Կապառոս. «հուսով ենք, որ ամեն ինչ բավականին լավ կստացվի մեզ համար»

Կապառոս. «հուսով ենք, որ ամեն ինչ բավականին լավ կստացվի մեզ համար»

08/06/2022 - 13:12

Ինչպես տեղեկացնում է ՀՖՖ պաշտոնական կայքը, Ազգերի լիգայի B դիվիզիոնի 1-ին խմբի 2-րդ տուրի շրջանակում կայանալիք Շոտլանդիա – Հայաստան հանդիպմանն ընդառաջ` հունիսի 7-ին` Գլազգոյի «Հեմպդեն Պարկ» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում, կայացել է Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և կիսապաշտպան Արտակ Գրիգորյանի մամուլի ասուլիսը։

(հարցեր Արտակ Գրիգորյանին)

Ձեր մտքերն ու սպասելիքները վաղվա խաղի հետ կապված:

– Իհարկե, մեզ վաղը դժվար հանդիպում է սպասվում, որովհետև ծանոթ ենք Շոտլանդիայի խաղին, դիտել ենք վերջին հանդիպումը Ուկրաինայի հետ: Մենք էլ լավ տրամադրությամբ ենք եկել, որովհետև հաղթել ենք Իռլանդիային: Հուսով եմ, որ վաղը շատ լավ հանդիպում կստացվի:

Դուք արդեն նշեցիք Իռլանդիայի դեմ խաղը: Ի՞նչ կարող է Շոտլանդիան ակնկալել Հայաստանի հետ խաղից:

– Վաղը կիմանանք, թե ինչ կարող է ակնկալել, բայց հուսով եմ, որ մենք շատ լավ հանդիպում կանցկացնենք ու բարձր տրամադրությամբ կհեռանանք այստեղից:

Որքանո՞վ է թիմը առաջխաղացում ունեցել նախորդ տարվա համեմատ:

– Մեր թիմը գնալով ավելի է կայունանում, այն ավելի է երիտասարդանում: Հուսով եմ, որ մեր նպատակները, առաջխաղացումը լավը կլինի և կսկսենք ավելի լավ ֆուտբոլ խաղալ ևուրախացնել մեր ազգին:

Դուք արդեն մեկ անգամ հիասթափեցրել եք շոտլանդական թիմի, երբ խաղացել եք «Սենթ Ջոնսթոնի» դեմ, այսինքն, հաղթանակի փորձ ունեք: Արդյո՞ք ենթադրում եք, որ վաղը կարող է նույն պատկերը լինել:

– Որպես ֆուտբոլիստ` ես եկել եմ այստեղ, որ առնվազն չպարտվեմ: Ինչ վերաբերում է ակումբային խաղին, ապա 3 անգամ եղել եմ Շոտլանդիայում՝ առաջին անգամ խաղալով «Սենթ Ջոնսթոնի» դեմ, երկրորդ անգամ՝ «Սելթիկի», երրորդ անգամ՝ Գլազգո «Ռեյնջերսի» դեմ: 3 խաղերին էլ մասնակցել եմ: Շատ ուրախ կլինեմ, որ վաղվա խաղից հետո ևս բարձր տրամադրությամբ մեկնենք այստեղից:

(հարցեր Խոակին Կապառոսին)

Ինչպիսի՞ խաղ եք ակնկալում՝ հաշվի առնելով Իռլանդիայի հավաքականի նկատմամբ տարած հաղթանակը և խմբում այս պահին առաջատարի դիրքը զբաղեցնելու հանգամանքը:

– Մրցաշարային աղյուսակին այս պահին պետք չէ ուշադրություն դարձնել: Իռլանդիայի հետ հանդիպումն արդեն անցյալում է: Մենք գիտակցում ենք, որ հանդիպելու ենք շատ ուժեղ հավաքականի հետ, որի ֆուտբոլիստները շատ մրցունակ են և հանդես են գալիս բարձրակարգ առաջնություններում, այդ իսկ պատճառով էլ մենք պետք է բավականաչափ լավ հանդես գանք: Ամեն դեպքում մենք վստահում ենք մեր տղաներին և, բնականաբար, հուսով ենք, որ ամեն ինչ բավականին լավ կստացվի մեզ համար:

Արդյո՞ք արդեն հասցրել եք վերլուծել Շոտլանդիայի խաղը և արդյո՞ք կան վտանգավոր ֆուտբոլիստներ Շոտլանդիայի հավաքականում, որոնց պետք է առանձնահատուկ ուշադրություն դարձնել:

– Բոլորս էլ գիտակցում ենք այդ թիմի մակարդակը և բնականաբար գիտենք բոլոր ֆուտբոլիստներին: Ես կնշեի այս դեպքում ընդհանուր թիմի մրցունակությունը և թիմային խաղը:

Շոտլանդիայի հավաքականը մեծ հիասթափություն ապրեց ՝ դուրս մնալով աշխարհի առաջնության փլեյ-օֆֆ փուլից։ Արդյո՞ք ակնկալում եք շատ ավելի ուժեղ թիմ, որը նորովի մոտիվացված կլինի Հայաստանի հավաքականի դեմ խաղալու համար:

– Միանշանակ վստահ եմ, որ այո: Մեր դեպքին նման է այս դեպքը, քանի որ մենք էլ ծանր հարված ստացանք Նորվեգիայի հավաքականից: Տղաները շատ էին սպասում Իռլանդիայի հետ հանդիպմանը՝ մեր երկրին և մեր երկրպագուներին ուրախություն պարգևելու համար:

Արդյո՞ք շոտլանդացիների համար սխալ է Հայաստանի հավաքականի մասին դատել Նորվեգիայում կայացած հանդիպման արդյունքով՝ հաշվի առնելով հատկապես վերջին խաղը Իռլանդիայի հետ:

– Սա այն հարցն է, որ ավելի շատ վերաբերում է Շոտլանդիայի հավաքականի մարզչին և ֆուտբոլիստներին:

Արդյո՞ք Դուք հավատում եք, որ այնպիսի ֆուտբոլիստը, ինչպիսին Էդուարդ Սպերցյանն է, Հայաստանի հավաքականի ապագան է՝ հաշվի առնելով, որ հավաքականի կազմում շատ են երեսուննանց ֆուտբոլիստները:

– Անկասկած` այո: Բայց ոչ միայն Սպերցյանը, այլև Արթուր Սերոբյանը, Վահան Բիչախչյանը, Ստյոպա Մկրտչյանը, որոնք ևս երիտասարդ են և կարող են համարվել հայկական ֆուտբոլի ապագան:

Արդյո՞ք սա առաջին անգամ է, որ խաղում եք «Հեմփդեն Պարկում» և ի՞նչ փորձ եք ունեցել շոտլանդական թիմերի դեմ խաղալու:

– Այո, նման փորձ ունեցել եմ և շատ հաճելի փորձ: Դա Հենրիկ Լարսոնի հրաժեշտի հանդիպումն էր: Ես այն ժամանակ «Սևիլիայի» գլխավոր մարզիչն էի և շատ տպավորված էի միջավայրով, որը կար այստեղ, այս ստադիոնում: Ֆուտբոլի սիրահարների համար դա իրոք հիանալի ներկայացում էր։

Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am

# , , , , , ,

Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Interfootball.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Interfootball.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետի հետ: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում:

© Interfootball.am 2023