Մոնակոն փորձում է խառնվել չեմպիոնական պայքարին🎥

Մոնակոն փորձում է խառնվել չեմպիոնական պայքարին🎥

01/02/2021 - 14:20

Ֆրանսիական Լիգա 1-ի 22-րդ տուրի վերջին հանդիպման շրջանակում «Մոնակոն» հյուրընկալվելիս «Բոժուար» մարզադաշտում մրցեց «Նանտի» դեմ։

Նիկո Կովաչի սաները, ովքեր վերջին շրջանում բավական հաջող են հանդես գալիս, այս անգամ նույնպես խաղադաշտը լքեցին գլուխները բարձր՝ մրցակցին հաղթելով 1։2 հաշվով։

Հանդիպման մեծ մասում մոնեգասկյան ակումբն ուներ տարածքային լուրջ առավելություն և 60-րդ րոպեի դրությամբ արդեն հաղթում էր երկու գնդակի տարբերությամբ։

Նախ 45-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո Գիլերմո Մարիպանն առաջ մղեց «Մոնակոյին», ապա 60-րդ րոպեին Կևին Ֆոլանդը մեծացրեց իր թիմի առավելությունը։

Հատկանշական է, որ Կևին Ֆոլանդը Լիգա 1-ի ընթացիկ խաղարկության լավագույն ռմբարկուներից մեկն է։

Գերմանացի գոլահարի անվան դիմաց արդեն գրանցվել է 11 գոլ և լավագույն ռմբարկուների ցուցակում 28-ամյա ֆուտբոլիստը 3-4-րդ հորիզոնականները կիսում է «Լիոնի» առաջատար Մեմֆիս Դեպայի հետ։

Ցուցակը 14 գոլով գլխավորում է Կիլիան Մբապեն (ՊՍԺ), իսկ 2-րդ հորիզոնականը զբաղեցնում է «Ռեյմսի» հարձակվող Դիա Բուլայեն։

Ռայմոն Դոմենեկի թիմն էլ միայն կարողացավ կրճատել հաշվի տարբերությունը․ 83-րդ րոպեին աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Ռենո Էմոնը։

Ավելին անել «Նանտի» ֆուտբոլիստները չկարողացան։

Այսպիսով, «Մոնակոն» հյուրընկալվելիս անչափ կարևոր հաղթանակի հասավ։

Նշենք, որ Կովաչի թիմը ներքին առաջնության շրջանակում տոնում է արդեն 5-րդ անընդմեջ հաղթանակը և վաստակած 42 միավորով՝ արդեն զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 4-րդ հորիզոնականը՝ առաջնության առաջատար «Լիլին» զիջելով 6 միավոր։

«Նանտ» էլ, ընդհակառակը, Լիգա 1-ի շրջանակում չի հաղթում արդեն 13 հանդիպում անընդմեջ՝ այդ ընթացքում կրելով 6 պարտություն։

Վերջին անգամ ակումբը հաղթանակի բերկրանքը ճաշակել է 10-րդ տուրի շրջանակում, երբ 2020թ․ նոյեմբերի 8-ին հյուրընկալվելիս երկու անպատասխան գնդակ ուղարկեց «Լորյանի» դարպասը։

Վատ արդյունքների հետևանքով ակումբը 18 միավորով հայտնվել է 17-րդ հորիզոնականում և վտանգավոր գոտում գտնվող «Լորյանի» հետ հավասար միավորներ ունի։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023