Հոլանդիան որևէ շանս չտվեց Ավստրիային և առաջին տեղով դուրս եկավ 1/8 եզրափակիչ🎥

Հոլանդիան որևէ շանս չտվեց Ավստրիային և առաջին տեղով դուրս եկավ 1/8 եզրափակիչ🎥

18/06/2021 - 00:51

Եվրո-2020-ի C խմբի շրջանակում Հոլանդիայի հավաքականն Ամստերդամի «Յոհան Կրոյֆ Արենա» մարզադաշտում մրցեց Ավստրիայի հավաքականի դեմ։

Հանդիպումը, ինչպես և սպասվում էր, մեկնարկեց «նարնջագույնների» առավելությամբ։

Հանդիպման 10-րդ րոպեին Դավիդ Ալաբան սեփական տուգանային հրապարակում կանոնների խախտում թույլ տվեց հոլանդացիների աջ պաշտպան Դենզել Դումֆրիսի նկատմամբ, ինչից հետո հանդիպման գլխավոր մրցավար Օրել Գրինֆելդը, դիտելով դրվագի տեսակրկնապատկերը, Ավստրիայի դարպասին նշանակեց 11-մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Մեմֆիս Դեպայը` առաջ մղելով իր թիմին։

Խփած գոլից հետո էլ Ֆրանկ դե Բուրի սաներն ունեին տարածքային և խաղային լուրջ առավելություն և կարող էին նախքան ընդմիջման գնալը մի քանի գնդակ էլ ուղարկել Դանիել Բախմանի դարպասը, սակայն Մեմֆիս Դեպայն ու Ժորժինիո Վեյնալդումը վրիպեցին նպաստավոր դիրքերից։

Ամեն դեպքում, կողմերն ընդմիջման գնացին հոլանդացիների նվազագույն առավելության պայմաններում։

Երկրորդ խաղակեսի մեկնարկն անցնում էր հավսար պայքարում և երկար ժամանակ գոլային խահեր չկային ու այդպես մինչև 61-րդ րոպե, երբ անկյունայինի խաղարկումից հետո Ստեֆան դե Վրեյի կատարած հարվածից հետո փայլեց Բախմանը, իսկ վրա հասած Մաթիաս դե Լիխտի հարվածից հետո, գնդակն անդրադառնալով ավստրիացիների պաշտպաններից մեկին, դուրս եկավ դաշտի դիմային գծից։

Տանտերերը քիչ-քիչ սկսում էին մեծացնել ճնշումը, ինչի արդյունքում 67-րդ րոպեին կրկնապատկեցին իրենց առավելությունը. փոխարինման դուրս եկած Դոնիել Մալենը դատարկ դարպասի դիմաց դուրս բերեց Դենզել Դումֆրիսին, վերջինս էլ չվրիպեց նման դիրքից։

Ինչ վերաբերում է Ավստրիայի հավաքականին, ապա Ֆրանկո Ֆոդայի սաներն այս խաղում իրենց առաջին դիպուկ հարվածը կատարեցին միայն 85-րդ րոպեին, սակայն Կարիմ Օնիսիվոյի` գլխով կատարած հարվածից հետո հոլանդացիներին փրկեց դարպասապահ Մարեն Ստեկելենբուրգը։

Ի վերջո, այս խաղում այլևս գոլեր չտեսանք, և Հոլանդիայի հավաքականը հաղթեց 2:0 հաշվով, C խմբի շրջանակում վաստակեց 6 միավոր և առաջին տեղով նվաճեց 1/8 եզրափակչի ուղեգիր։

C խումբը երկրորդ տուրից հետո ստացավ հետևյալ տեսքը.

  1. Հոլանդիա – 6 միավոր
  2. Ուկրաինա – 3 միավոր
  3. Ավստրիա – 3 միավոր
  4. Հյուսիսային Մակեդոնիա – 0 միավոր

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023