Մոուրինիոն` Լուկակուի մասին. «Ինտերը չպետք է զայրանա. նրանք դերբին հաղթել են 5:1 հաշվով»

Մոուրինիոն` Լուկակուի մասին. «Ինտերը չպետք է զայրանա. նրանք դերբին հաղթել են 5:1 հաշվով»

18/09/2023 - 10:11

Իտալական Ա սերիայի 4-րդ տուրում «Ռոման» սեփական հարկի տակ 7:0 հաշվով ջախջախեց «Էմպոլիին»։

Հանդիպումից հետո «գայլերի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինինոն կիսվել է իր տպավորություններով.

«Մենք ձգտում էինք հաղթանակի հասնել հարմարավետ հաշվով, սակայն ոչ 7:0-ի։ Եղան ինչպես վերելքներ, այնպես էլ անկումներ, հատկապես, ֆիզիկական վիճակի տեսանկյունից. ոչ բոլոր ֆուտբոլիստներն էին պատրաստ 90 րոպե բարձր ինտենսիվությամբ պրեսինգ կիրառել։

Ցավում եմ «Էմպոլիի» համար, սակայն այսպիսին է ֆուտբոլը։ Երբեմն լինում է նաև 0:7։

Չնայած հաշվին` որոշ բաներ ինձ դուր չեկան, որոնք մենք մարզչական շտաբի հետ կվերլուծենք և կշտկենք։

Ես շատ լավ հասկանում եմ, թե ինչպես է աշխատում մամուլը և ինչպես է այն ազդում որոշ երկրպագուների վրա։ Չեմ կարծում, որ մենք եղել են այն ակումբը, որին ԶԼՄ-ները ներկայացրել են նախորդ շաբաթներին ու չենք էլ դարձել հիասքանչ։

Մենք ակումբ ենք, որն ունի ներուժ, և մեր նպատակն է խաղից խաղ առաջընթաց գրանցել ու տոնել հաղթանակներ։

Ինձ համար այնքան էլ կարևոր չէր` Լուկակուն գոլ կխփեր, թե` ոչ։ Միգուցե, դա անձամբ իր համար կարևոր է, քանի որ գիտեմ` հարձակվողներն ապրում են գոլ խփելու համար, սակայն, տրանսֆերի պահից ի վեր, նա միայն նվիրվել է թիմին, այդ պատճառով էլ էական չէր` կդառնա գոլի հեղինակ, թե` ոչ։ Իհարկե, գոլից հետո նա իրեն երջանիկ է զգում։

Ռոմելուն մեր մյուս հարձակվողներից տարբերվում է։ Մենք պետք է դեռ հարմարվենք միմյանց և հասկանանք, թե ինչպիսի դիրք հատկացնենք նրան դաշտում, սակայն դրա համար ժամանակ ունենք, իսկ հանդիպումներն օգնում են ճիշտ որոշում կայացնել։

Լուկակուն պետք է երջանիկ լինի, զգա, որ սիրում են իրեն և պահանջված է։ Նա, տեղափոխվելով «Ռոմա», հասկացավ, որ մեզ իր նման հարձակվող է անհրաժեշտ։ Ռոմելուն սիրում է հաղթել։

«Ինտերը» չպետք է զայրանա. նրանք դերբին հաղթել են 5:1 հաշվով և ունեն բազմաթիվ հիանալի հարձակվողներ։ «Ինտերը» պետք է ուրախանա իր նախկին մարզչի համար, ով, իրոք, հարձակվողի կարիք ուներ»,- «Յուրահատուկի» խոսքերը մեջբերում է Football Italia-ն։

Նշենք, որ «Էմպոլիի» դեմ խաղում Ռոմելու Լուկակուն «Ռոմա» տեղափոխվելուց հետո առաջին գոլը խփեց։

Հիշեցնենք, որ բելգիացի հարձակվողը 2019-21 և 2022-23 թթ. հանդես է եկել «Ինտերի» կազմում։

2023 թ. ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ «ներաձուրիները» փորձում էին «Չելսիից» ձեռք բերել 30-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերային ամբողջական իրավունքները, սակայն վերջինիս` «Յուվենտուսի» հետ գաղտնի բանակցություններ վարելու պատճառով հրաժարվեցին իրականացնել գործարքը։

Արդյունքում, Լուկակուն վարձավճարով համալրեց «Ռոմայի» շարքերը։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023