Շնորհավոր ծնունդդ, Հենո ջա՜ն

Շնորհավոր ծնունդդ, Հենո ջա՜ն

21/01/2021 - 12:08

1989 թվականի հունվարի 21-ին Համլետ Մխիթարյանի և Մարինա Թաշչյանի ընտանիքում ծնվեց անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստը՝ Հենրիխ Մխիթարյանը։

Դժվար է հավատալ, սակայն այսօր՝ 2021 թվականի հունվարի 21-ին, Հենոն նշում է իր ծննդյան 32 ամյակը։ Այդ 32 տարիների ընթացքում Հենրիխ Մխիթարյանը բազմաթիվ նվաճումների է հասել և, անկասկած, անկախ Հայաստանի պատմության լավագույն ֆուտբոլիստն է։

Մեր տղան իր ֆուտբոլային կարիերայի ընթացքում հանդես է եկել «Փյունիկի» (2006-2009թթ․ 87 խաղ, 35 գոլ), Դոնեցկի «Մետալուրգի» (2009-2010թթ․, 45 խաղ, 16 գոլ, 11 գոլային փոխանցում), Դոնեցկի «Շախտյորի» (2010-2013թթ․, 106 խաղ, 44 գոլ, 23 գոլային փոխանցում), Դորտմունդի «Բորուսիայի» (2013-2016 թթ․, 140 խաղ, 41 գոլ, 49 գոլային փոխանցում), «Մանչեսթեր Յունայթեդի» (2016-2018թթ․, 63 խաղ, 13 գոլ, 11 գոլային փոխանցում), «Արսենալի» (2018-2019 թթ․, 59 խաղ, 9 գոլ, 13 գոլային փոխանցում), իսկ 2019 թվականի սեպտեմբերից մինչ օրս հանդես է գալիս «Ռոմայի» կազմում, որի մարզաշապիկով արդեն անցկացրել է 51 հանդիպում՝ դառնալով 19 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Հայաստանի հավաքականի կազմում էլ Մխիթարյանն անցկացրել է 88 հանդիպում, խփել 30 գնդակ և կատարել 25 գոլային փոխանցում։ Հենոն մեր հավաքականի պատմության լավագույն ռմբարկուն է։

Այսպիսով, Հենրիխ Մխիթարյանն իր պրոֆեսիոնալ ֆուտբոլային կարիերայի ընթացքում մինչ օրս անցկացրել է 639 հանդիպում՝ դառնալով 207 գոլի և 148 գոլային փոխանցման հեղինակ։

Հենոն ակումբային կարիերայի ընթացքում բազմաթիվ տիտղոսներ է նվաճել, որոնք ակումբ առ ակումբ այժմ կներկայացնենք։

«Փյունիկ» – 5 անգամ՝ Հայաստանի չեմպիոն, 3 անգամ՝ Հայաստանի Սուպեր գավաթ, 1 անգամ՝ Հայաստանի գավաթակիր

«Շախտյոր» – 3 անգամ՝ Ուկրաինայի չեմպիոն, 3 անգամ՝ Ուկրաինայի գավաթ, 1 անգամ՝ Ուկրաինայի Սուպեր գավաթ

«Բորուսիա Դորտմունդ» – 2 անգամ՝ Գերմանիայի Սուպեր գավաթ

«Մանչեսթեր Յունայթեդ» – 1 անգամ՝ Եվրոպա լիգայի հաղթող, 1 անգամ՝ Անգլիայի Սուպեր գավաթ, 1 անգամ՝ Անգլիայի Լիգայի գավաթ

Մխիթարյանը նաև 10 անգամ ճանաչվել է Հայաստանի տարվա լավագույն ֆուտբոլիստ։

Շնորհավոր ծնունդդ, Հենո ջա՜ն։ Ցանկանում ենք՝ դեռևս երկար տեսնել քեզ խաղադաշտում, որպեսզի ուրախացնես ողջ հայ ազգին։ Վստահեցնում ենք՝ դու այդ գործառույթը հիանալի ես կատարում։ Ցանկանում ենք, որ կարիերայիդ մնացած ժամանակահատվածում խուսափես վնասվածքներից և մշտապես լինես խաղադաշտում թե՛ ակումբիդ և թե՛ հավաքականի կազմում՝ խփելով բազմաթիվ գոլեր ու կատարելով գոլային փոխանցումներ։ Ուժեղ և միշտ հաղթող եղի՛ր։ Շնորհավո՜ր։


# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023