Յունայթեդը վերջապես ներխուժեց ՉԼ գոտի?

Յունայթեդը վերջապես ներխուժեց ՉԼ գոտի?

22/07/2020 - 23:13

Մոտենում է ավարտին անգլիական Պրեմիեր լիգայի 2019/20 մրցաշրջանը, որի շրջանակում այսօր՝ հուլիսի 22-ին, կավարտվի 37-րդ տուրը։

Տուրի նախավերջին խաղում միմյանց դեմ մրցեցին Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար պայքարող «Մանչեսթեր Յունայթեդը» և «Վեսթ Հեմը», որն էլ պայքարում էր տեղը Պրեմիեր լիգայում պահպանելու համար։

Առաջին խաղակեսւոմ մանկունյական ակումբն ուներ տարածքային առավելություն, սակայն Օլե-Գունար Սուլշերի սաների խաղում բացակայում էր սրությունը, բացի դրանից, նկատելի էր, որ «Յունայթեդը» ֆուտբոլիստները Անգլիայի գավաթի կիեսաեզրափակիչում «Չելսիից» կրած պարտությունից հետո չեն վերականգնվել։

Այդ ամենը հանգեցրեց, որ «մրճահարները» նախքան ընդմիջման գնալը հաշվի մեջ առաջ անցան։ Հյուրերը հանդիպման 45-րդ րոպեին տուգանային հարվածի իրավունք վաստակեցին, որի խաղարկումից հետո Դեկլան Ռայսը փորձեց հեռահար հարվածով աչքի ընկնել, սակայն գնդակի ճանապարհին կանգնեց Պոլ Պոգբան, ով անգլիացի երիտասարդ կիսապաշտպանի հուժկու հարվածից պաշտպանվելու համար ձեռքով դեմքը փակեց, ինչի արդյունքում գնդակը դիպավ նրա ձեռքին։ VAR համակարգի մրցավարները գլխավոր մրցավար Փոլ Թիրնիին հուշեցին, որ ձեռքով խաղ է գրանցվել և նշանակվեց 11 մետրանոց հարված։ Գնդակին մոտեցավ Մայքլ Անտոնիոն և բացեց խաղի հաշիվը։ Նշենք, որ անգլիացի հարձակվողը վերջին 6 խաղում դարձել է 8 գոլի հեղինակ։

Երկրորդ խաղակեսը մեկնարկեց «Յունայթեդի» խփած գնդակով։ 51-րդ րոպեին «Յունայթեդի» ֆուտբոլիստները դասագրքային բազմաքայլ գրոհ անցկացրին, ինչի արդյունքում Անտոնի Մարսիալը Մեյսոն Գրինվուդին հարվածային դիրք դուրս բերեց․ վերջինս էլ նպաստավոր դիրքից չվիրպեց։

Հանդիպման մնացած ժամանակահատվածում «Վեսթ Հեմի» ֆուտբոլիստներն ավելի լավ տեսք ունին և ավելի մոտ էին հաղթանակ կորզելուն, քան «Յունայթեդի» ֆուտբոլիստները, սակայն խաղում այդպես էլ դարպասի գրավում չարձանագրվեց։

Այսպիսով, «Յունայթեդն» այս ոչ-ոքիի շնրոհիվ վաստակեց 63 միավոր, շրջանցեց «Լեսթերին» և «Չելսիին»՝ բարձրանալով 3-րդ հորիզոնական։ «Չելսին» նույնպես ունի 63 միավոր, որը քիչ անց մրցելու է «Լիվերպուլի» դեմ։ Հավելենք, որ առաջնության վերջին տուրում «Լեսթերն» ու «Յունայթեդը» մրցելու են միմյանց դեմ․ հենց այդ խաղում էլ հավանաբար հայտնի կդառնա ՉԼ ուղեգրերի ճակատագիրը։ «Վեսթ Հեմն» էլ այս 1 միավորի շնորհիվ վաստակեց 38 միավոր և վերջնականապես ամրագրեց իր տեղը Պրեմիեր լիգայում։ Դևիդ Մոյեսի թիմն այս պահին 15-րդն է։

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023