Մեսսին դժվար թե վերադառնա Բարսելոնա. նա կարծում է, որ Լապորտան իրեն դավաճանել է

Մեսսին դժվար թե վերադառնա Բարսելոնա. նա կարծում է, որ Լապորտան իրեն դավաճանել է

30/09/2022 - 20:59

ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսիի՝ «Բարսելոնա» վերադառնալու հավանականությունը բավական քիչ է։

Ինչպես հայտնում է Marca-ն, որպեսզի արգենտինացի ֆուտբոլիստի տեղափոխությունը կատալոնական ակումբ հնարավոր դառնա, պետք է լուծել մի քանի խնդիր։

Բանն այն է, որ 35-ամյա ֆուտբոլիստը «բլաուգրանայի» ներկայիս ղեկավարության հետ որևէ հարաբերություններ չունի։

Բացի դրանից, երկար ժամանակ կպահանջվի, որպեսզի «կապտանռնագույնները» համոզեն Մեսսիին միանալ ակումբին:

Ինքը` Մեսսին, կարծում է, որ «Բարսայի» նախագահ Ժոան Լապորտան 2021 թ. ամռանը դավաճանել է իրեն՝ վերջին պահին չեղարկելով պայմանագրի երկարաձգման գործընթացը և ստիպելով նրան հեռանալ ակումբից։

Մեսսիին նաև դուր չի գալիս, որ «Բարսելոնայի» ղեկավարներն անընդհատ խոսում են իր մասին։

Եթե Մեսսին որոշի վերադառնալ «Բարսելոնա», ապա կպահանջի ակումբից հեռանան մի շարք պաշտոնյաներ և ֆուտբոլիստներ, քանի որ արգենտինացի հարձակվողը չի մոռացել այդ մարդկանց վերաբերմունքն իր հանդեպ։

Հայտնի է նաև, որ 35-ամյա ֆուտբոլիստը ցանկանում է երաշխավորված խաղաժամանակ ունենա կատալոնական ակումբի մեկնարկային կազմում։

Աղբյուրի փոխանցմամբ` պետք չէ մոռանալ նաև «Բարսելոնայի» ֆինանսական խնդիրների մասին։ Ճիշտ է` ներկա պահին իրավիճակը բարելավվել է, սակայն ակումբի ղեկավարությունը դեռևս պետք է էականորեն թեթևացնի աշխատավարձերի բյուջեն, իսկ Մեսսին աշխարհի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկն է։

Հաղորդվում է, որ այժմ Մեսսիի հիմնական նպատակը ՊՍԺ-ի և Արգենտինայի հավաքականի կազմում հաջող մրցելույթներ ունենալն է։

Հավելենք, որ ավելի վաղ կային տեղեկություններ, թե արգենտինացի ֆուտբոլիստը չի պատրաստվում երկարաձգել «Պարի Սեն-Ժերմենի» հետ գործող պայմանագիրը, որն ավարտվում է 2023 թ. հունիսի 30-ին ու մտադիր է ազատ գործակալի կարգավիճակով հեռանալ փարիզյան ակումբից։

Հիշեցնենք, որ Լեո Մեսսին «Բարսելոնայի» կազմում հանդես է եկել 2004-2021 թթ.` անցկացրած 778 խաղում դառնալով 672 գոլի և 303 գոլային փոխանցման հեղինակ։

Ինչ վերաբերում է արգենտինացի ֆուտբոլիստի` ՊՍԺ-ում ունեցած մրցելույթներին, ապա վերջինս փարիզյան ակումբի գույները պաշտպանում է 2021 թ. օգոստոսից, որի մարզաշապիկով դաշտ է դուրս եկել 45 անգամ` դառնալով 17 գոլի և 23 գոլային փոխանցման հեղինակ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023