Մորատան տեղափոխվում է Բարսելոնա. գործարքը գրեթե համաձայնեցված է

Մորատան տեղափոխվում է Բարսելոնա. գործարքը գրեթե համաձայնեցված է

04/01/2022 - 11:58

«Յուվենտուսի» հարձակվող Ալվարո Մորատան, ում տրանսֆերային իրավունքները պատկանում են «Ատլետիկո Մադրիդին», շատ մոտ է «Բարելոնա» տեղափոխվելուն։

Ինչպես գրում է AS-ը, գործարքը 95%-ով համաձայնեցված է. մնացել է կարգավորել միայն որոշ դետալներ։

«Բարսելոնան» արդեն համաձայնության է հասել ինչպես «Յուվենտուսի», այնպես էլ «Ատլետիկո Մադրիդի» հետ։

Հաղորդվում է, որ «Ատլետիկոյի» հետ բանակցություններում վճռորոշ դեր է խաղացել այն փաստը, որ «ռոխիբլանկոսը» 2022 թ. ամռանն Անտուան Գրիզմանի տրանսֆերի դիմաց «Բարսելոնային» պետք է 40 մլն եվրո վճարի։

Այժմ Մորատան սպասում է, որ իր գործակալ Խուանմա Լոպեսը «Բարսելոնայի» հետ վերջնական համաձայնեցնի իսպանացի հարձակվողի անձնական պայմանագրի բոլոր կետերը, ինչից հետո 29-ամյա ֆուտբոլիստը կմեկնի Կատալոնիայի մայրաքաղաք, բուժզննում կանցնի «բլաուգրանասի» համար և նվազագույնը 18 ամսվա պայմանագիր կկնքի նոր ակումբի հետ։

Այդուհանդերձ, «Բարսելոնան» ստիպված է թեթևացնել պայմանագրի բյուջեն, որպեսզի կարողանա գրանցել Մորատայի տրանսֆերը։

Բացի Մորատայից, «կապտանռնագույնները» պետք է գրանցեն նաև Ֆերրան Տորեսին, Դանի Ալվեսին, ինչպես նաև Նիկո Գոնսալեսին ու Գավիին, ովքեր մինչև հիմա երիտասարդական թիմի ֆուտբոլիստներ են։

Ստեղծված իրավիճակը «Բարսելոնայի» տնօրեն Մատեու Ալեմանիին ստիպում է արագ գործել Սամուել Ումտիտիին և Ֆիլիպե Կոուտինիոյին վաճառելու հարցում։

Հիշեցնենք, որ Ալվարո Մորատան «Բարսելոնայի» ամենասկզբունքային մրցակցի` «Ռեալ Մադրիդի» սան է, որի գլխավոր թիմի կազմում անցկացրել է 95 հանդիպում` դառնալով 31 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։

29-ամյա հարձակվողը 2020 թ. սեպտեմբերին վարձավճարով տեղափոխվեց «Յուվենտուս» և տրանսֆերից ի վեր թուրինյան ակումբի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 67 անգամ` դառնալով 27 գոլի և 16 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023