Մարտինեսի բենեֆիսը. Արգեինտինան 11-մետրանոցներով հաղթեց Նիդեռլանդներին` դուրս գալով ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ🎥

Մարտինեսի բենեֆիսը. Արգեինտինան 11-մետրանոցներով հաղթեց Նիդեռլանդներին` դուրս գալով ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ🎥

10/12/2022 - 01:55

ԱԱ-2022-ի 1/4 եզրափակիչի շրջանակում Արգենտինայի հավաքականը Լուսայիլում մրցեց Նիդեռլանդների ընտրանու դեմ։

Առաջին կեսում կողմերը հիմնականում գործում էին զգուշավոր և չէին ցանկանում ռիսկի դիմել։

Արգենտինացիները ժամանակի ընթացքում տիրեցին նախաձեռնությանը և 35-րդ րոպեին բացեցին հաշիվը. Լեո Մեսսիի հիասքանչ փոխանցումից հետո աչքի ընկավ Նահուել Մոլինան։

Կողմերն ընդմիջման գնացին 1:0 հաշվի պայմաններում։

Երկրորդ կեսում էլ պատկերը գրեթե նույնն էր. հավաքականները, մեծ հաշվով, վտանգավոր գրոհներ չէին անցկացնում, սակայն 73-րդ րոպեին Լիոնել Սկալոնիի թիմը վաստակեց 11-մետրանոց։

Գնդակին մոտեցավ Լեո Մեսսին, ով դիպուկ հարվածով կրկնապատկեց «ալբիսելեստեի» առավելությունը։

«Նարնջագույնները», ովքեր հանդիպման ընթացքում ոչ մի իրական գոլային պահ չէին ունեցել, ինչպես ամրոպ անամպ երկնքում, կրճատեցին հաշվի տարբերությունը. 83-րդ րոպեին գլխի դիպուկ հարվածով աչքի ընկավ փոխարինման դուրս եկած Վաութ Վեգորսթը։

Խփած գոլից հետո Լուի վան Գալի թիմը քիչ մնաց նաև հավասարեցներ հաշիվը, սակայն 85-րդ րոպեին Լյուկ դե Յոնգի հուժկու հարվածը մի փոքր շեղ ստացվեց։

Հանդիպման վերջնամասում կրքերը շատ թեժ էին. հոլանդացիները մեծ ուժերով նետվել էին առաջ` փրկելու խաղը։

Թվում էր` «ալբիսելեստեն» կդիմանան այդ ճնշմանը, սակայն 90+11-րդ րոպեին Լուի վան Գալի թիմը կարողացավ փրկել խաղը։

«Նարնջագույնները» նպաստավոր դիրքում տուգանային հարվածի իրավունք վաստակեցին։

Բոլորը կարծում էին, թե Տյոն Կոպմեյներսը կհարվածի այդ դիրքից, սակայն վերջինս անչափ խելացի վարվեց և գնդակը փոխանցեց մրցակցի տուգանային հրապարակում գտնվող Վաութ Վեգհորսթին, ով էլ հերոսացավ և գրավեց Էմիլիանո Մարտինեսի պաշտպանած դարպասը` հաշիվը դարձնելով 2:2։

Ամեն դեպքում, հանդիպման հիմնական ժամանակում կողմերը չպարզեցին հաղթողին, ինչից հետո խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։

Լրացուցիչ առաջին խաղակեսում կողմերը «քնած» էին և ոչինչ չառաջարկեցին միմյանց։

Լրացուցիչ երկրորդ խաղակեսի վերջնամասում Արգենտինան հսկայական ճնշում էր գործադրում Անդրիս Նոպերտի պաշտպանած դարպասի ուղղությամբ։

«Ալբիսելեստեն» ունեցավ 4-5 իրական գոլային պահ, սակայն այդպես էլ չհաջողվեց կորզել հաղթանակ։

Լրացուցիչ ժամանակում գոլեր չարձանագրվեցին, իսկ կողմերը հաղթողին պարզելու համար իրացրին 11-մետրանոց հարվածաշար։

Վիճակախաղում ավելի դիպուկ գտնցեցին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները` հաղթելով 4:3 հաշվով։

Այսպիսով, Արգենտինայի հավաքականը նվաճեց ԱԱ-2022-ի կիսաեզրափակիչ, որի շրջանակում կմրցի Խորվաթիայի ընտրանու դեմ։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023