Ինտերը դադարեցրել է Չելսիի հետ բանակցությունները

Ինտերը դադարեցրել է Չելսիի հետ բանակցությունները

15/07/2023 - 19:13

«Չելսիի» հարձակվող Ռոմելու Լուկակուն չի վերադառնա «Ինտեր», որի կազմում վարձավճարով հանդես էր գալիս 2022/23 մրցաշրջանը։

Ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն հայտնում է, որ «ներաձուրիները» վարձակալության ավարտից հետո արդեն տևական ժամանակ է գործարքի հարցում բանակցություններ էին վարում «ազնվականների» հետ և մտադիր էին գնել բելգիացի հարձակվողի տրանսֆերային ամբողջական իրավունքները։

Այդուհանդերձ, միլանյան ակումբը դադարեցրել է բանակցությունները։

Բանն այն է, որ, աղբյուրի փոխանցմամբ, «Ինտերի» ղեկավարությանը խիստ զայրացրել է այն հանգամանքը, որ Լուկակուն գաղտնի բանակցություններ է վարել «Յուվենտուսի» հետ, որը նույնպես ցանկանում է ձեռք բերել 29-ամյա ֆուտբոլիստին։

Հատկանշական է, որ «Ինտերն» ու «Չելսին» Լուկակուի գործարքի հարցում շատ մոտ էին վերջնական համաձայնության հասնելուն։

«Ներաձուրիները» գործարքի դիմաց առաջարկել էին 35+5 մլն եվրո, իսկ «ազնվականները» պատրաստ էին ընդունել այն, սակայն «Ինտերն» արդեն հետ է վերցրել իր առաջարկը։

Նշվում է, որ այժմ Լուկակուի կարիերայի շարունակության ամենահավանական տարբերակներից մեկը հենց «Յուվենտուսն» է, որը գործարքի դիմաց լոնդոնյան ակումբին առաջարկել է 37,5+2,5 մլն եվրո։

Ընդ որում, «բյանկոներիներն» այս գործարքը կարող են իրականացնել միայն այն դեպքում, եթե կարողանան խոշոր գումարի դիմաց վաճառել Դուշան Վլահովիչին, ում ծառայություններով հետաքրքրված է ՊՍԺ-ն։

Տարբերակներից մյուսն էլ Սաուդյան Արաբիան ներկայացնող որևէ ակումբի շարքերը համալրելն է, որոնց կողմից արդեն առաջարկ ստացել է բելգիացի հարձակվողը, սակայն վերջինս այնքան էլ հակված չէ եվրոպական ֆուտբոլը լքելու գաղափարին։

Ինչ վերաբերում է «Չելսիին», ապա լոնդոնյան ակումբը ցանկանում է միայն վաճառել Ռոմելու Լուկակուին։

Ակնկալվում է, որ 29-ամյա ֆուտբոլիստը հուլիսի 17-ին կմեկնի Լոնդոն` քննարկելու իր ապագայի հարցերը. «ազնվականները» մտադիր են նրան վաճառել մինչև օգոստոս ամիսը։

Նշվում է, որ Լուկակուն դեռևս չի զրուցել «Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոյի հետ, սակայն այդ հանգամանքն, ամենայն հավանականությամբ, որևէ կերպ չի ազդելու «ազնվականների» դիրքորոշման վրա։

Համացանցում տեղեկություններ էին տարածվել, որ «Յուվենտուսը» Լուկակուի գործարքում պատրաստ է ներառել Դուշան Վլահովիչին, սակայն Ֆաբրիցիո Ռոմանոն հաստատում է է, որ «Չելսին» հետաքրքրված չէ իրադարձությունների նման զարգացմամբ։

Հավելենք, որ Ռոմելու Լուկակուն «Ինտերի» կազմում հանդես է եկել 2019-21 և 2022-23 թթ.` անցկացրած 132 խաղում դառնալով 78 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է բելգիացի հարձակվողի «Չելսիում» ունեցած մրցելույթներին, ապա վերջինս «ազնվականների» մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 59 անգամ` դառնալով 15 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023