Հիասքանչ ֆուտբոլ Միլանում․Պոգբան «կարմիր սատանաներին» տանում է առաջ🎥

Հիասքանչ ֆուտբոլ Միլանում․Պոգբան «կարմիր սատանաներին» տանում է առաջ🎥

19/03/2021 - 01:55

Եվրոպա լիգայի 1/8 եզրափակչի պատասխան հանդիպման շրջանակում «Միլանը» «Սան Սիրո» մարզադաշտում մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» դեմ։

Հիշեցնենք, որ մեկ շաբաթ առաջ Մանչեսթերում կայացած խաղում կողմերը չէին պարզել հաղթողին․ գրանցվել էր 1։1 հաշիվը։

Պատասխան հանդիպման առաջին խաղակեսը հիմնականում անցավ հավասար պայքարում, սակայն «ռոսոներիների» գոլային պահերն ավելի վտանգավոր էին և սուր, սակայն նպաստավոր դիրքերից վրիպեցին Ալեքսիս Սալեմակերսն ու Ռադե Կրունիչը։

Բելգիացի ֆուտբոլիստի հարվածից հետո «Յունայթեդին» փրկեց դարպասապահ Դին Հենդերսոնը, իսկ Կրունիչի հարվածը շեղ ստացվեց։

Ամեն դեպքում, առաջին կեսում գոլեր չտեսանք, իսկ կողմերն ընդմիջման գնացին 0։0 հաշվի պայմաններում։

Երկրորդ խաղակեսն էլ ինչ-որ տեղ անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ 49-րդ րոպեին բազմաքայլ գրոհի արդյունքում րոպեներ առաջ փոխարինման դուրս եկած Պոլ Պոգբան առաջ մղեց «կարմիր սատանաներին»։

Ստեֆանո Պիոլին հասկանում էր, որ իր թիմին գոլ է հարկավոր և փոխարինումների միջոցով փորձեց ակտիվացնել «Միլանի» խաղը՝ 65-րդ րոպեին մարտադաշտ նետելով «կարմրասևերի» հիմնական հարվածային ուժին՝ Զլատան Իբրահիմովիչին։

Շվեդ ֆուտբոլիստը 74-րդ րոպեին շատ մոտ էր հաշիվը հավասարեցնելուն, սակայն նրա ՝ գլխով կատարած հարվածից հետո գեղեցիկ սեյվի հեղինակ դարձավ Դին Հենդերսոնը՝ փրկելով իր թիմին վերահաս գոլից։

Տանտերերը քիչ-քիչ մեծացնում էին իրենց առավելությունը, սակայն «Յունայթեդի» տղաները պաշպանվում էին անձնուրաց՝ հետ մղելով մրցակցի բոլոր գրոհենրի փորձերը։

Հանդիպումը մոտենում էր ավարտին, սակայն, այդպես էլ «ռոսոներիները» չկարողացան պաշարել մրցակցի տուգանային հրապարակը և ստեղծել իրական գոլային պահեր։

Օլե-Գունար Սուլշերի սաները պահպանեցին հաղթական հաշիվը՝ հաղթելով 1։0 հաշվով։

Այսպիսով, մանկունյական ակումբն ընդհանուր դիմակայությունում հաղթեց 2։1 հաշվով և նվաճեց Եվրոպա լիգայի 1/4 եզրափակչի ուղեգիր, իսկ «Միլանը» լքում է պայքարը։

Հ․Գ․ Միացեք մեր Telegram-ի ալիքին -> https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023