մրցաշրջանների ընթացքում դարպասապահն ամեն ինչ անում էր, որպեսզի ակումբը դուրս չմնա Լիգա 1-ից։ Առաջին մրցաշրջանում Օչոայի անվան դիմաց գրանցվեց 8 «չոր» խաղ, սակայն, միևնույնն է «Այաչոն» բավականին շատ էր գնդակ բաց թողնում (61 գոլ): Ի վերջո՝ «Այաչոյին» հաջողվեց պահպանել տեղը բարձրագույն առանջնությունում, սակայն, եթե չլիներ Օչոայի փայլում խաղը, ակումբը միանշանակ կհայտնվեր Լիգա 2-ում։

Երկրորդ մրցաշրջանում Օչոան ավելի լավ տեսք ուներ՝ իր անվան դիմաց գրանցելով 12 «չոր» հանդիպում։ «Այաչոն» կրկին պահպանեց տեղը Լիգա 1-ում, սակայն 2013/14 մրցաշրջանում մեքսիկացի դարպասապահը անհաջող հանդես եկավ՝ առաջնության 37 խաղում գրանցելով ընդամենը 2 «չոր» հանդիպում, իսկ «Այաչոն» դուրս մնաց բարձրագույն առաջնությունից։

Հենց 2014 թվականի ամռանն էլ եկավ Օչոայի իրական աստեղային ժամը, երբ Բրազիլիայում կայացած աշխարհի առաջնության ժամանակ փայլուն ելույթներով աչքի ընկավ։

Բրազիլիայի դեմ անցկացրած փայլուն խաղից հետո նույնիսկ «սելեսաոյի» ֆուտբոլիստներն էին գովասանքի խոսքեր շռայլում դարպասապահի հասցեին․

«Տպավորություն էր, թե ողջ խաղի ընթացքում Օչոային օգնում էին Գվադելուպեի կույսերը։ Նա ամեն ինչ հետ էր մղում»,- խաղից հետո նշել է Դանի Ալվեսը։

Անցկացրած փայլուն մունդիալից հետո Օչոան տեղափոխվեց «Մալագա», որն այդ ժամանակ դեռևս ֆինանսավորվում էր Քաթարի շեյխերից մեկի՝ Աբդուլա Ալ Ահմեդ Ալ Տանիի կողմից, սակայն Գիլերմեն այդպես էլ չկարողացավ իրեն դրսևորել անդալուսական ակումբի կազմում։

Օչոան «Մալագայի» կազմում առաջին հանդիպումն անցկացրեց տեղափոխությունից գրեթե երկու տարի անց՝ 2016 թվականի մարտին։ «Մալագայում» Օչոան երկու տարի համարվում էր Կառլոս Կամենիի փոխարինողը, ինչից հետո 2016/17 մրցաշրջանը վարձավճարով անցկացրեց «Գրանադայի» կազմում, սակայն այդ մրցաշրջանը դժվար թե որևէ մեկն անվանի հաջող, քանի որ դարպասապահը Լա լիգայի շրջանակում անցկացրած 38 խաղում բաց թողեց 82 գնդակ՝ անցկացնելով ընդամենը 3 «չոր» հանդիպում։

2017 թվականի ամռանը Օչոան համալրեց բելգիական «Ստանդարդի» կազմը։ Առաջին մրցաշրջանում դարպասապահը վատ հանդես չեկավ՝ օգնելով իր թիմին նվաճել առաջնության արծաթե մեդալները։ 2017/18 մրցաշրջանում Օչոան առաջնության շրջանակում մասնակցեց 29 հանդիպման՝ բաց թողնելով 39 գնդակ։ Այդ 29 խաղերում նա անցկացրեց 6 «չոր» հանդիպում, իսկ 2018 թվականին Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը նա մոտեցավ հիանալի մարզավիճակում։

Այդ աշխարհի առաջնությանը Գիլերմո Օչոան արեց այն, ինչ բոլորը սպասում էին նրանից՝ հերթական հիանալի մեծ մրցաշարն անցկացնելով, իսկ Մեքսիկայի հավաքականն աչքի ընկավ վառ խաղով։ Ճիշտ է՝ «ացտեկները» մրցաշարը կրկին լքեցին 1/8 եզրափակչից, սակայն Օչոան անցկացրած 4 խաղում հասցրեց աչքի ընկնել 25 սեյվով և առաջնության լավագույն դարպասապահներից մեկն էր։ Հետաքրքրական է, որ Օչոան այդ ցուցանիշով առաջնության լավագույն դարպասապահն, էր իսկ սեյվերի քանակով երկրորդը դարձավ Դանիայի հավաքականի դարպասապահ Կասպեր Շմեյխելը, ում հայրը՝ Պիտերը, Օչոայի մանուկ ժամանակների կուռքն էր։

Խմբային փուլի առաջին տուրի շրջանակում Գերմանիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակից հետո (1։0), Օչոան հաղթանակը նվիրեց իր երկրպագուներից մեկին ՝ ութամյա մի տղայի՝ Գիլերմո Մարտինեսին, ով առաջնության մեկնարկից ամիսներ առաջ մահացել էր՝ այդպես էլ չտեսնելով հավաքականի ելույթները։

Մեքսիկայի հավաքականը վստահորեն հաղթահարեց խմբային փուլի արգելքը, և ինչպես չորս տարի առաջ, այնպես էլ 2018 թվականին կրկին հանդիպեց Բրազիլիայի հավաքականին։ Ճիշտ է՝ այդ անգամ բրազիլացիները հաղթեցին 2։0 հաշվով, սակայն Օչոան կրկին հիանալի հանդես եկավ՝ դառնալով 8 սեյվի հեղինակ։

2018/19 մրցաշրջանում Օչոան ավելի վառ հանդես եկավ «Ստանդարդի» կամզում։ Այդ մրցաշրջանում նա հնարավորություն ունեցավ նորամուտը նշել նաև եվրագավաթային մրցաշարերում։

Չկարողանալով հաղթահարել Չեմպիոնների լիգայի որակավորման փուլը՝ «Ստանդարդը» հայտնվեց Եվրոպա լիգայի խմբային փուլում։ Խմբային փուլը բելգիական ակումբը բավականին վստահ անցկացրեց, սակայն նույնիսկ վաստակած 10 միավորը բավարար չեղավ, որպեսզի դուրս գա մրցաշարի 1/16 եզրափակիչ։

Ընդհանուր առմամբ Օչոան այդ մրցաշրջանում բավականին վստահ հանդես եկավ՝ բոլոր մրցաշարերի շրջանակում անցկացրած 48 խաղում գրանցելով 13 «չոր» հանդիպում։

2019/20 մրցաշրջանից առաջ մեքսիկացի դարպասահը որոշեց վերադառնալ հայրենիք։ Նա համալրեց հարազատ «Ամերիկայի» շարքերը, որի կազմում որոշ վերապահումներով կարելի է ասել, որ հանդես է գալիս հաջողությամբ։ Ընթացիկ մրցաշրջանում Օչոան բոլոր մրցաշարերի շրջանակում մասնակցել է 29 հանդիպման՝ անցկացնելով 9 «չոր» խաղ։

Դժվար է առանձնացնել կոնկրետ մեկ հիմնաքարային պատճառ, որն էլ Օչոային խանգարեց Եվրոպայում ցույց տալ իր բոլոր ունակությունները։ Ակնհայտ է, որ նա ուշացրել էր Եվրոպա տեղափոխությունը, քանի որ 2011 թվականին, երբ տեղափոխվում էր «Այաչո», արդեն 26 տարեկան էր։ Եվրոպա պետք էր տեղափոխվել 2007 թվականին հաջողությամբ անցկացրած Կոպա Ամերիկայի մրցաշարից հետո։ Վերոնշյալ դոպինգ-թեստի սխալմունքը միանաշանակ նույնպես Գիլերմո Օչոայի դեմ էր, քանի որ հնարարվորություն ուներ տեղափոխվել Քաթարի շեյխերի ձեռքին հայտնված ՊՍԺ, իսկ դրա փոխարեն հայտնվեց Լիգա 1-ում «գոյատևող» «Այաչոյի» կազմում։

Մեքսիկայի հավաքականի գլխավոր մարզիչներից Խավիեր Ագիրեն կարծում էր, որ Օչոան վատ է հետ մղում հեռահար հարվածները, սակայն որևէ վիճակագրական տվյալ չի հաստատում այդ փաստը, սակայն միանաշանակ կա մեկ արգումենտ, որը կարող էր հետ պահել թոփ ակումբներին, որպեսզի ձեռք բերեին Օչոայի տրանսֆերը։ Գիլերեմո Օչոան դարպասապահի համար բավականին կարճահասակ է, նա ունի ընդամենը 183 սմ հասակ։

Օչոայի սեյվերը մինաշանակ թե՛ իր ակումբների, թե՛ Մեքսիկայի հավաքականի համար ապահովում էին արդյունք, սակայն պետք է նշենք, որ ավելի բարձրահասակ և ավելի որակյալ դարպասապհներն ավելի արդյունավետ են գործում նմանատիպ իրավիճակներում, որում Օչոան հայտնվել էր, օրինակ, 2014 թվականի Բրազիլայի դեմ անցկացրած խաղում։ Սակայն, կային որոշակի խաղային ասպեկտներ, երբ Օչոան հասակն օգտագործում էր միայն իր օգտին։ Մեկը մեկի դեմ պայքարում հարձակվողների համար բավականին դժվար էր գնդակը պարզապես անցկացնել նրա կողքով կամ էլ գնդակն ուղարկել նրա ոտքերի արանքով։

Նշենք, որ Օչոան մինչ օրս էլ համարվում է Մեքսիկայի հավաքականի հիմնական դարպասապահը և մինչ այժմ հավաքականի կազմում մասնակցել է 109 հանդիպման։ Այդ 109 խաղերից 43-ում նա դարպասն անառիկ է պահել։

Ամեն դեպքում՝ Գիլերմո Օչոան մեծ մրցաշարերի վարպետ է` աչքի ընկնելով բացառիկ խարիզմայով։ Օչոան միանշանակ երկու հիանալի աշխարհի առաջնություն է անցկացրել՝ շահելով նույնիսկ չեզոք երկրպագուների սրտերը, և միանաշանկ մեր սրտերում Օչոան կմնա իր խենթ բնավորությամբ, սանրվածքով և փայլուն սեյվերով։

Սիրե՛ք ֆուտբոլն, ապրե՛ք ֆուտբոլով !!!

Միքայել Մելիքբեկյան

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023