Լուկաս Սելարայանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է հանդիպման ժամանակ 🎥
«Խիմնասիա Խուխույի» դեմ Արգենտինայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչի հանդիպման ժամանակ «Բելգրանոյի» ավագ Լուկաս Սելարայանի ինքնազգոցողությունը կտրուկ վատացել է։
Հայաստանի ազգային հավաքականի նախկին կիսապաշտպանը փոխարինման էր դուրս եկել 66-րդ րոպեին, սակայն որոշ ժամանակ անց կորցրել է կենտրոնացումը` նստելով խոտածածկին։
Դաշտում անմիջապես հայտնվել են շտապօգնության բժիշկները, որոնք առաջին օգնություն են ցույց տվել 33-ամյա ֆուտբոլիստին։
Բարեբախտաբար, Սելարայանի վիճակը կարճ ժամանակ անց կայունացել է։ Նա ինքնուրույն քայլելով կարողացել է գնալ ստադիոնի հանդերձարան` փոխարինվելով 78-րդ րոպեին։
Հանդիպումից հետո կիսապաշտպանը մեկնաբանել է կատարվածը.
«Տեղի ունեցածի մասին խոսեցի ինձ օգնություն ցույց տված բժիշկների հետ, որոնք նշեցին, որ դա հիպոգլիկեմիա էր։ Արյանս գլուկոզայի մակարդակը շատ ցածր է եղել։ Ես շատ գլյուկոզա չեմ օգտագործում, ուստի շաքարս նվազել էր։
Իրավիճակը շատ է տխրեցնում, քանի որ ընդհանրապես ինձ դուր չեկավ` ինչ տեղի ունեցավ։
Նման դեպք նաև նախուդ տարի էր եղել։ Տանը նորից ինքնազգացողությունս կտրուկ վատացել էր։ Ստիպված էի բժշկի դիմել»,- ասել է Սելարայանը, որի խոսքը մեջբերում է TyC Sports-ը։
«Բելգրանոն» «Խիմնասիա Խուխույի» դեմ խաղում պարտությունից խուսափել է 90+3-րդ րոպեին, այնուհետև մրցակցին հաղթել է 11-մետրանոցներով։ Հիմնական ժամանակում գրանցվել է 2:2 հաշիվը։
Կորդոբան ներկայացնող ակումբը 1/8 եզրափակիչում կմրցի «Ռասինգ» – «Դեֆենսիա և Խուստիսիա» դիմակայության հաղթողի դեմ։
Հիշեցնենք, որ օրեր առաջ «Բելգրանոն» պատմության մեջ առաջին անգամ դարձել է Արգենտինայի չեմպիոն` հաղթելով երկրի առաջնության ամառային մրցաշարը` Ապերտուռան։
Հ․Գ․ միացե՛ք Interfootball-ի Telegram-ի ալիքին https://t.me/Interfootball_am
Հ.Գ.Գ. միացե՛ք Interfootball-ի Instagram-ի էջին https://shorturl.at/6vBml
# Արգենտինայի գավաթ, Բելգրանո, Լուկաս Սելարայան, Խիմնասիա Խուխույ, Հայաստանի-հավաքական