Ֆանտաստիկ Դանիա!!! Հյուլմանի սաները հրաշքով դուրս եկան փլեյ-օֆֆ` ջախջախելով ռուսներին🎥

Ֆանտաստիկ Դանիա!!! Հյուլմանի սաները հրաշքով դուրս եկան փլեյ-օֆֆ` ջախջախելով ռուսներին🎥

22/06/2021 - 00:47

Եվրո-2020-ի խմբային փուլի վերջին` 3-րդ տուրում Դանիայի հավաքականը Կոպենհագենի «Պարկեն» մարզադաշտում մրցաշարի B խմբի շրջանակում մրցեց Ռուսաստանի հավաքականի դեմ։

Հանդիպման առաջին գոլային պահն ստեղծեցին Ռուսաստանի հավաքականի ֆուտբոլիստները. 17-րդ րոպեին Ալեքսանդր Գոլովինը գեղեցիկ անցում ձեռնարկեց, ներխուժեց մրցակցի տուգանային հրապարակ, հարվածեց, սակայն դանիացիներին փրկեց դարպասապահ Կասպեր Շմեյխելը։

Առաջին խաղակեսի մնացած ժամանակահատավածում, ճիշտ է,Դանիան ուներ տարածքային առավելություն, սակայն բանը հաճախ գոլային պահերին չէր հասնում։

Ամեն դեպքում, նախքան ընդմիջման գնալը` 38-րդ րոպեին, Կասպեր Հյուլմանի սաները բացեցին խաղի հաշիվը. հեռահար հարվածով տպավորիչ գոլի հեղինակ դարձավ Միկել Դամսգարդը, իսկ կողմերն ընդմիջման գնացին Դանիայի հավաքականի նվազագույն առավելությամբ։

Երկրորդ կեսն էլ մեկնարկել էր հանգիստ պայքարում, սակայն Ռուսաստանի հավաքականն իր դարպասին ևս մեկ գնդակ բերեց. 59-րդ րոպեին Ռոման Զոբնինն անհասկանալի հետ փոխանցում կատարեց, ինչից հետո Յուսուֆ Պոուլսենը հայտնվեց դատարկ դարպասի դիմաց և հաշիվը դարձրեց 2:0։

Ստանիսլավ Չերչեսովի սաները փորձեցին վերադառնալ խաղ և 69-րդ րոպեին մեկ գնդակ հետ բերեցին. 11-մետրանոցից աչքի ընկավ Արտյոմ Ձյուբան։

Բաց թողած գոլից հետո Դանիայի հավաքականը շատ արագ կրկին միացրեց իր շարժիչները ու երկու գնդակ էլ ուղարկեց Մատվեյ Սաֆոնովի պաշտպանած դարպասը. 79-րդ ու 82-րդ րոպեներին մեկական անգամ աչքի ընկան Անդրեաս Քրիստիենսենն ու Յոաքիմ Մելյեն։

Այս խաղում այլևս գոլեր չտեսանք, իսկ Դանիայի հավաքականը հիասքանչ խաղով 4:1 հաշվով ջախջախեց Ռուսաստանի հավաքականին։

Այսպիսով, Դանիայի հավաքականը B խմբի շրջանակում վաստակեց 3 միավոր և խփած ու բաց թողած գոլերի ավելի լավ հարաբերակցության շնորհիվ զբաղեցրեց 2-րդ հորիզոնականը` նվաճելով մրցաշարի 1/8 եզրափակչի ուղեգիր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023