Թրիլլեր Բուդապեշտում․ հունգարներն ու լեհերը  6 գոլ խփեցին🎥

Թրիլլեր Բուդապեշտում․ հունգարներն ու լեհերը 6 գոլ խփեցին🎥

26/03/2021 - 02:27

Աշխարհի 2022 թվականի առաջնության որակավորման փուլի 1-ին տուրի շրջանակում Հունգարիայի հավաքականը Բուդապեշտի «Պուշկաշ Արենա» մարզադաշտում մրցեց Լեհաստանից ժամանած իրենց գործընկերների դեմ։

Հանդիպումը բավական անսպասելի մեկնարկ ունեցավ, քանի որ արդեն 6-րդ րոպեին տանտերերը Ռոլանդ Շալայի խփած գոլի շնորհիվ առաջ անցան հաշվի մեջ։

Բաց թողած գոլից հետո խաղի առավելությունն անցավ Լեհաստանի հավաքականի ձեռքը։ Ճիշտ է՝ Պաուլու Սոուզայի սաները գնդակին տիրում էին ժամանակի 63%-ը, սակայն հյուրերի խաղում բացարձակ սրություն չկար, իսկ նրանց կատարած երկու հարվածներն էլ շեղ ստացվեցին։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին Հունգարիայի հավաքականի նվազագույն առավելությամբ։

Երկրորդ խաղակեսի մեկնարկը կարծես առաջինի կրկնությունը լիներ, քանի որ 52-րդ րոպեին Վոյցեխ Շյեսնին ստիպված էր ևս մեկ գնդակ հանել սեփական դարպասից, իսկ այս անգամ Հունգարիայի հավաքականի կազմից աչքի ընկավ 33-ամյա հարձավող Ադամ Սալային։

Լեհերը չընկճվեցին, դեռ ավելին, 61-րդ րոպեին լուսատախտակին վառեցին արդեն 2։2 հաշիվը։

Իրադարձությունները շատ արագ զարգացան․ նախ 60-րդ րոպեին Կշիշտոֆ Պյոնտեկը կրճատեց հաշվի տարբերությունը, ապա 61-րդ րոպեին Կամիլ Յուզվակը՝ հավասարեցրեց այն։

Հունգարիայի համար շոկային իրադարձություններից հետո խաղը մի փոքր հանդարտվեց, սակայն, ամեն դեպքում 78-րդ րոպեին տանտերերը կրին հաշվի մեջ առաջ անցան․ գոլի հեղինակ դարձավ գերմանական «Լայպցիգի» կենտրոնական պաշտպան Վիլի Օրբանը։

Նույնիսկ երրորդ գոլը չստիպեց հանձնվել Լեհաստանի հավաքականին, որի ֆուտբոլիստները 83-րդ րոպեին այս խաղում արդեն երկրորդ անգամ հավասարացրին խաղի հաշիվը։ Հանդիպման հյուրերին պարտությունից փրկեց թիմի ավագ Ռոբերտ Լևանդովսկին՝ եզրափակելով Բարտոշ Բերեշինսկու կատարած փոխանցումը։

Այսպիսով, Լեհաստանի հավաքականն անհանական կամք դրսևորեց՝ Հունգարիայից հեռանալով 1 միավորով, իսկ խաղն ավարտվեց գերգոլառատ 3։3 հաշվով։

I խմբի մյուս խաղերում էլ Անգլիայի հավաքականը սեփական հարկի տակ 5։0 հաշվով վստահ հաղթանակ տարավ Սան Մարինոյի ընտրանու նկատմամբ, իսկ Ալբանիան հյուրընկալվելիս 1։0 հաշվով հաղթեց Անդորային։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , , , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023