Ներկայացում «Սան Սիրոյում». Միլանը փայլեց` հաղթելով Ռոմային🎥

Ներկայացում «Սան Սիրոյում». Միլանը փայլեց` հաղթելով Ռոմային🎥

06/01/2022 - 23:40

Իտալական Ա սերիայի 20-րդ տուրի շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Ռոմայի» դեմ։

Հանդիպումը բավական անհաջող մեկնարկեց «Ռոմայի» համար, քանի որ արդեն 4-րդ րոպեին Թեմի Աբրահամը սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղաց, ինչից հետո գլխավոր մրցավար Դանիելե Չիֆին, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, ի վերջո, 8-րդ րոպեին «գայլերին» պատժեց 11-մետրանոցով, որն անվրեպ իրացրեց Օլիվիե Ժիրուն և առաջ մղեց «Միլանին»։

Հյուրերը դեռ ուշքի չէին եկել սառը ցնցուղից, երբ 17-րդ րոպեին ստիպված էին ևս մեկ գնդակ հանել սեփական դարպասից։

Ռոջեր Իբանյեսը սեփական տուգանային հրապարակի մատույցներում կոպիտ սխալ թույլ տվեց, ինչի հետևանքով Օլիվիե Ժիրուն հայտնվեց հարվածային դիրքում, սակայն գնդակը դիպավ դարպասաձողին, իսկ վրա հասած Ժունիոր Մեսիասը գրավեց դատարկ դարպասը։

Խփած երկրորդ գոլից հետո էլ «ռոսոներիները» վերահսկում էին հանդիպման ընթացքը, սակայն առաջին խաղակեսի վերջնամասում «Ռոմայի» ֆուտբոլիստներն ակտիվացան ու նախքան ընդմիջման գնալը մեկ գնդակ հետ բերեցին. 40-րդ րոպեին աչքի ընկավ Թեմի Աբրահամը։

Կողմերն ընդմիջման գնացին «Միլանի» առավելության պայմաններում` 2:1 հաշվով։

Երկրորդ կեսի հենց մեկնարկում` 51-րդ րոպեին, Բրահիմ Դիասը կարող էր վերականգնել «Միլանի» երկու գնդակի առավելությունը, սակայն «Ռոմային» կրկին փրկեց դարպասաձողը։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում էլ դաշտում հիմնականում հավասար պայքար էր ընթանում, այդուհանդերձ այս խաղը փրկելու «Ռոմայի» հույսերն էլ ավելի նվազեցին, երբ 72-րդ րոպեին երկրորդ դեղին քարտի պատճառով դաշտից հեռացվեց Ռիկ Կարսդորպը։

Ստանալով քանակական առավելություն` «Միլանը» 82-րդ րոպեին դրեց այս հանդիպման վերջակետը. արագ հակագրոհի արդյունքում Ռաֆայել Լեաոն հաշիվը դարձրեց 3:1։

Նշենք, որ 90+3-րդ րոպեին պորտուգալացի հարձակվողը կրկին հայտնվեց հարվածային դիրքում, սակայն այս անգամ Ջանլուկա Մանչինին նրան կանգնեցրեց կանոնների խախտման գնով, ինչից հետո նա նույնպես հեռացվեց դաշտից` «Ռոմային» թողնելով 9 հոգով։

Այդ դրվագում «գայլերը» կրկին պատժվեցին 11-մետրանոցով, սակայն Զլատան Իբրահիմովիչի հարվածից հետո «Ռոմային» փրկեց դարպասապահ Ռուի Պատրիսիուն։

Այսպիսով, «Միլանը» 3:1 հաշվով հաղթեց «Ռոմային» վաստակեց 45 միավոր և ամրապնդվեց 2-րդ հորիզոնականում։

Ժոզե Մոուրինիոյի թիմը, 32 միավորով, 7-րդն է։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023